Էռնեստ Մորոյի՝ երեխաներ փրկող գազարի ապուրը

Նրա շնորհիվ սովորական գազարի ապուրը փրկեց հազարավոր կյանքեր, հնարավոր դարձավ ախտորոշել մանկական ուղեղային կաթվածը, նա բացահայտեց լակտոբակտերիաները և այդքանով հանդերձ՝ չստացավ ոչ մի էական պարգև: Նա մանկաբույժ Էռնեստ Մորոն էր:

Սարսափելի է մտածելն անգամ, սակայն ընդամենը 150 տարի առաջ մարդու կյանքի միջին տևողությունը երկու անգամ պակաս էր, քան հիմա: Իհարկե, դա չի նշանակում, որ մեր նախնիներն ապրում էին մինչև 35-40 տարեկան ու մեռնում ծերությունից: Այս ցուցանիշի մեծ չափաբաժինը բաժին էր ընկնում մանկական մահացությանը: Շատ երեխաներ մինչև չափահասության տարիք չէին ապրում: 142 տարի առաջ ծնվեց մի մարդ, ով այդ խնդիրը լուծելի դարձրեց: Այդ մարդը մանկաբույժ Էռնեստ Մորոն էր: Այժմ մենք Մորոյին սլովենացի բժիշկ կանվանեինք, քանի որ նա ծնվել էր 1874թ. դեկտեմբերի 8-ին ժամանակակից Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում: Սակայն այն հեռավոր տարիներին դա ընդամենը Ավստրո-Հունգարական Կայսրության քաղաքներից մեկն էր և այլ անվանում ուներ՝ Լայբախ՝ Քրայնա դքսության մայրաքաղաքը:

Կրթություն Մորոն ստացել է ավստրիական Գրացում: 1899թ. նա ստացել է բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան, 1901-1902թթ. աշխատել է մեծն Թեոդոր Էշերիխի՝ աղիքային ցուպիկը բացահայտած բժշկի հետ, 1906թ. Մյունխենում ստացել է մանկաբույժի մասնագիտացում, իսկ 2 տարի անց դարձել է Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր:

Հենց 1908թ. նա կատարեց մեծագույն հայտնագործություն, որը բացատրել կարողացան միայն 100 տարի անց: Այդ տարիներին շատ երեխաներ էին մահանում լուծից: Մորոն ստեղծեց պարզագույն բաղադրատոմս, ինչի շնորհիվ մանկական մահացության թիվը կրկնակի կրճատվեց: Այդ միջոցը սովորական գազարի ապուրն էր:

Կարդացեք նաև

  • Կես կիլոգրամ գազարը քերում էին այնպես, որ դառնա խյուսանման, վրան լցնում էին մեկ լիտր ջուր, համեմում 3 գ աղով ու եփում այնքան, մինչև ընդհանուր ծավալը դառնար մեկ լիտր: Եվ վերջ:

Միայն 2002թ. պարզ դարձավ, որ այդ ապուրի մեջ գազարի միջոցով ձևավորված թթու օլիգոսախարիդները խանգարում են բակտերիաներին կպչել աղիների լորձաթաղանթին: Մեկ այլ հետազոտություն ցույց տվեց, որ այդ հատկությունների շնորհիվ այդ ապուրը բուժում է անգամ այն փորլուծությունը, որը հարուցվում էր հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների կողմից:

Սկզբունքորեն արդեն միայն դա բավական է, որպեսզի հիշենք Մորոյին ու շնորհակալ լինենք նրան: Սակայն նրան է պատկանում նաև մանկական կաթի շշերի ստերիլիզացիայի գյուտը և այն տեսությունը, որ մայրական կաթով սնվող երեխաներն ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ի տարբերություն արհեստական կերով սնվողների՝ բնական կեր ուտող երեխաներին պաշտպանում են մոր հակամարմինները:

Հենց Մորոն հորինեց Մորոյի կաթն արհեստական սնուցման համար, որի բաղադրության մեջ մտնում էր սերուցք, ալյուր, կարագ ու շաքար:

Հենց Մորոն բացահայտեց կաթնաթթվային մթերքների բաղադրության մեջ առկա լակտոբակտերիաները ու ցույց տվեց դրանց օգտակարությունը:

Հենց նա բացահայտեց երեխայի կյանքի առաջին ամիսներին նրա մոտ եղած ռեֆլեքսը: Եթե երեխայի գլխի մոտ կտրուկ ձայն արտաբերես, ապա նա սկզբում կտարածի ձեռքերը՝ բացելով մատները, ապա ձեռքերն իրար կբերի՝ մատները սեղմելով: Եթե այդ ռեֆլեքսը բացակայում է, նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիր կա: Հենց Մորոյի ռեֆլեքսով, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ է հնարավոր, օրինակ, երեխայի մոտ կասկածել մանկական ուղեղային կաթված:

Զարմանալի է, սակայն, չնայած ողջ իր վաստակին, Մորոն ապրեց համեստ կյանք, չպարգևատրվեց ոչ մի նշանակալից պարգևով: Զարմանալի է, սակայն նա նույնիսկ ոչ մի անգամ բժշկության բնագավառում ունեցած նշանակալից հայտնագործությունների համար Նոբելյան մրցանակի չներկայացվեց: Դրա փոխարեն՝ նրա բախտը բերեց գոյատևել Երրորդ Ռեյխի պայմաններում: Նա ստիպված եղավ միայն 1936թ. հեռանալ Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսորական պաշտոնից՝ հղում անելով իբրև թե առողջական վիճակի վատթարացմանը, իսկ իրականում պատճառը նրա հրեուհի կինն էր, սակայն մինչև 74 տարեկան հասակը նա  զբաղվեց իր սիրելի գործով: Մեծ մանկաբույժը մինչև 1948թ. աշխատեց որպես մասնավոր բժիշկ՝ բացելով իր մանկաբուժական կլինիկան Մոցարտշտրասսե, տուն 10 հասցեում:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս