Բաժիններ՝

«Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը պարզաբանում է. Անհայտ անձինք քանդել են ջրի հոսքի հատվածը և ասֆալտապատ ծածկույթը

168.am-ի օգոստոսի 16-ի համարում տպագրվել է «Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի փոսն ու չինովնիկների «ջայլամի քաղաքականությունը»» հոդվածը, ուր ներկայացվել է  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ողբերգական ելքով տեղի ունեցած ավտովթարի մանրամասները: Վիշտ և ցավ ապրելով ավտովթարին զոհ գնացած 20-ամյա աղջնակի համար և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին, միաժամանակ ներկայացնում ենք նաև մեր պարզաբանումները դեպքի պատճառների վերաբերյալ՝ հասարակությանը լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու նպատակով, քանի որ հոդվածում անուղղակի մեղադրանք կար նաև ճանապարհաշինարարների հասցեին:

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի 33.8 կմ հատվածում 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի  կողմից իրականցվել են շուրջ 3000 քառ. մետր ճանապարհային ծածկի փոսային նորոգման աշխատանքներ, այդ թվում նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են պարբերաբար և ամեն տարի, համարյա նույն ծավալով: Իսկ կապիտալ նորոգումներ վերջին անգամ այդ ճանապարհահատվածում իրականացվել են դեռևս 1999 թվականին:

Vanadzor-pos (4)

Երբ հունիս ամսին մեր ճանապարհաշինարարներն ավարտեցին փոսային նորոգումները ողջ հատվածով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կիլոմետրում ընդհանրապես փոսեր չեն եղել: Հունիսի վերջին նկատվել է ջրի հոսք տվյալ հատվածում, ինչը կարող էր լինել ջրի խողովակի վթարի հետևանք: Հունիսի 29-ին, նկատելով ջրի հոսքը, որը վնասում էր ճանապարհի ծածկույթը, սկսել ենք հետաքրքվել, թե ինչ ջրագիծ է անցնում այդ հատվածում: Մեր հարցմանն ի պատասխան՝ Լոռի Ջրմուղկոյուղուց, Լոռու մարզապետարանից և ճանապարհային ոստիկանությունից պատասխանել են, որ տեղյակ չեն, թե ինչ խողովակաշար է և ում է պատկանում: Մեզ համար մինչ օրս անհայտ անձինք, առանց համապատասխան թույլտվության, քանդել են ջրի հոսքի հատվածը և ասֆալտապատ ծածկույթը  (ենթադրում ենք օգոստոսի 1-ին կամ 2-ին՝ խողովակաշարի սեփականատերը), վերացրել ջրի հոսքը և հետլիցք կատարել նույն ջրհագեցած գրունտով, ինչն անթույլատրելի է նման պարագայում: Դրա հետևանքով, կարճ ժամանակ հետո  առաջացել է մեծ փոս՝ 5մ երկարությամբ և 2 մ լայնությամբ: Հայտնաբերելով  կատարվածը և ելնելով իրավիճակից, մեր կողմից պարբերաբար կոպիճ է ավելացվել առաջացած փոսի վրա, քանի որ ջրհագեցած հետլիցք գրունտը շարունակում էր «նստել»:

Կարդացեք նաև

Իհարկե, վթարի իրական պատճառը վեր կհանեն համապատասխան մարմինների կողմից իրականացվող փարձաքննության արդյունքները, սակայն պնդել, որ ճանապարհաշինարարները վարել են «ջայլամի քաղաքականություն», կարծում ենք՝ արդարացի չէ: Ճանապարհաշինարարները երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, սակայն այս պարագայում դեպքին նախորդող իրականությունն այլ է, որի մասին էլ տեղեկացնում ենք հանրությանը: Մեր տեղեկություններով, վթարի պատճառ հանդիսացել է անթույլատրելի տեղում մեծ արագությամբ իրականացված վազանցը՝ առջևում գնացող մարդատար մեքենայի հետ  բախումից խուսափելու նպատակով:

«Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն
Արայիկ Վարդանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս