Ծնողական օրհնություն
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նա ինձ մոտ՝ խուց եկավ աշնանը: «Հա՛յր,- ասաց նա,- մայրս հիվանդացել է, և ես եկել եմ նրան այցելության»: Դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Սուրբ Ծննդյան տոնին կրկին եկավ:
«Ի՞նչ է, նորի՞ց ես եկել»,- հարցրի ես:
«Այո՛,- պատասխանեց,- իմացա, որ մայրս կրկին վատառողջ է և եկա, որպեսզի նրա ձեռքը համբուրեմ, որովհետև նա արդեն տարիքն առել է և կարող է մահանալ: Իմ մոր օրհնությունն ինձ համար ամենամեծ հարստությունն է»:
Մարդը վաթսուն տարեկան է և Յոհաննեսբուրգից Հունաստան է գալիս, որպեսզի իր մոր ձեռքը համբուրի: Եվ այժմ Աստված այդ մարդուն Իր օրհնությամբ այնպիսի միջոցներ է տվել, որ նա ցանկանում է մի մեծ կացարան կառուցել ծեր հոգևորականների համար և նվիրել Եկեղեցուն: Այսինքն, կարելի է ասել, որ նա ողողված է օրհնություններով և չգիտի, թե ինչ անի դրանց հետ: Այդպիսի հոգին ինձ համար նույնն է թե մի բալասան: Կարծես Սահարա անապատով գնալիս լինես և անսպասելիորեն մի քիչ ջուր գտնես: Կամաց-կամաց այդ ամենը կորչում ու հեռանում է:
Մի մարդ էլ իմ խուց եկավ՝ արցունքն աչքերին: «Հա՛յր,- սկսեց խոսել նա,- մայրս անիծել է ինձ: Եվ ահա, ընտանիքումս միայն հիվանդություններ են, դժվարություններ, աշխատանքում՝ անհաջողություններ…»:
«Երևի մորդ մի առիթ տվել ես,- պատասխանեցի նրան,- որովհետև չէր կարող ուղղակի, առանց պատճառի անիծել քեզ»:
«Այո՛,- պատասխանեց նա,- մի բարի պտուղը չէի…»: «Գնա՛,- ասացի,- և մորիցդ ներողություն խնդրիր»:
«Կգնամ, հա՛յր,- պատասխանեց,- օրհնությունդ տուր ինձ»:
«Իմ օրհնությունը տալիս եմ,- ասացի նրան,- բայց դու մորիցդ էլ պետք է օրհնություն ստանաս»:
«Դժվար թե նա ինձ օրհնի»,- պատասխանեց: «Գնա՛ նրա մոտ,- ասում եմ,- և եթե չօրհնի քեզ, այսպես ասա. «Մի ծերունի վանական ասաց ինձ, որ մի օր դու էլ ես հոգիդ Աստծուն ավանդելու»:
Նա իր մոր մոտ գնաց, և մայրն այսպես օրհնեց նրան. «Որդյակս, թող Աբրահամի օրհնությունը քեզ վրա լինի»: Մի որոշ ժամանակ անց նա նորից Աթոս եկավ՝ ինձ նվերներ բերելով. բալի կոմպոտ և լոխում: Շա՜տ ուրախ էր: Նրա երեխաներն առողջացել էին, աշխատանքում էլ ամեն ինչ կարգին էր: Նրա աչքերն արցունքով լի էին և անդադար կրկնում էր. «Փա՜ռք Աստծո»: Այդ մարդու կյանքը փոխվել էր, և նա միայն հոգևորի մասին էր խոսում: Իսկ այն մարդը, որ հենց սկզբից հարգանք է տածում իր ծնողների հանդեպ, նրա մասին խոսք էլ չկա: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն Աստծո օրհնությունը չունենալ:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի