Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել, որ տանից կրակոց է տեսել
Համացանցում տեղադրված տեսանյութը, որը ցույց է տալիս՝ ինչ է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին, մի շարք հարցերի պատասխաններ է տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը. ընդ որում, փաստաբանի խոսքով, այդ երկու կրակոցներն ուղղված են եղել դեպքի օրը մահացած Ավետիք Բուդաղյանին: Հայկ Ալումյանի խոսքով՝ կրակոցներն ուղղված են եղել Ավ. Բուդաղյանի ուղղությամբ այն դեպքում, երբ վերջինս մինչև կրակոցները որևէ ագրեսիա չի դրսևորել: Նա, փաստաբանի խոսքով, մինչև կրակոցը հաշտեցնողի դերում է եղել. փորձել է հաշտեցնել իր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին և Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցներին:
Հայկ Ալումյանն ասաց, որ դեպքի ամբողջական տեսագրությունը իրենց հիմքեր է տալիս ենթադրելու, որ շենքից կրակոց է եղել: Նախ փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տնից կրակոց է տեսել. թե ով է արձակել այդ կրակոցը, Արտակ Բուդաղյանը վնասվածքների պատճառով չի կարողացել տեսնել, միայն լսել է կրակոցի ձայնը և տեսել փայլը: Բացի այդ, դեպքի վայրում արձակված վերջին կրակոցի ձայնը տարբերվում է արձակված մյուս կրակոցների ձայներից: Փաստաբանի տեղեկացմամբ՝ փորձագետը հաստատապես պատասխան չի տվել՝ ինչու են կրակոցների ձայները տարբերվել միմյանցից: Նա հնարավոր է համարել, որ ձայների տարբերությունը կարող է կապված լինել նրանով, որ երկու կրակոցների ձայները միախառնվել են: