
Ինչպե՞ս խուսափել ողնաշարի ճողվածքից, ձիու պոչի համախտանիշից․ Նյարդաբանի խորհուրդը
Շատերը կյանքի ընթացքում ունենում են մեջքի ցավ, գլխապտույտ, ձեռքի և ոտքի թուլություն, որոնք կարող են պայմանավորված լինել ողնաշարի ճողվածքով։
Հիվանդության, զարգացման պատճառների մասին զրուցել ենք նյարդաբան Ալլա Վարդանյանի հետ։
– Ի՞նչ է ողնաշարի ճողվածքը։
– Առհասարակ միջողային սկավառակը ողնաշարի համար ամորտիզացման դեր է կատարում։ Կազմված է փափուկ կորիզից ու ավելի հաստ թաղանթից։ Երբ հաստ թաղանթը պատռվում է, փափուկ կորիզը դուրս է գալիս պատռվածքի հատվածից, ու այն հենց ճողվածքն է։
– Ո՞ր ախտանշաններն են հուշում խնդրի առկայության մասին։
– Հնարավոր է՝ մարդն ունենա ճողվածք ու բացարձակ դրա մասին չիմանա։ Ճողվածքը կլինիկապես դրսևորվում է, երբ սկսում է ճնշել հարող ողնուղեղային նյարդարմատին կամ ողնուղեղին, և այդ ժամանակ արդեն ախտանիշները կախված են լոկալիզացիայից։
Եթե, օրինակ, պարանոցային հատվածում է, առաջանում է ցավ պարանոցում, դեպի ձեռք խփող ցավ, մկանային ձգում, թուլություն, ծակծկոցներ, թմրածություն։ Ողնաշարի կրծքային հատվածում ավելի հազվադեպ են ճողվածքներ հանդիպում։ Հաճախակի հանդիպում են գոտկային հատվածում, և այդ ժամանակ ցավը ճառագայթում է ոտքով դեպի ներքև, առաջացնում է նաև մկանային ձգվածություն։ Որոշ դեպքերում կարող է առաջացնել զգացողական խանգարումներ, մկանային թուլություն, ընդհուպ մինչև կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։
– Հուշող ախտանշաններից են նաև գլխացավն ու գլխապտույտը։
– Պարանոցային հատվածում՝ այո՛, կարող է լինել՝ կապված մկանային ձգման հետ։
– Հաճախ նշում են, որ ձեռքերի և ոտքերի հատվածում կա թուլություն․ սա նյարդերի վնասման հե՞տ է կապված։
– Առհասարակ քիչ հավանական է, որ եթե ձեռքերում և ոտքերում կա խնդիր՝ պատճառը ճողվածքն է, որովհետև այնքան էլ հավանական չէ, որ այդ քանակի ճողվածքներ, որոնք նյարդերի են հարում՝ առաջացնում են կլինիկական դրսևորում բոլոր չորս վերջույթներում։
– Նստակյաց ապրելակերպը դեր ունի՞ ճողվածքի առաջացման գործում։
– Այո՛, նստակյաց ապրելակերպը մեծ դեր ունի։ Առհասարակ երկար ժամանակ ստատիկ դիրքը ողնաշարի համար գերծանրաբեռնվածություն է առաջացնում։ Նույն ձև ողնաշարը գերծանրաբեռնվում է նաև հավելյալ քաշի արդյունքում։ Օրինակ, ծանրաբեռնվում է պրոֆեսիոնալ մարզիկների մոտ։ Ռիսկի խմբում են նաև ծխողները, որովհետև սկավառակի արյունամատակարարումը վատանում է, ինչը հանգեցնում է սկավառակում դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների։
– Մեր օրերում բոլորը գլուխները կախ ման են գալիս, այսինքն՝ անընդհատ նայում են հեռախոսի էկրանին։ Այն և՞ս ազդում է։
– Կեցվածքը մեծ կապ ունի մկանային լարվածության ու ողնաշարի ճիշտ գործունեության հետ։ Խորհուրդ է տրվում ուղիղ, ձիգ նստել, բայց բոլորիս մոտ ոչ միշտ է հաջողվում։ Առհասարակ լավ կլինի մկանները մարզված լինեն։ Երբ մեջքի, որովայնի մկանները զարգացած են լինում, կարողանում են որոշակի բեռնաթափել ողնաշարը, ծանրաբեռնվածությունն իրենց վրա վերցնել։
– Խնդիրը ո՞ր տարիքից է ի հայտ գալիս։
– Իրականում հստակ սահմաններ չկան։ Կապ ունի կենսակերպը, սակայն հիմնականում հանդիպում է միջին տարիքում՝ կանանց ու տղամարդկանց շրջանում։ Խնդիրն ավելի շատ գոտկային հատվածում է լինում ու գալիս է դեպի ոտք ճառագայթող մկանային ձգվածությամբ, քայլվածքի խանգարումով։
– Ի՞նչ հետազոտություններ պետք է կատարել՝ ողնաշարի ճողվածքը բացահայտելու համար։
– Ճողվածքների ախոտորոշման համար ոսկե ստանդարտը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան է, որի միջոցով հնարավոր է տեսնել փափուկ հյուսվածքները, միջողային սկավառակները։ Նաև այն, թե ինչքանո՞վ է ճողվածքը ճնշում նյարդին։
Նշեմ, որ առաջնային էտապում միշտ չէ, որ նշանակվում է ՄՌՏ հետազոտություն։ Եթե չկա սուր նյարդաբանական դեֆիցիտ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում, հարաճող մկանային թուլություն, ճողվածքի առավել վտանգավոր բարդությունների կասկած, այդ ժամանակ խորհուրդ է տրվում սկսել կոնսերվատիվ՝ ոչ վիրահատական բուժում։ Կարող են պայմանական բաժանել երկու մասի․ սուր և վերականգնողական շրջանի բուժում։ Սուր փուլում հիմնականում ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, դեղորայք են օգտագործում, վերականգնողական փուլում՝ ֆիզիոթերապիա և բուժական ֆիզկուլտուրա։ Հստակ ցուցումների դեպքում հնարավոր է կատարվի վիրահատական միջամտություն։
– Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ողնաշարի ճողվածքը չբուժելու դեպքում։
– Հնարավոր է առաջանա՝ արմատիկային համախտանիշ, որը դրսևորվում է ցավային համախտանիշով։ Կարող է առաջանալ ձիու պոչի համախտանիշ (հիվանդագին վիճակ, որն առաջանում է ողնուղեղի ծայրից ներքև գտնվող նյարդերի խուրձը (ձիու պոչ) վնասվելու պատճառով)։ Դա լինում է, երբ ճողվածքները ողնաշարի գոտկասրբանային հատվածում են տեղակայվում, սեղմում և առաջացնում են կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։
– Նաև ծանրություն բարձրացնե՞լն է խնդիրներ առաջացնում։
– Այո՛։ Ցանկացած բան, որը ողնաշարի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է, կարող է նպաստել խնդրի առաջացմանը։
– Մի ժամանակ ասում էին, որ եթե չոր անկողնում քնես՝ խնդիրներ չեն առաջանա։
– Կա նմանատիպ ճշմարտություն։ Առհասարակ խորհուրդ է տրվում չոր անկողին ընտրել։ Օրթոպեդիկ անկողինը շատ հարմար է։ Սակայն, եթե խնդիրը կա, միայն սրանով չի կարելի սահմանափակվել։
– Ի՞նչ անել՝ խուսափելու համար ողնաշարի ճողվածքից։
– Բեռնաթափել ողնաշարը։ Օրինակ, եթե ունենանք լավ զարգացած մկանային կարկաս մեջքում, որովայնի հատվածում, դա կարող է բեռնաթափել ողնաշարը։ Ուշադրություն պետք է դարձնել կեցվածքին։ Նստակյաց ապրելակերպ վարողներին խորհուրդ է տրվում 30-60 րոպեն մեկ վեր կենալ պտտվել, գալ և շարունակել։
– Հիվանդությունն ունի՞ կրկնվելու հավանականություն։
– Եթե խոսքը կոնսերվատիվ բուժման մասին է, ապա մենք հանել ենք ախտանիշները, ճողվածքը ոչ մի տեղ չի անհետացել։ Իր կողմից առաջացած բորբոքումը, նյարդին սերտ հարումն է անհետացել ու, բնականաբար, ինչ-որ ժամանակ անց կարող է զգացնել տար։ Սուր փուլի դեպքում կրկին պետք է բուժում կատարել։