Նիկոլ Փաշինյանն անհետացել է

Գիտական ամենաունիվերսալ մեթոդներից մեկն աբստրակցիան կամ վերացարկումն է։ Որևէ հարցի պատասխանելու համար այդ մեթոդի օգնությամբ փորձում են մոդելավորել այն հնարավոր իրավիճակը, որում դիտարկվող օբյեկտը կարող է այս կամ այն վարքագիծը դրսևորել։

Հայաստանում հիմա խառնակ ժամանակներ են, գրեթե ամեն օր տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք նախկինում սենսացիոն կհամարվեին, կարժանանային ամենատարբեր ակտիվիստների, իրավապաշտպանների բողոքի ակցիաներին ու ինքնահրկիզումներին։ Բայց հիմա կատարվող սենսացիաների նկատմամբ ամենատարածված արձագանքը լռությունն է։ Վճարովի լռությունը, ըստ ամենայնի։

Նախկին, մինչհեղափոխական Հայաստանում բոլոր «անարդարությունների», «կեղեքումների», «իրավունքների ոտնահարումների» դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկը, եթե ոչ՝ ամենաակտիվը, երբեմնի երազկոտ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր։ Նա մագլցում էր ավտոտնակների տանիքներին, համարյա կրծքով փակում էր արագաչափերը, բարձրախոսը ձեռքին՝ մարդկանց կոչ էր անում պայքարել անարդարությունների դեմ։ Բայց նա հիմա չկա, ուղղակի անհետացել է։

Դրանում համոզվելու համար օգնության է գալիս հենց աբստրակցիայի մեթոդը։

Կարդացեք նաև

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ․ 2011 կամ 2016 թվական․ նախագահի կամ վարչապետի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում քաղաքացու ու առանց օգնություն ցուցաբերելու հեռանում, ինչի արդյունքում քաղաքացին մահանում է։

Մեկ այլ օրինակ, ասենք, 2006 կամ 2013 թվականներին փողոցում խաղաղ ցույց իրականացնող ոստիկանը կամ ոստիկանի համազգեստ հագած որևէ ենիչերի սադիստական հարվածներ է հասցնում քաղաքացուն։

Եվս մեկ պատկերավոր աբստրակցիա․ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը հարվածում է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին ու հետո հայտարարում՝ «լավ եմ արել»…

Օրինակների շարքն անվերջ կարելի է շարունակել։ Բայց աբստրակցիայի միայն այս պատկերները բավարար են նախկին Նիկոլ Փաշինյանին փնտրելու ու չգտնելու համար։ Նախիկնում նա ծավալուն ռեպորտաժներ կպատրաստեր կառավարական կորտեժի զոհ դարձած քաղաքացու՝ հղի կնոջ մասին, իր թերթի էջերում անարգանքի սյունին կգամեր ոչ միայն և ոչ այնքան՝ վրաերթի պահին ղեկին գտնված ոստիկանին, այլ, ինչպես ինքն ամենայն հավանականությամբ կարտահայտվեր, «նրա տերերին»։

Քաղաքացու գլխին հարվածող ոստիկանի բախտն էլ ավելի չէր բերի։ Նիկոլ Փաշինյանը, կրկին իր իսկ բառապաշարով, «մայրուղի կհաներ» ոստիկանության ողջ ղեկավարությանը, որի դերում այսօր իր դասընկերն է, և կաներ ամեն ինչ, որ սադիստը ոչ միայն պատժվի ամենայն խստությամբ, այլ ենթարկվի հանրային պարսավանքի։

Իսկ ՊՊԾ-ի աբստրակտ պետի «տերերին» Նիկոլ Փաշինյանն այդ դեպքը կհիշեցներ տարիներ շարունակ՝ անարգելով ցանկացած իշխանավորի ու հայտարարելով՝ «լավ եմ արել»։

Որտե՞ղ է հիմա այդ Նիկոլ Փաշինյանը, ո՞ւր է անհետացել։ Նա չկա, գոյություն չունի։ Իսկ այն, ինչ գոյություն ունի նրա ղեկավարած Հայաստանում, այլևս ոչ թե աբստրակցիա է, այլ դաժան իրականություն, որը բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է ամենայնի դեմ ոչ թե՝ որովհետև ազնիվ էր ու արդար, այլ այն պատճառով, որ որպես երազկոտ՝ երազում էր անձամբ դառնալ քաղաքացուն վրաերթի ենթարկող ոստիկանի ու լրագրողին հարվածող խուժանի «տերը», որին պաշտպանելու համար ոստիկանի հագուստով դահիճը, իր իսկ բառապաշարով, «սամասուդի» է ենթարկում քաղաքացուն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս