Նիկոլ Փաշինյան․ հայկական դալիթների առաջնորդը

Հնդկաստանի կաստայական հիերարխիկ համակարգում ամենացածր կարգավիճակը զբաղեցրել են և, ըստ տարբեր գնահատականների, մինչև այսօր էլ շարունակում են զբաղեցնել «դալիթները»։ Վերջիններս չեն պատկանում հնդկական չորս վարնաների համակարգին և, ըստ հնդկական հավատալիքների, կարող են պղծել, կեղտոտել ավելի բարձր կաստաների ներկայացուցիչներին։ Դալիթ՝ բառացի նշանակում է՝ անդիպչելի, այն իմաստով, որ այդ կաստային պատկանող մարդկանց հետ անգամ ֆիզիկական շփումը կարող է անարգել այլ դասերի մարդկանց։

«Դալիթները» Հնդկաստանում և հնդկական սփյուռքում զբաղվում են ամենացածրակարգ աշխատանքով, նրանց անգամ արգելված է եղել գտնվել այլ դասի ներկայացուցիչների հետ նույն տարածքում՝ վերջիններիս իրենց ներկայությամբ չպղծելու համար։ Իհարկե, անցյալ դարի կեսերից ամենատարբեր շարժումներ են ծավալվել «դալիթների» իրավահավասարության համար, այդ թվում՝ Մահաթմա Գանդիի կողմից, բայց երևույթը մինչև օրս էլ շարունակում է գոյություն ունենալ հնդկական ավանդույթներում։

Հայաստանի հետ «դալիթներն» ուղղակի կապ, իհարկե, չունեն։ Բայց Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է մի կողմից՝ Հայաստանը համաշխարհային «դալիթի» վերածելու համար, մյուս կողմից, որպեսզի ինքն ու իր իշխանությունը դառնան «դալիթներ»՝ անդիպչելիներ՝ ոչ թե անձեռնմխելիության ու անհասանելիության իմաստով, ինչպես ցանկանում են իրենք, այլ՝ այլոց պղծելու ու անարգելու տեսանկյունից։

Կարդացեք նաև

Միջազգային հանրությունը Հայաստանին վերաբերվում է որպես «անդիպչելի» պետության՝ փորձելով հնարավորինս հեռու մնալ Հայաստանից ու հայկականությունից։ Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն անձամբ ու նրա իշխանությունը՝ հավաքականորեն, ամեն օրվա հետ ավելի են մոտենում անդիպչելիության, «դալիթ» դառնալու սահմանագծին։ Այդ իշխանությունն ամեն ինչից զատ՝ արյունոտ է, Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի խղճին ծանրացած է հազարավոր հայ երիտասարդների արյունը, որը հեղվել է, ինչպես Փաշինյանն ինքն է խոստովանել, իր իսկ կայացրած, իսկ որ ավելի ճիշտ է՝ չկայացրած որոշումների արդյունքում։

Բայց արյունը պատերազմով չի սահմանափակվել։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անհամատեղելի է մարդկային կյանքի հետ նաև խաղաղ պայմաններում, Երևանի փողոցներում․ նրա ավտոշարասյունը դաժան վրաերթի է ենթարկում կնոջ, անտարբեր անցնում են ասֆալտին մահամերձ ընկած՝ առաջնեկին սպասող հղի կնոջ կողքով, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իր կամակատարների շուրթերով ասում է՝ կարևորը՝ ես չեմ եղել ղեկին։

Նա շարունակում է իր մեղքերի անսահմանությունը լրացնել նորանոր մահերով, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ինքը ու իր իշխանությունը դառնում են անդիպչելի, վերածվում են դալիթների, որոնց հետ անգամ նույն փողոցում գտնվելը կարող է պղծել մարդկանց։ Իհարկե, դեռևս գտնվում են էդմոնմարուքյաններ, որոնք ինչ-որ կարգավիճակի դիմաց համաձայնում են դառնալ դալիթ՝ նրանցից հեռու մնալու փոխարեն, բայց դա արդեն ոչ թե հասարակության, այլ այդպիսին դարձողների խնդիրն է։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Սերժին մերժելու» ալիքով։

Հիմա նա բանականություն ու բարոյականություն ունեցողների կողմից ոչ թե ուղղակի մերժվում է, այլ համարվում է պղծության աղբյուր։

Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն դալիթ է։ Իսկ Հայաստանի ողբերգությունն այն է, որ, ի տարբերություն Հնդկաստանի, դալիթները ոչ թե արտաքնոցներ են մաքրում, այլ զբաղեցնում են նախարարների, պատգամավորների և այլ պաշտոններ՝ դրանից բխող բոլոր պիղծ հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս