Ռուսաստանը մայիսի 8-ին կորոշի՝ ի՞նչ անել Հայաստանի հետ. Սերգեյ Մելքոնյան
Ադրբեջանին Հայաստանի հետ որևէ տեսակի խաղաղության պայմանագիր պետք չէ. Ադրբեջանի ղեկավարն իր ձեռքում ունի ցուցակ, որտեղ հստակ գրված են այն պահանջները, որոնք պետք է բավարարի Հայաստանի իշխանությունը. Օրինակ՝ ցուցակում գրված է Արևմտյան Ադրբեջանի մասին, որը Հայաստանի ներկայիս Հանրապետությունն է, հետևաբար՝ ադրբեջանական կողմից չկա և չի լինելու Հայաստանի հետ իրական խաղաղության հասնելու ցանկություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով.
«Ալիևը չի՛ կանգնելու. ստանալու է ամեն ինչ։ Հայաստանի իշխանությունը երբ հայտարարում է, թե ադրբեջանական կողմից պարտադրանք չկա, մեզ նման հայտարարություններով զրկում է հետագայում այդ տարածքները պահանջելու իրավունքից, որովհետև դժվար է լինելու միջազգային հանրությանը բացատրել, որ Ադրբեջանն ամեն ինչի հասել է ուժի պարտադրանքով և տարածքներ է ստացել քաղաքական որոշմամբ, ոչ թե սահմանագծման և սահմանազատման արդյունքում»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը հետևանք է այն իրողության, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը խոստացել է հանձնել տարածքներ, գնալ միակողմանի զիջումների, իսկ եթե այլ իշխանություն լինի, այն կաշկանդված չի լինի տարածքներ հանձնելու խոստումներով և բանակցային սեղանին կդնի բոլորովին նոր օրակարգ, որը չի լինի ոչ հանձնվողականության, և ոչ էլ հակառուսականության ծիրում։
«Տեսեք, թե ինչպես են Հայաստանում տևական ժամանակ ձևավորում հասարակական կարծիք, թե Ռուսաստանը Հայաստանի թշնամին է. բանը հասել է նրան, որ Տավուշում այսօր պայքարողներին հռչակում են գործակալներ»,- ասաց Մելքոնյանը։
Իսկ արդյո՞ք հակառուսական ալիք գեներացնող Հայաստանի իշխանության ղեկավարը կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ նիստին, մայիսի 9-ի շքերթին, մեր հարցին ի պատասխան՝ Մելքոնյանն արձագանքեց.
«Մայիսի 8-ին կայանալիք այդ նիստին պարզ կդառնա՝ Պուտինն ու Փաշինյանը դեմառդեմ կհանդիպե՞ն, թե՞ ոչ։ Այդ օրը Փաշինյանը պետք է ասի՝ այո կամ ոչ, ինչից հետո Ռուսաստանն արդեն կհասկանա, թե իր շահերն այս տարաշածաշրջանում ինչ տարբերակով է առաջ տանելու։ Մայիսի 8-ին, եթե կայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը, այդ հանդիպումից պարզ կդառնա, թե ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը Հայաստանի հետ»,- ասաց Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։