Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի փոսն ու չինովնիկների «ջայլամի քաղաքականությունը»
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածը` Փամբակ գյուղ չհասած, վերջին մեկ ամսում ավտովթարների պակաս չունեցավ: Մեծ փոսը, որը առկա է ճանապարհին, վարորդներին ստիպում է մեքենաները չվնասելու համար շրջանցել այն, ինչի արդյունքում դուրս են գալիս ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվում առջևից եկող մեքենաներին: Փոսի հակառակ կողմում ձորն է` 100 մետր բարձրությամբ: Հենց այդ փոսի պատճառով էր, որ մեկ ամիս առաջ գյուղացին իր «ջորիով» բախվեց ԱԱԾ աշխատակցի թանկարժեք Ինֆինիտի ավտոմեքենային: «Ջորու» վարորդի հմտության շնորհիվ էր, որ մեքենաներից և ոչ մեկը չհայտնվեց ձորում: Վարորդը մեքենան հարվածել էր էլէկտրասյանը և վերջնականապես ջախջախել այն` այդ կերպ խուսափելով ձորն ընկնելուց:
Վերջին օրերին տեղի ունեցած վթարը, սակայն, նման ավարտ չունեցավ: Նույն այդ վայրում բախվեցին «Օպել» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները: «Օպելն» այնքան ուժեղ էր հարվածել «Մերսեդեսին», որ վերջինս 100 մետր բարձրությունից գլորվել էր ձորը: 3 վիրավոր և մեկ զոհ` 20-ամյա մի աղջիկ: Գուցե այս դեպքում էլ պատճառը վարորդներն էին, գուցե մեքենաների անսարքությունն էր նաև պատճառ (իրական պատճառը ցույց կտա միայն փորձաքննությունը), սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև անբարեխիղճ պաշտոնյաները, ովքեր այսքան ժամանակ ոչ մի քալ չեն ձեռնարկել ճանապարհը անվտանգ դարձնելու համար: Պետք է միայն մի բան փաստել, որ որոշ չինովնիկներ այսքան դեպքերից հետո էլ շարունակում են «ջայլամի քաղաքականություն» վարել: Դեպքից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն ճանապարհափոսը գտնվում է նույն վիճակում, միայն մի բան է փոխվել՝ մի քանի բահ հող ու ավազ են լցրել, ինչն էլ տեղումները արդեն քշել-տարել են՝ փոսը բերելով նախկին «տեսքին»:
Բնավ ցանկություն չունենալով արդարացնել վարորդներին, ովքեր հենց այդ փոսի պատճառով լուրջ նյութական վնասներ կրեցին, հարկ է մեկ անգամ էլ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ճանապարհային ոստիկանության, ճանապարհաշինարարների ու տրանսպորտի նախարարության ու վարչությունների՝ պարտավոր է վարորդների համար ապահովել անվտանգ ճանապարհ: Նշյալ ճանապարհափոսը շարունակում է սպառնալիք լինել ճանապարհով երթևեկող բոլոր վարորդների համար, մանավանդ, երբ նշված հատվածում մի շարք ծաղկեպսակներ կան տեղադրված, որոնք բարոյապես ճնշում են երթևեկող վարորդներին:
Վանաձոր
Լուսանկարները` հեղինակի