Անարգվող մուրացիկը՝ զրահապատ մեքենայում
Հայաստանում առկա է լրջագույն ճգնաժամ, և դա ուղղակի կապ չունի կամ շատ քիչ կապ ունի Երևանի հրապարակներում ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին մասնակցողների քանակի հետ։ Այդ քանակը ճգնաժամի մակերեսային դրսևորումն է, որն արտահայտվում է ճգնաժամում գտնվող հասարակության համեմատաբար ակտիվ հատվածի ֆիզիկական ներկայությամբ։
Իրականում ճգնաժամն ավելի խորքային է ու բազմաշերտ։ Ընդ որում, դա ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյահոգեբանական, արժեքային, ընդհուպ՝ գոյաբանական ճգնաժամ է։ «Խաղաղության դարաշրջան» բացած իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է բավարարել թշնամական երկրների պահանջները, արդեն բացահայտ խոսվում է Հայաստանի տարածքում գտնվող շրջանների հանձնման մասին, Ադրբեջանը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» ոչ թե մտադրության, այլ արդեն իսկ ընթացքում գտնվող նախագծի մասին։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյության շարունակականության դեպքում շատ տեսանելի ապագայում Հայաստանը բավարարելու է Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները՝ հայտնվելով նույն այդ երկրների ողորմածությանը սպասողի կարգավիճակում։ Ողորմածությունը, մինչդեռ, քաղաքական կատեգորիա չէ, և նման պայմաններում հայտնվող պետության հետ կարող են վարվել այնպես, ինչպես անցորդների մեծ մասն է վարվում խղճահարություն առաջացնող մուրացիկի պարագային․ լավագույն դեպքում գրոշ են նետում, ավելի հաճախ՝ անարգում, եթե անգամ անարգվողը գտնվում է զրահապատ մեքենայում ու շրջապատված է հարյուրավոր թիկնապահներով։
Ահա այս պայմաններում գտնվող երկրում, դրանում ապրող հասարակության շրջանում չի կարող չլինել ճգնաժամ, որովհետև հակառակ պարագայում դա կվկայի Հայաստանի՝ որպես պետության, վախճանի մասին։ Հանրային ճգնաժամն իրականում մեր դիմադրողականության նվազագույն արտահայտությունն է, այն վերջին հույսը, որ Հայաստանը որպես պետական կազմավորում՝ կարող է հաղթահարել այս գոյաբանական մարտահրավերը և պահպանել գոյությունը։ Բոլոր նրանք, ովքեր այսօր քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ ժխտում են ճգնաժամի առկայությունը, իրականում հաստատում են Հայաստանի՝ պետության ու պետականության վախճանի անխուսափելիությունը։
Արդեն շուրջ մեկ ամիս բողոքի գործողություններ իրականացնող ընդդիմությունը կարող է հաջողել կամ տապալվել, բայց դրանից երկրում առկա խորը ճգնաժամը չի վերանալու։ Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, որոնք վերջ կդնեն Հայաստանի՝ ողորմություն հայցողի անարժանապատիվ կարգավիճակին և հնարավորություն կտան պետությունից մնացած ավերակների վրա վերակենդանացնել երկիրը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը պայքարում է Հայաստանի անունից գլխավոր մուրացողի դերի պահպանման համար՝ հրճվելով նրանից, որ հասարակությունը դեռևս ամբողջությամբ չի հավատում նրանց, ովքեր փորձում են դա թույլ չտալ։ Պետության շահն անխուսափելիորեն պահանջում է այս ճգնաժամի պատճառ դարձած իշխանության փոփոխությունը, որը Հայաստանին նվազագույնը ժամանակ շահելու և վերադիրքավորվելու հնարավորություն կտա։ Եվ իրականում Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե հրապարակում գտնվող ընդդիմության, այլ հենց այդ հնարավորության՝ Հայաստանի վերջին շանսի դեմ։ Նա ամեն ինչ անում է պատմության մեջ Հայաստանի վերջին ղեկավարը մնալու համար։
Հարություն Ավետիսյան