Ալիևը երբևէ չի ստորագրել փաստաթուղթ, որտեղ հստակ նշված է ՀՀ տարածքը. խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը. Էդգար Ղազարյան

«Դասեր» հաղորդաշարում հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, խոսել է սահմանադրության փոփոխության վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների իրական նպատակների մասին:

«Խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը, որովհետև սովորաբար եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել Սահմանադրությունը, այդ փոփոխությունը վերաբերում է կառավարման ձևին։ Եթե Սահմանադրության մեջ բովանդակային փոփոխություններ չեն լինելու, ապա ինչո՞ւ են սրանք փոխում Սահմանադրությունը, ո՞ւմ թելադրանքով են դա անում»,- ասաց նա:

Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանը ստեղծվել է մեր Անկախության հռչակագրով։

Կարդացեք նաև

«Մեր Սահմանադրությունը չի ասում, որ ՀՀ-ն 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդն է, և դա ֆանտաստիկ խելացի որոշում էր։ Ժամանակին ՀՀ իշխանությունները ոսկերչական աշխատանք են կատարել Անկախության հռչակագրի տեքստը պատրաստելիս:  Հանճարեղ լուծում է գտնված՝ և՛ չի անտեսում այդ պետությունը, և՛ չի մտնում նրա ստանձնած պարտավորությունների տակ։ Այդ ժամանակվա Գերագույն խորհրդում 13 պատգամավոր եղել է Լեռնային Ղարաբաղից։ Ոչ մի պարագայում հնարավոր չէ հրաժարվել Հայաստանի Անկախության հռչակագրից։ Դա հնարավոր է անել միայն պետությունը լուծարելու դեպքում»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Հանրային գործիչը հիշեցրեց՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի 70%-ն ադրբեջանական է։

«Եվ անգամ այս պայմաններում ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ որևէ պահանջ չի դնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության, որ դա չվտանգի խաղաղության օրակարգին։

Ադրբեջանի նախագահը դեռ չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում են Հայաստանի սահմանները։ Գրանադայի փաստաթղթում անգամ թիվ նշված չէր, բայց Ալիևը չգնաց Գրանադա ու չստորագրեց այդ փաստաթուղթը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս