Զոլաքարում մոտ 2000 տոննա կաղամբ ու կարտոֆիլ է փչանում. Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը դեռ քննարկումների մեջ է
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչները փակել էին Մարտունի-Երևան ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց մշակած կաղամբի և կարտոֆիլի իրացման խնդիրները։
Բողոքող գյուղացիները ճանապարհը փակել են կես ժամով, որից հետո հանդիպել են համայնքապետի հետ և պայմանավորվել են, որ Գեղարքունիքի մարզպետը խնդիրը կներկայացնի նախարարություններին և մարտի 11-ին հստակ պատասխան կտա բնակիչներին։
168.am-ի հետ զրույցում Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանն ասաց, որ կարտոֆիլ ու կաղամբ չի իրացվում Հայաստանի շուկայում։
«Պատճառաբանվում է, թե շուկայում պարսկական կաղամբ կա, հայկականը չեն կարող իրացնել։ Հիմա պարսկական կաղամբի հարցը պիտի լուծեն, որ մեր մոտի կաղամբի իրացման հարցը լուծվի։
Մեր մոտ կարտոֆիլով ու կաղամբով են ապրում մարդիկ, գուցե այս խնդիրները հաշվի առնելով՝ մի քանի հեկտար պակաս մշակեն, բայց կմշակեն։
Գյուղում մոտավորապես չիրացված 2 հազար տոննա կարտոֆիլ ու կաղամբ կա»,- նշեց Զոլաքարի վարչական ղեկավարը։
Ըստ մեր զրուցակցի, գյուղացիները գրեթե ամեն տարի բախվում են իրացման հետ կապված խնդիրների։
«Պետության կողմից գնում չի իրականացվել, մասնավորներն են գնել՝ ՌԴ էր արտահանվում որոշ քանակով, երբեմն Վրաստանից էին գալիս-տանում, հիմա չեն գալիս։ Դե, հասկանալի է, որ Հայաստանում էլ այդքան կարտոֆիլ ու կաղամբ չի իրացվում։ Եթե մատակարար լիներ, բնակիչներն այս խնդրին չէին բախվելու, մեր շուկայում այդքան պահանջարկ չկա։
Իհարկե, ժամանակը բնակիչների օգտին չի աշխատում, օրինակ, կաղամբը փչացող ապրանք է, եղանակը տաքացել է, որոշ քանակով չփչանա, այդ վտանգը կա։
Սպասենք մարտի 11-ին, տեսնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունից ինչ կասեն, նրանք մատակարարների հետ պիտի խոսեն, որ կարողանանք մթերումներ կատարել»,- եզրափակեց Հրայր Մարգարյանը։
Այսօր Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Զոլաքարի բնակիչների բարձրաձայնած խնդրին, ասաց՝ խորհրդակցություն են անցկացրել, վերջնական դեռ քննարկումներ պիտի անեն։
«Երբ մենք նայում ենք, թե միջինում ամսական ինչքան սպառում ունենք, և այն ծավալը, որն այս պահին մնացել է մեր գյուղատնտեսների մոտ, այնպիսի ծավալներ են, որ մեր սպառողները կհասցնեն սպառել։
Մենք ամեն ամիս միջինը մոտավորապես մինչև 30.000 տոննայի սպառում ունենք։ Այլ հարց է, որ ունենք գնանկում, ոչ միայն կարտոֆիլի, այլև այլ ապրանքների գներն ավելի ցածր են, քան նախորդ տարի։
Կաղամբի ներմուծման ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին ներկայացվում են»,- նշեց Գևորգ Պապոյանը։