Հայկական խայտառակություն
Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայություն է։ Երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Ահա այս իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք և որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ, կապված են եղել արատավոր երևույթների հետ, և այդպես շարունակ։
Բայց բոլոր վերը նշված մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանությունը ըստ էության հայտարարում է՝ «դուք թալանչի եք»։ Այսինքն՝ իշխանությունը գրեթե չի հերքում, որ իր պատճառով հանձնվել է Արցախի մեծ մասը, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է, որ կարող էր որոշում կայացնել, որի արդյունքում հազարավոր զոհեր չէին լինի, բայց բոլոր այդ մեղադրանքներին հակադարձում է մեղադրողների՝ թալանչիության մասին թեզով։
Ավելի գռեհիկ ձևակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է՝ «լավ եմ արել, փոխարենը՝ դուք թալանչի եք»։ Ուշադրություն դարձրեք՝ նույն այս թեզով են իշխանությունները բողոքի ակցիաների ուղարկում իրենց սադրիչներին, որոնք կամ հակաարցախյան ցնդաբանություններ են արտաբերում, կամ գոռում են թալանի մասին։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով, Հայաստանում քաղաքական դիսկուրսի նշաձողը իջեցրել է որևէ «Անոյի» մակարդակի, չի խորշում իր իշխանությունը պաշտպանել սեռափոխված մեյմուններով ու թմրամոլ ծաղրածուներով, նա մեծ հաշվով թքած ունի, որ այդպիսով անդառնալի վնաս է հասցնում «ժողովրդավարության բաստիոն Հայաստանի» հեղինակությանը։
Իսկ այդ հեղինակությունը, եթե, իհարկե, դրանից դեռ ինչ-որ բան մնացել է, ավելի է նվազում․ Հայաստանից անտեղյակ մեկը՝ հետևելով այստեղ կատարվող իրադարձություններին, տպավորություն է ստանում, որ հայ հասարակության համար նյութականը, փողը՝ թալանված կամ ոչ, շատ ավելի կարևոր է, քան հայրենիքը, հանուն այդ հայրենիքի նահատակված հազարավոր երիտասարդների կյանքը և հիշատակը։ Ահա այդ նույն դիտորդի, ավելի լայն իմաստով, աշխարհի, միջազգային հանրության շրջանում ձևավորվում է կարծրատիպ, որ Հայաստանի հասարակությունն ապրում և առաջնորդվում է միայն նյութական արժեքներով, փողով, ինչը նշանակում է, որ գործնականում Հայաստանում կարելի է գնել ամեն ինչ։
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում աշխարհին հղել է մեկ գլխավոր ուղերձ՝ ինքը պատրաստ է վաճառել ամեն ինչ։
Այսինքն, նա՝ հանդես գալով Հայաստանի անունից, գործում է «փողին մուննաթ» սկզբունքով․ այդպիսով նա կարող է ապահովել պատվիրատուին հաճո արտաքին քաղաքական կողմնորոշում, հանձնել Հայաստանի այս կամ այն տարածքը՝ շահավետ առաջարկի դեպքում, և այդպես շարունակ։ Բայց որպեսզի այդ ամենավաճառությունը չընկալվի՝ որպես միայն իր պատրաստակամություն, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդպիսին դարձնել կամ այդպիսին ներկայացնել հայ հասարակությանը, որի՝ իրպես մտածող հատվածն այսօր ապրում է միայն ստամոքսով, առանց որևէ արժեքի ու ամենակարևորը՝ առանց հիշողության։ Կենդանու նման, ինչպես ասել է Հրանտ Մաթևոսյանը։
Հարություն Ավետիսյան