Բաժիններ՝

Ժանսեմ. Գծանկարի վարպետը

Օգոստոսի 27-ին 93 տարեկան հասակում մահացավ ծագումով հայ աշխարհահռչակ նկարիչ Ժան Ժանսեմը, ում ֆրանսիական տեսաբանությունը բնութագրել է իբրև միզեբրալիստ (թշվառների նկարիչ) և գծանկարչության վարպետ:

Ժանսեմն իր կյանքի ընթացքում երկու անգամ է Հայաստան այցելել և վերջին` 2001թ. այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարանին նվիրել է իր «Եղեռն»` շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը:

Արվեստաբան Շահեն Խաչատրյանը ոչ միայն նկարիչ Ժան Ժանսեմի ընկերն է, այլ նաև՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա է եղել Ժ. Ժանսեմի 90-ամյակի հոբելյանական միջոցառմանը: Շ. Խաչատրյանը 20 օր առաջ Ֆրանսիա այցելության ժամանակ այցելել է Ժանսեմի տուն, ով իր վերջին ստեղծագործություններից՝ Հայաստանի եկեղեցիներից մեկը պատկերող նկարը նվիրել է Շ. Խաչատրյանին: Ժանսեմն ապրում էր Ֆրանսիայի Սեն Տանիե արվարձանում: Նա ունի երկու դուստր, մեկ զավակ և վերջին երեք տարիների ընթացքում ապրում էր իր նկարչության երկրպագու` Քրիստին անունով մի կնոջ հետ: «Ժանսեմի և Քրիստինի կապը 30 տարվա պատմություն ունի, նրանց մեջ ինչ-որ փիլիսոփայական, հոգեկան կապ կար: Քրիստինը բավական հոգատար էր և նրա խնամակալությունը մեծ սիրով էր ստանձնել: Ժանսեմը Սեն Տանիեի իր տունը ժառանգել էր Քրիստինին, և նրանք միասին էին ապրում: Պետք է նշեմ, որ Ժանսեմը շատ էր հարգում Քրիստինին»,- ասում է Շ. Խաչատրյանը՝ ավելացնելով, որ երեք անգամ եղել է Ժանսեմի տանը և նկատել է Քրիստինի չափազանց հոգատար վերաբերմունքը նրա հանդեպ:

Jansem (6)

Կարդացեք նաև

Jansem (4)

Jansem (8)

Նա ընդգծում է, որ Ժանսեմը մշտապես հոգեկան խոր ապրումներ փնտրող այն նկարիչներից է, որն իբրև մարդ էլ ուներ արժեքային բարձր համակարգ: «Իր ստեղծագործական մտածելակերպով հոգեպես կապված էր իր մանկության հետ և առավել ևս՝ իր մոր մանկության հետ: Նրա կյանքը սկսվում է 1915թ. ահավոր ողբերգությունից, երբ մայրը Թուրքիայում գտնվել է ծանր վիճակում, ստիպված են եղել փախչել Հունաստան: Նրա մայրը հետագայում ամուսնացել է մի հայ մարդու հետ, և 1920թ. ծնվել է ինքը՝ Ժանսեմը: 15 տարեկան հասակում Ժանսեմի ոտքը կոտրվում է և դա առիթ է լինում, որպեսզի նրանք տեղափոխվեն Ֆրանսիա բուժման:

Անշուշտ, ֆրանսիացի մի շատ հմուտ բժշկի գործողության արդյունքում նրա ոտքը փրկվեց, բայց Ժանսեմի մեկ ոտքն այդպես էլ բավականին կարճ էր մյուսից»,- պատմում է արվեստաբան Շ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ 1940-ից մեծ ճանաչում ձեռք բերած նկարչի բոլոր ստեղծագործություններում նկատվում էր Եղեռնից փրկվածի հոգեբանությունը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին Ժանսեմը շատ էր ցանկանում այցելել Հայաստան, բայց ելնելով առողջական խնդիրներից՝ այդպես էլ չկարողացավ: Եղեռնի թեմայով մոտ 40 ստեղծագործությունների ցուցահանդեսը Փարիզում ներկայացնելուց հետո դրանք նվիրել է Հայաստանին, որոնք ինչպես նշեցինք՝ գտնվում են Ցեղասպանության թանգարանում:

Ի դեպ, նշենք, որ Ժ. Ժանսեմի որդին՝ Ժանի Ժանսեմը, մոտ երկու ամիս առաջ գտնվում էր Հայաստանում և այդ ընթացքում այցելել էր Ցեղասպանության թանգարան: Նա ընկերոջը՝ կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանին, խնդրել էր հոր նվիրատվությունների պատշաճ ցուցադրման համար ստեղծագործությունների լուսավորության հարցում որոշակի աշխատանքներ կատարել, քանի որ լուսավորության թերությունները խոչընդոտում են այդ գանձերի ճիշտ մատուցմանը:

Jansem1 (2)

Jansem1 (3)

Jansem (2)

Ժ. Ժանսեմը վերջին տարիներին չէր կարողանում նկարել՝ տեսողության կորստի պատճառով: Ինչպես մեր թերթին տված հարցազրույցում նշել էր նրա որդին՝ Ժանի Ժանսեմը, նա տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ, և ձեռքերի դողը թույլ չէր տալիս վրձին վերցնել:

Շ. Խաչատրյանն ասում է, որ Ժանսեմը սիրում էր շախմատ խաղալ և երաժշտական գործիքներից հատկապես ջութակի մեղեդին: «Ժանսեմը չափազանց բարի մարդ էր և սիրում էր նաև իր գործերից շատ նվիրել»,- ասում է Շ. Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ նա այն բացառիկ նկարիչներից էր, ում կենդանության օրոք Ճապոնիայում բացվել է Ժանսեմի անվան երկու թանգարան: Ասում են՝ Հայաստան այցելության ժամանակ նա շատ տպավորվել է Սևանա լճով և հետագայում երկու ստեղծագործությամբ պատկերել է այդ տեսարանը: Շ. Խաչատրյանը հավատացնում է, որ Ժանսեմը մշտապես ապրում էր Հայաստան այցելության հիշողություններով: 2010 թ. ՀՀ նախագահը Ֆրանսիա այցելության ժամանակ հանդիպել է Ժանսեմին՝ նրան հանձնելով Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան. «Նա իր տպագրական բավականին աշխատանքներ նվիրեց նախագահին և նախագահն էլ՝ Ազգային պատկերասրահին»: Ի դեպ, Ժանսեմն ինքը վստահեցրել է, որ մոտ 6000 ստեղծագործություն է նկարել:
Բավական երկար տարիներ Ֆրանսիայում հայտնի, «Քրիսթիս» աճուրդային կենտրոնի հարևանությամբ գտնվող Ժանսեմի անվան ցուցասրահը տնօրինում են նրա դուստրերն ու որդին: Ժանսեմի դուստրերից մեկը նկարչուհի է՝ գրքերի իլյուստրացիաներ է անում: «Նրա զավակներն են տնօրինում նրա ստեղծագործական ժառանգությունը: «Անկեղծ ասած՝ 20 օր առաջ Ժանսեմին տեսնելուց հետո, օրեր առաջ երբ իմացա մահվան լուրը, շատ անակնկալի եկա: Նա, ինչպես միշտ, սայլակին նստած էր, բայց երկար զրուցել ենք, այնպես չէր, որ վատ ինքնազգացողություն ուներ: Մեր զրույցից հետո նա ներողություն խնդրեց ու պառկեց, և ես երկար զրուցում էի կնոջ՝ Քրիսթինի հետ»,- ցավով նշում է Շ. Խաչատրյանը:

Jansem (7)

«Նա այնքան համեստ մարդ էր, որ նեղվում էր գովեստի խոսքերից»
Արվեստաբան Վարդան Վարդանյանը վստահեցնում է, որ հայ հասարակությունը Ժանսեմին սկսել է ճանաչել իր «Պապի թաղումը» ստեղծագործությունից, որը նա ստեղծել է 31 տարեկանում՝ 1951-ին, նվիրել է Հայաստանին, և առայսօր ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում: «Շատ ազդեցիկ, հսկա յուղաներկ կտավ է, նկարիչները գալիս, ժամերով նայում էին այդ գործը: Հետագայում, բնականաբար ծանոթացանք նաև նրա լիտոգրաֆիական աշխատանքներին:

Շատ մեծ նկարիչ էր Ժանսեմը, և միշտ հիշում եմ Արշիլ Գորկու խոսքերը, ով ասում էր՝ եթե մի նկարչի նկարչության մեջ գծանկար չկա, ուրեմն՝ դա նկարչություն չէ: Ժանսեմը գծանկարի մեծ, բացառիկ վարպետ էր: Ես առիթ ունեցել եմ Ժանսեմի հետ միևնույն սեղանի շուրջ նստելու. Պետք է նշեմ, որ չափազանց համեստ մարդ էր և նույնիսկ անհարմարավետություն էր զգում, նեղվում էր, որ իր հասցեին գովեստի խոսքեր են ասում»,- հիշում է Վ. Վարդանյանը, որը Ժ. Ժանսեմի 2001թ. Հայաստան այցելության ժամանակ զրույցներ է ունեցել նրա հետ: Ժանսեմը հայ նկարչության մասին արտահայտվելիս ընդգծել է, որ մենք ունենք շատ լավ նկարիչներ, բայց նրանք չեն ցուցադրվում աշխարհում: «Բոլոր հարցերում զգացվում էր, որ նա մեծություն է: Այդ տեսակ մարդիկ միշտ տարբերվում են բոլորից: Նույն զգացումն ունենում ես Սարոյանի, Գառզուի հետ հանդիպելիս»:

«Ժանսեմի ցուցահանդեսը կկազմակերպենք ամենաբարձր մակարդակով»

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` Ժ. Ժանսեմի որդու՝ Ժանի Ժանսեմի հետ հարցազրույցում նշել էինք, որ վերջինս ընկերոջ՝ կոլեկցիոներ, Ժանսեմի նկարչության սիրահար Սարգիս Գրիգորյանի հետ պատրաստվում է Հայաստանում Ժանսեմի մասշտաբային ցուցահանդեսը կազմակերպել՝ խոստանալով Հայաստան տեղափոխել նրա լավագույն գործերը:

Երեկ մենք փորձեցինք կապվել կոլեկցիոներ Ս. Գրիգորյանի հետ՝ ճշտելու համար, թե արդյո՞ք որոշակի աշխատանքներ կատարվել են այդ ուղղությամբ: «Նախ ցավակցում եմ նման համաշխարհային մեծության՝ Ժանսեմի մահվան կապակցությամբ: Այդ լուրն ինձ շատ մեծ ցավ պատճառեց և ավելի պարտավորեցրեց, որպեսզի անհնարը հնարավոր դարձնելով` ցուցահանդեսը ներկայացնենք ամենաբարձր մակարդակով: Մեկ ամիս առաջ կրկին հանդիպել եմ Ժանիի հետ և կազմակերպչական նախնական հարցեր ենք քննարկել: Ժանին երեք ամիս ժամանակ խնդրեց նախապատրաստվելու համար: Գաֆեսճյան արվեստի կենտրոնն առաջարկել է Ժանսեմի ցուցահանդեսն իրենց մոտ ներկայացնել: Հնարավոր է` կկազմակերպենք Գաֆեսճյան կենտրոնում կամ «Hi-artonline» նախագծի նոր սրահում, կամ էլ՝ Ազգային պատկերասրահում:

Մեր հասարակությունն անպայման հնարավորություն կունենա տեսնելու Ժանսեմի գանձերը: Նկարիչների համաշխարհային համաստեղության մեջ հայ նկարիչ Ժանսեմն իր ուրույն տեղն ունի, մենք պետք է հպարտանանք, որ հայ նման նկարիչ կա»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ Ժանսեմի մահվան լուրն իրեն ավելի է պարտավորեցնում՝ ցուցահանդեսը պատշաճ ներկայացնելու համար: Ի դեպ, հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բարձր արվեստ» կենտրոնը Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպած ցուցահանդեսում ներկայացրեց Ժանսեմի 1962թ. «Նատյուրմորտ» կոչվող աշխատանքը, որն աշխարհում համարվում է նրա յուղաներկ բացառիկ ստեղծագործություններից մեկը:

Հ.Գ. Այս օրերին «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմում Ժ. Ժանսեմի արվեստի սիրահարները` ցավակցական հաղորդագրություններ տպագրելու համար: Ներկայացնում ենք արվեստի կենտրոններից ստացված հաղորդագրություններից մեկը. «Hi-artonline» նախագիծը, «Աբրահամ Աննա աուկցիոն» ՍՊԸ-ն և «Բարձր արվեստ» կենտրոնը խորապես ցավում են մեծանուն ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմի կորստի համար: Հայ արվեստի գանձարանի մի մասը լինելուց բացի, Ժանսեմը նաև համաշխարհային մեծություն էր: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա մահվան կապակցությամբ»:

Հ.Գ. 1. Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, Փարիզի Սբ Հովհաննես Հայ առաքելական եկեղեցում:

Լուսանկարները՝ «168 Ժամի», 2008թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս