Արցախի խնդիրը բրազիլացի հետազոտողի ուշադրության կենտրոնում է. Նա չի տեսել գերեզմանների վանդալիզմի նման դեպքեր, ինչը տեսել է Արցախում. Աշխեն Գևորգյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Աշխեն Գևորգյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, այնտեղ մեկնել էր 3 ամսով, որի ընթացքում բրազիլացի փորձագետներին ու հետազոտողներին պատմել է ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի մասին, որոշ հետազոտողների էլ ուղղորդել դեպի հայաստանյան փորձագետներ՝ Արցախի կոնֆլիկտին, Ադրբեջանի կողմից Արցախում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերին ավելի խորը ծանոթանալու և այդ ամենը տարբեր աշխատանքներում ներկայացնելու համար։

168.am հետ զրույցում Աշխեն Գևորգյանը պատմեց Բրազիլիայի հայ համայնքի ակտիվ գործունեության, բրազիլական ամենամյա կառնավալի ու քաղաքականության կապի, ինչպես նաև Հայաստանի մասին բրազիլացի որոշ փորձագետների արտահայտած կարծիքների մասին։

«Ինքս Բրազիլիա էի մեկնել Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի շրջանակներում»։ Ծրագրի շրաջանակներում իմ ներկայացրած թեման՝ «Իրանը ԲՐԻԿՍ-ում. Փոխադարձ շահերից մինչև տարածաշրջանային նոր հեռանկարներ», ճանաչվեց հաղթող։ Ծրագրի շրջանակներում պետք է ուսումնասիրեի Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին և դրա հավանական հետևանքները Հարավային Կովկասի վրա և ապագայում ԲՐԻԿՍ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները։ Այս ծրագրի համար Բրազիլիայից միանգամից 2 կենտրոններից ստացա հրավերը, մենթորս, ով նաև ինձ ուղարկել էր հրավերը, Անա Էլիսա Սաժիորո Գարսիան էր, նա գիտությունների դոկտոր է և զբաղվում է ԲՐԻԿՍ-ի զարգացումներով ու գործընթացներով։ Նա նաև BRICS Policy Center-ի ու Rural Federal University of Rio de Janeiro-ի (Ռիո դը Ժանեյրոյի դաշնային գյուղատնտեսության համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի) համակարգող դասախոսներից է։

Կարդացեք նաև

3 ամիսների ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու բազմաթիվ հետազոտողների հետ, Անա Էլիսա Գարսիայի շնորհիվ հարցազրույց ունեցա նաև Բրազիլիայի Կառավարության անդամներից մեկի՝ Վեստմանի  հետ, ով Կառավարությունում ԲՐԻԿՍ-ի հարցերով հանձնակատար է։ Նա հստակ ասաց, որ ԲՐԻԿՍ-ի հարցում Հայաստանն ունի հնարավորություններ, ինչը պայմանավորված կարող է լինել 2 հանգամանքով՝ Ռուսաստանով ու հայկական համայնքի լոբբիով»,- նշեց Աշխեն Գևորգյանը։

Ըստ երիտասարդ ասպիրանտի՝ Բրազիլիայի համար Իրանը հետաքրքիր է, կարծում է՝ Բրազիլիան ձգտում է Իրանի հետ ունենալ միջուկային ծրագիր, քանի որ սկսել են ակտիվ համագործակցություն։ Իսկ ԲՐԻԿՍ-ն ուղիղ խողովակ է, որով կկարողանան ուղիղ միանալ մերձավորարևելյան գործընթացներին։

«Ըստ իս, Հայաստանի համար այս ծրագիրը կարևոր էր, նախ, որպեսզի ավելի խորը իմանանք, թե ինչ է ԲՐԻԿՍ-ը, կառուցվածը, նաև հասկանանք, թե Հայաստանի համար կա՞ն հեռանկարներ, եթե կան, ապա ի՞նչ ձևերով են արտահայտվում։

Կարևոր էր նաև ԲՐԻԿՍ կենտրոնում խոսել ու ներկայացնել Հայաստանը, որը բրազիլական տարբեր էջերով տարածվում է։ Այս ծրագրով երբևէ Հայաստանից ու տարածաշրջանից ներկայացուցիչ չի եղել, առաջինը ես էի»,- հավելեց նա։

Աշխեն Գևորգյանի խոսքով՝ Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքի հայկական համայնքը բավականին մեծ ու ակտիվ է, համայնքի շնորհիվ բրազիլացիները գիտեն Հայաստանի մասին գրեթե ամեն ինչ։ Համայնքում ակտիվ աշխատում է նաև Հայկական բարեգործական ընկերությունը, արդյունքում բրազիլիացիները տեղեկացած էին 2023 թվականին Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգությունների մասին, նրանց ջանքերով նաև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել։

«Միջոցառումն ուներ նաև գիտական մաս, որտեղ ներկայացրեցի մեր տարածաշրջանում Իրան-Թուրքիա մրցակցությունը, նաև 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունները։ Բրազիլիան իր տնտեսությամբ աշխարհում 8-րդ է, ունի նավթ, հետևաբար՝ նա չի կարող կախյալ քաղաքականություն վարել որևէ երկրից, այդ թվում՝ Թուրքիայից, այդ պատճառով էլ նրա տեսակետները բավականին հայանպաստ են։ 2015 թվականին Բրազիլիայի սենատն ընդունեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչն ասածիս վառ ապացույցն է։ 2017 թվականին Բրազիլիայի կառնավալում եղել է հայկական տաղավար ու համարվել է կառնավալի պատմության ամենամեծ տաղավարներից մեկը։ Սա էլ է խոսում այն մասին, որ հայկական լոբբին լավ աշխատել է։ Կառնավալով Բրազիլիան նաև իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտում, և այդ միջոցառումը հեռարձակվում է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։ Օրինակ, այս տարի Պաղեստին-Իսրայել հակամարտության ֆոնին էին արել կառնավալը։ Առաջին տաղավարը, որն անցավ շքերթի ժամանակ, մզկիթի տեսք ուներ, ցույց էին տվել, որ հակված են պաշտպանելու Պաղեստինին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աշխեն Գևորգյանը նաև պատմեց բրազիլացի երիտասարդ հետազոտողի մասին, ով զբաղվում  է կոնֆլիկտների ուսումնասիրությամբ։ Նա, Պաղեստինի, Կոսովոյի, Աբխազիայի հիմնահարցի հետ միասին, նաև ուսումնասիրում է Արցախի հիմնահարցը։

«Նա համեմատում է կոնֆլիկտների միջև տարբերություններն ու նմանությունները, կոնֆլիկտների ընթացքը, ծագումնաբանությունը։ Նա ինձանից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ ենք մենք ասում Արցախ, իսկ աշխարհը՝ Լեռնային Ղարաբաղ, նաև զարմացած հարցնում էր, թե ինչո՞ւ է Ադրբեջանն Արցախը ներկայացնում՝ որպես  ադրբեջանական, երբ այնտեղի բնակիչները եղել են էթնիկ հայեր։ Շատ էր հետաքրքրվում, թե կոնկրետ այս պահին Ադրբեջանի հսկողության տակ ինչ կարգավիճակում են հայկական կոթողները, քանի որ նա հավաքած նյութեր ուներ՝ Արցախում Ադրբեջանի կողմից հայկական կոթողները վանդալիզմի ենթարկելու դեպքերի վերաբերյալ։

Ինձ ցույց տվեց նկարներ Շուշիի ամենափրկիչ եկեղեցուց, թե ինչպես են եկեղեցին վերածում մզկիթի։ Հստակ ասաց, որ Արցախի հարցը էթնիկ խնդիր է, էթնիկ ատելությունը, նաև իր ուսումնասիրած երկրների դեպքում, չի տեսել գերեզմանների վանդալիզմի դեպքեր, ինչը տեսել է Արցախում։ Նրան ես փոխանցեցի մի քանի հայ մասնագետների կոնտակտներ, որպեսզի նրանք էլ Արցախի խնդրի ու ներկայիս իրավիճակի մասին տվյալներ փոխանցեն՝ արդեն ավելի մասնագիտորեն»,- ընդգծեց Աշխեն Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս