90 րոպե պայքար մինչև պատմական հաջողություն. ԱԶ Ալկմար-Նոա
«Նոա»-ի մեծ փորձությունը Ալկմարում․ կպահպանի՞ հայկական ակումբը առավելությունը
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում այսօր հոլանդական ԱԶ Ալկմար-ը սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի չեմպիոն Նոա-ին։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։ Առաջին խաղում հայկական թիմը նվազագույն հաշվով հաղթել է (1:0), սակայն պատասխան հանդիպումը խոստանում է չափազանց բարդ լինել։
Մրցավարական անձնակազմը
Խաղը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչն ու Սրջան Յովանովիչը, չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։ VAR համակարգի պատասխանատուները՝ Իվան Բաբեկն ու խորվաթ Մարիո Զեբեցը։
Թիմերի ընթացիկ վիճակը
«ԱԶ Ալկմարը» Նիդեռլանդների առաջնությունում անցկացրել է 24 խաղ, վաստակել 39 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ չորս միավոր հետ մնալով չորրորդ «Այաքսից»։ Վերջին տուրում ալկմարցիները 3:1 հաշվով հաղթել են «Սպարտային», իսկ դրանից առաջ՝ 2:1 «Էքսելսիորին»։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում թիմը զբաղեցրել է 14-րդ տեղը և նվաճել անցումային փուլի ուղեգիր, սակայն Երևանում կայացած առաջին խաղում պարտվել է «Նոա»-ին (0:1)։
Հայաստանի առաջնությունում «Նոա»-ն պայքարում է լավագույն եռյակում հայտնվելու համար։ Թիմը հինգերորդ տեղում է՝ 23 միավորով, վեց միավորով զիջելով երրորդ «Փյունիկին», իսկ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է մնում 11 միավորով։ Վերջին տուրում թիմը պարտվել է ԲԿՄԱ-ին (2:3)։ Միևնույն ժամանակ Կոնֆերենցիաների լիգայում հայկական ակումբը բավական լավ տեսք ունի՝ այս մրցաշարում պարտվելով ընդամենը երկու անգամ և շարունակելով պայքարը 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
Ալկմարցիների շեշտադրումը՝ կենտրոնացվածություն
Հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում «ԱԶ Ալկմարի» պաշտպան Ալեշանդրե Պենետրան ընդգծել է, որ առաջին խաղում թիմին չի բավարարել կենտրոնացվածությունը։
«Կարծում եմ՝ մեզ չէր հերիքում վերջին փոխանցումը։ Բացի այդ, հակագրոհների ժամանակ մի քանի վտանգավոր պահեր բաց թողեցինք, հատկապես՝ եզրային նետումներից հետո։ Դա նշանակում է, որ կենտրոնացվածությունը հարյուր տոկոս չէր՝ գուցե ութսուն տոկոս էր»,– նշել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ բարձր մակարդակի մրցաշարերում առանց լիարժեք կենտրոնացվածության հաղթելը գրեթե անհնար է, և հենց այդ գործոնը կարող է վճռորոշ լինել պատասխան խաղում։
«Նոա»-ի տրամադրվածությունը
Հայկական թիմի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարը նշել է, որ լավ մարզավիճակում է և լիովին պատրաստ հանդիպմանը․ «Երկու ամիս է՝ մարզվում եմ ընդհանուր խմբի հետ, ինքնազգացողությունս լավ է, թիմում մթնոլորտը գերազանց է։ Այս փուլում խաղալը մեծ մոտիվացիա է ինձ համար»։
Թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն էլ ընդգծել է, որ իր սաներին սպասվում է շատ բարդ դիմակայություն, սակայն նրանք հավատում են իրենց ուժերին․ «Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք խաղալու են սեփական երկրպագուների առջև, ու սա ավելի բարդ հանդիպում կլինի, քան առաջինը։ Բայց մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկներ․ ցանկանում ենք պայքարել և շարունակել հաջողությունը»։
Վճռորոշ 90 րոպե
Նոա-ն Ալկմար է մեկնում մեկ գոլի առավելությամբ, սակայն այն պահպանելը հոլանդական թիմի դաշտում չափազանց դժվար առաջադրանք է լինելու։ ԱԶ Ալկմարը տանը խաղում է ավելի ագրեսիվ և արդյունավետ, իսկ Նոա-ի համար կարևոր է պահպանել առաջին խաղի կազմակերպվածությունը և դիմանալ մրցակցի ճնշմանը։
Այսօր կպարզվի՝ արդյոք հայկական ակումբը կկարողանա պատմական հաջողություն գրանցել և շարունակել պայքարը Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչում, թե ալկմարցիները կօգտվեն սեփական դաշտի առավելությունից ու կշրջեն դիմակայության ընթացքը։



