Մեկ դավաճանի թատրոն

Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։

Որքանո՞վ են ԱԱԾ-ների այս բացահայտումներն արժանահավատ, չափազանց դժվար է ասել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ԱԱԾ-ն զբաղվում է ոչ թե պետության, այլ իշխանության պաշտպանությամբ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ բացահայտվող «դեպքերը» կարող են լինել ոչ թե հայրենիքին, այլ իշխանությանը դավաճանելու պարագաներ։

Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, և այս «դեդեկտիվ» տեսանյութերով ԱԱԾ-ն իրականում լուծում է ոչ թե անվտանգային, այլ քարոզչական խնդիրներ։ Ընդ որում, ԱԱԾ-ի ինչպես պաշտպանությունը, այնպես էլ՝ քարոզչությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի կամ Արցախի պետությանը, այլ իշխանություններին, առավելապես Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, ծանր է տանում «դավաճանի» պիտակը և հանձնարարել է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ դավաճանությունը Հայաստանում ու Արցախում համատարած բնույթ է կրել։ Ընդ որում, Հայաստանի ԱԱԾ-ի վերջին  ամիսների «բացահայտվող» տեսահոլովակների մեծ մասում «դավաճանները» մեղայական հայտարարություն են անում Արցախի բարբառով, ինչը պատահական չէ։

Կարդացեք նաև

Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը, և «խեղճ Նիկոլը» համատարած դավաճանության պայմաններում հերոսաբար կարողացել է փրկել Արցախից մնացածը։

Իրականում սա չափազանց կեղտոտ խաղ է, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին «դավաճանի» խարանից ազատելն է։ Եվ նրան չի հուզում, որ այդ նպատակին հասնելու համար աշխարհի առջև հայ ժողովուրդը ներկայացվում է՝ որպես գրոշներով հայրենիքը վաճառողների հավաքականություն։ Բացի այդ, եթե անգամ բոլոր «բացահայտումներն» իրական են, եթե նույնիսկ եղել են դավաճանության այդքան դեպքեր, ապա դրանց առնվազն անուղղակի պատասխանատուն կրկին Նիկոլ Փաշինյանն է, ով իր քաղաքական խմբակի հետ միասին տարիներ շարունակ զբաղվել է «Արցախից պրծնենք, որ լավ ապրենք» հակապետական քարոզչությամբ։ Հետևաբար, ԱԱԾ-ի բացահայտած բոլոր լրտեսները, եթե, իհարկե, դրանք իրական պատմություններ են, Նիկոլ Փաշինյանի երկարատև քարոզչության միաժամանակ իրականացնողներն ու զոհերն են։

Բացի այդ, դավաճանության այդ պատմությունների մեծ մասը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո։ Իսկ դա նշանակում է, որ այդ պատմությունների «հերոսները», հնարավոր է՝ ոգեշնչվել են հենց Նիկոլ Փաշինյանից։ Տեսնելով, որ տիեզերական մասշտաբի դավաճանությունը ոչ միայն չի պատժվում, այլև արժանանում է «պողպատյա մանդատի», պաշտոնների  բարձրացումների, մեդալների, նրանք փորձել են իրենց դրսևորել որպես տեղական նշանակության նիկոլներ՝ իրենց դավաճանության համար ստանալով նույնքան վարձավճարներ, որքանով իր կարիերայի արշալույսին աշխատում էր Նիկոլ Փաշինյանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս