Հայաստանը դուրս է մղվում
Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են սերտացնել կապերը Եվրամիության հետ և դրա հաշվին թուլացնել կախվածությունը, նաև տնտեսական ու առևտրային կախվածությունը Ռուսաստանից, եվրոպական երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները վատագույն ժամանակներն են ապրում։ Եվրոպական շուկաներում հայկական ապրանքները՝ ինչպես տեղ չունեին, այնպես էլ՝ շարունակում են չունենալ։ Ավելին, վերջին շրջանում մեծ արագությամբ դուրս են մղվում։
Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտաքին առևտուրը հասել է նվազագույնի։ Անցած տարվա 15,6 տոկոսից տեսակարար կշիռն իջել է մինչև 5,4 տոկոսի։
Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։
Հայաստանից արտահանման ընդամենը 2,9 տոկոսն է բաժին ընկել Եվրամիությանը։
Խոսքը ԵՄ մի քանի տասնյակ երկրների մասին է։ Անցած տարի գոնե 11 տոկոսի սահմաններում էր։ Այս տարի գրեթե 4 անգամով Եվրամիության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ կրճատվել է։ Արտահանումը ԵՄ երկրներ նվազել է շուրջ 32 տոկոսով։ Երեք ամսում ընդամենը 126 մլն դոլարի արտահանում է եղել։ Նախորդ տարվանից 59 մլն դոլարով պակաս։
ԵՄ բազմաթիվ երկրներ արտահանումը պարզապես գահավիժել է։ Եթե անցած տարի Նիդեռլանդներ արտահանումն անցնում էր 100 մլն դոլարից, այս տարի նույնիսկ 19 միլիոնի չի հասնում։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 81 տոկոսով նվազել է։
Ֆրանսիան, որն արտաքուստ սերտ հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ և մշտապես պատրաստակամ օգնել, Հայաստանի հետ ունի չնչին առևտրային հաշվեկշիռ։ Այն կազմում է արտաքին առևտրի ընդամենը 0,3 տոկոսը։
Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից Ֆրանսիա է արտահանվել ընդամենը 1,5 մլն դոլարի ապրանք՝ 35 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարի։ Թեև անցած տարի էլ մեծ չէր՝ ընդամենը 2,3 մլն դոլարի կարգի։
Ֆրանսիայից ներմուծումը տարեսկզբին նվազել է ավելի քան 28 տոկոսով և կազմել հազիվ 24 մլն դոլար։
Եվրամիության բազմաթիվ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններն այսպիսի վիճակում են։ Դրանք չնչին տեսակարար կշիռ ունեն։ Նախկինում էլ այդ կշիռը մեծ չէր, բայց գոնե հասնում էր 15-20 տոկոսի։ Վերջին տարիներին գնալով կրճատվում է, այս տարի, կարելի է ասել, փլվել է, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է պատրաստ ԵՄ երկրների շուկաներ մուտք գործելու համար։ Առավել ևս՝ վերջին տարիներին այդ կարողություններն էապես թուլացել են։ Հայաստանի տնտեսությունը պաշտոնապես բարձր տեմպերով աճել է, բայց տնտեսության պոտենցիալը դրանից գրեթե չի ավելացել, արտադրական ու արտահանման կարողությունները չեն մեծացել, ընդհակառակը՝ մրցակցային հնարավորություններն արտաքին շուկաներում ավելի են թուլացել։
Հայաստանում իրականացվող տնտեսական ու հատկապես արժութային քաղաքականությունը բերել է հայկական ապրանքների դիմադրողականության կտրուկ վատացման, մրցունակության կորստի, ինչի հետևանքով էլ եվրոպական շուկաներից հայկական ապրանքներն աստիճանաբար դուրս են մղվում։ Եվ դա տեղի է ունենում արտաքին առևտրի, ինչպես նաև արտահանման հսկայական աճերի պայմաններում։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի արտաքին առևտուրն ավելացել է 2,1 անգամով, արտահանումը՝ նույնիսկ ավելի շատ՝ 2,7 անգամով։
Արտահանվել է ավելի քան 4,4 մլրդ դոլարի ապրանք, որից ԵՄ երկրներ՝ ընդամենը 126 մլն դոլարի։
Սա գրեթե 6 անգամով ավելի քիչ է, քան միայն ռուսական շուկայի մատակարարումները։
Չնայած այս տարի արտահանումը Ռուսաստան ևս կրճատվել է. 8,6 տոկոսի անկում կա։
Պատճառն այն է, որ վերջին շրջանում սկսել են աստիճանաբար կրճատվել Հայաստանի միջոցով վերարտահանումները Ռուսաստան։ Նախորդ երկու տարիներին այն դարձել էր մեր արտահանման աճի վրա ազդող հիմնական գործոնը։
Տարեսկզբին այդ գործոնը թուլացել է, սակայն մեկ այլ ուղղությամբ է խորացել։
Եթե նախկինում առևտրային հոսքերն աճում էին Հայաստանի միջոցով ռուսական շուկայի պահանջարկը լրացնելու տեսքով, հիմա հակառակ ուղղությամբ է. Հայաստանի միջոցով ռուսական ապրանքները դուրս են գալիս այլ երկրների շուկաներ։ Դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն այս տարի թռիչքային աճել է։
Նախորդ տարվանից 4 անգամով ավելի շատ ներմուծում է եղել։
Ներմուծումը Ռուսաստանից կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար։ Միջին ամսական մեկ միլիարդի ներմուծում է արվել այդ երկրից։ Նախկինում անգամ տարեկան այդքանի չէր հասնում։ Այս տարի ռուսական որոշ ապրանքների վերարտահանումը Հայաստանի միջոցով հասել է հսկայական չափերի։ Խոսքը, մասնավորապես, ոսկու մասին է։
Ոսկու հումքի ներմուծումներով են պայմանավորված Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների այն բարձր ցուցանիշները, որոնք արձանագրվում են։ Հայաստանի միջոցով ռուսական ոսկին դուրս է գալիս հատկապես ԱՄԷ։ Դրա արդյունքում է, որ Էմիրաթները դարձել են Հայաստանի արտահանման առաջատարը։
Արտահանումների 46 տոկոսից ավելի բաժին է ընկնում այդ երկրին։ Նախորդ տարի ընդամենը 17-18 տոկոսն էր։
Սրանում անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է առևտրային կամ տնտեսական դիվերսիֆիկացիա փնտրել, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. զուտ վերարտահանումային հոսքեր են՝ կապված ռուսական ոսկու կամ ոսկու հումքի հետ։
Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունենում՝ ասենք, որ այս տարվա առաջին եռամսյակում 56 տոննայից ավելի անմշակ ոսկի է մտել Հայաստան. գրեթե 19 տոննա՝ հունվարին, 26 տոննա՝ փետրվարին, և ավելի քան 13,4 տոննա՝ մարտին։ Հայաստանից արտահանվել է 37,5 տոննա անմշակ ոսկի. 6,3 տոննա՝ հունվարին, 14 տոննա՝ փետրվարին, և 17,2 տոննա՝ մարտին։
Արտահանված անմշակ ոսկու մաքսային արժեքը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դոլար։
Սա Հայաստանի ընդհանուր արտահանման գրեթե 57 տոկոսն է։ Մյուս բոլոր ապրանքների բաժինը կազմում է արտահանման ընդամենը 43 տոկոսը։
Ոսկուն նաև թանկարժեք քարերն ավելացնելու պարագայում, կստացվի, որ արտահանման գրեթե 75 տոկոսը բաժին է ընկնում այդ երկու ապրանքատեսակներին, մնացած բոլորին՝ հազիվ 25 տոկոսը։ Եթե մի օր թանկարժեք քարերի ու ոսկու առևտուրը փակվի, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի արտաքին առևտրի հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ