Երաժշտության ասպարեզում ինձ համար կարմիր գիծ կա… Թաթուլի համերգի մեջ բացասական բան չեմ տեսնում, բայց… Մավր Մկրտչյան

«Եթե ապրեի հանրության պահանջներով, ապա իմ ձեռագիրը մի փոքր այլ կլիներ»,- ասում է ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը։

Իսկ թե ինչպե՞ս է կարողացել տարիների ընթացքում մնալ անդրդվելի՝ պարզել ենք զրույցի ընթացքում։

Այս միտքն արտահայտել եք շուրջ 12 տարի առաջ։ Որևէ բան փոխվե՞լ է։

– Հաճելի էր, որ տարիներ առաջ ասած խոսքերս հիշեցրեցիք։ 12 տարվա մեջ իմ սկզբունքները չեն փոխվել։

Կարդացեք նաև

– Իսկ հանրության պահանջները փոխվե՞լ են։

– Այնքան հարաբերական է «հանրության պահանջ» ասվածը, որովհետև շատերի համար դա ինչ-որ տեղ նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց է, որովհետև ո՞վ ասաց, որ հանրությունը պահանջում է միայն ռաբիս կամ ժողովրդական երգեր։ Հանրությունը տարբեր բաներ է պահանջում, բայց դու ի՞նչ ես տալիս։ Կամ՝ դու ինչո՞վ ես որպես արտիստ՝ քո դեմքը ցույց տալիս, սրա մասին է խոսքը։ Կարծում եմ՝ արտիստը նաև նրանով է արտիստ, որ, բացի հանրության պահանջները, պետք է նաև ինքը պահանջ ձևավորի հանրության մեջ․ դրանով է կայանում ազգի ձեռագիրը։ Իսկ ո՞վ ասաց, որ Կոմիտասի ժամանակ հանրությունը պահանջում էր նրա երգերը, կամ՝ եթե Կոմիտասը շարժվեր հանրության պահանջով, մենք ի՞նչ էինք ունենալու այսօր։

– Օրերս համացանցը ցնցեց Թաթուլի համերգը։ Ներկաներն արդարացան՝ նշելով, որ գնացել են զուտ ժամանակ անցկացնելու, ուրախանալու համար։ Հիմա մենք արդյո՞ք չենք առաջարկում այնպիսի երաժշտություն, որի ներքո կարելի է ուրախանալ։

– Իմ կարծիքով՝ այստեղ շատ մեծ գործ ունեն անելու և՛ արվեստագետները, և՛ պետությունը։ Հասարակությունը վերցնում է այն, ինչ տալիս են, կամ այն, ինչը շատ հասանելի է։ Այս դարաշրջանում ինֆորմացիոն մեծ հոսքն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Դրականն այն է, որ ինչ փնտրես՝ կարող ես ձեռք բերել։ Հիշում եմ, դպրոցական տարիներին երբ ուզում էի դասական երգեր լսել, գնում էի Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարան, պատվիրում, ժամ վերցնում ու այդ մեկ ժամում լսում էի իմ ուզած երաժշտությունը, որը հասանելի չէր մյուս հարթակներում։ Ես հնարավորություն չունեի երբ ուզեի՝ լսեի։ Իսկ այսօր ամեն ինչ հասանելի է։ Բնականաբար, հասարակության մեծ շերտը պարտավոր չէ ընկալել դասական երաժշտությունը․ այն նեղ շերտի համար է։

Շատերի համար ընկալելի է հեշտ մատուցվող, հեշտ ընկալելի երգն ու երաժշտությունը։ Եվ այս հեշտությունը բերում է հասարակության մտածողության ձևավորման այդ ուղղությամբ զարգացմանը։ Այստեղ, կարծում եմ, անելիք ունեն մշակույթի ոլորտի մարդիկ և պետությունը՝ ձևավորելու հասարակության ճաշակն ու սկզբունքները։ Պետությունն ուժեղ է, ազգը նրանով է ազգ, երբ ունի սկզբունքային հասարակություն։ Սկզբունքայնությունն է դառնում պետության ուժը։ Սրա մեջ է մեր թերացումը։ Թաթուլի համերգի մեջ ոչ մի բացասական բան չեմ տեսնում, բայց բացասական է այն, որ քանի օր է՝ համերգից են խոսում։ Գնացել՝ գնացել են։ Թեկուզև վատ, բայց պրոպագանդա է։ Իսկ լավի մասին խոսո՞ւմ են, չե՛ն խոսում։

Երաժշտության ասպարեզում ինձ համար կարմիր գիծ կա։ Երբ հասարակության մեջ, մշակութային դաշտ ենք բերում հարևանների «մշակույթը», սա անընդունելի է։ Մենք բոլոր ժանրերի ահռելի բազա ունենք և հարևանի «մշակույթի» կարիքը չունենք։

– Ինչպե՞ս երիտասարդներին տանել դեպի ազգային երաժշտությունը։

– Պետք չէ տանել, պետք է ինքդ այդպես ապրես։ Ես իմ երեխայի մոտ հատուկ չեմ խոսում այն մասին, որ՝ Մոնթե ջան, դու հայ ես, պետք է սա լսես, նա լսես։ Երեխաների իդեալը ծնողներն են։ Ընտանիքից է սկսվում այդ ամենը, ապա նոր՝ մանկապարտեզից ու դպրոցից։ Այսինքն, այստեղից պետք է սկսենք ճաշակ ձևավորել։ Ինչպես ապրենք, այնպես կմեծանան մեր սերունդները։ Վաղն իմ երեխան ավելի ազգային է լինելու, քան ես։

Գոնե օրական մի քանի անգամ հասարակական տրանսպորտում, եթերից պետք է անընդհատ լսեն Կոմիտաս։ Տեսեք, տարիներ հետո մարդիկ ենթագիտակցորեն ի՞նչ պահանջ կունենան։ Պետք չէ հասարակությանը մեղադրել, որ այդպես են ձևավորվել։ Սխալ է ձևավորվել՝ դուք ճիշտը ձևավորեք։

– Ձեր որդին 6 տարեկան է և արդեն երգում է։ Դո՞ւք եք դրդում, որ գնա երգի ճանապարհով։

– Անկեղծ ասած՝ ոչ։ Ունի տարբեր ընդունակություններ։ Երաժշտությունից բացի, շատ է սիրում շախմատ, նկարչություն։ Իմ առջև խնդիր էի դրել, որ հանկարծ որևէ կերպ չնպաստեմ երգիչ դառնալուն, չդրդեմ, որ հոր օրինակով լինի, բայց այնպես ստացվեց, որ կարծես ինձ պարտադրեց՝ երգի, երաժշտության հանդեպ իր սիրով, որ հաճախի երաժշտության դասերի։

Ժամանակին Դուք էլ «պարտադրել» եք Ձեր ծնողներին։

Կարելի է ասել՝ այո, չնայած իմ ծնողի հեռատեսությունը, նվիրվածությունն ինձ այսօր այստեղ հասցրեց։ Մինչև հիմա աչքիս առջև այն պատկերն է, թե ինչպես էր հայրս ամեն օր նվագում ու երգում։ Ամեն երեկո ամենաքիչը մեկ ժամ նվագում էր ակորդեոն ու երգում ժողովրդական, աշուղական երգեր։ 5-6 տարեկան էի, անընդհատ վազում էի, խաղում, ինչ-որ մի փուլում հայրս երգել տվեց, ու պարզվեց, որ իր երգած բոլոր երգերը գիտեի։ Իր օրինակին հետևելով՝ 7 տարեկանում ես էի ամեն օր 1 ժամ ակորդեոն նվագում, երգում։

Հայրս տեսավ, որ ընդունակություններ կան, ու որոշվեց ինձ ու եղբայրներիս Ջավախքից Երևան ուսանելու ուղարկել։ Բարդ էր․ 10 տարեկան երեխա, ծնողներից հեռու, գյուղական միջավայրում մեծացած… Պատկերացրեք՝ ինչքան մեծ էին խնդիրները, վտանգը։ Հիմա որ տեսնում եմ՝ ինչ մեծ քայլի են գնացել ծնողներս, այն հերոսական է ինձ համար։ Նժդեհն ասել է, չէ՞՝ «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։

Բարդությունները տեսնելով՝ չե՞ք ասել՝ եկեք, ինձ հետ տարեք։

– Չի եղել, բայց հիշում եմ, առաջին մի քանի ամիսը որ եկա, հայրս որոշ ժամանակ մնաց ու գնաց։ Դե, այն ժամանակ էլ հեռախոսներ չկային, գյուղում 2-3 հեռախոս կար, ու ժամերի համար պայմանավորվում էին, որ 1-2 րոպե խոսեին։ Ու երբ զանգեցին՝ սկսեցի լացել։ Դե, կարոտում ես ծնողներիդ, գյուղը, բայց հետո դա ինձ սկսեց ավելի շատ ուժ, պատասխանատվություն տալ, որ ծնողներդ այդ զոհողությանը գնում են ոչ թե նրա համար, որ դու քո հաճույքների համար ապրես, այլ անես այն, ինչի համար եկել, հասել ես այստեղ։

Կարևորում եք հայկական մշակույթը ոչ միայն հայերին հասանելի և ճանաչելի դարձնելը, այլև օտարներին։ Դրա լավագույն տարբերակը «Եվրատեսիլն» է։ Երբևէ մտածե՞լ եք դրան մասնակցելու մասին։

Չեմ մտածել, բայց եղել է, որ շատ ցավել եմ։ Ժամանակին սիրում էի, նայում էի, հետաքրքրում էր, սակայն այս վերջին տարիներին դարձավ անհետաքրքիր և ինձ համար անընդունելի, որովհետև դառնում է քաղաքականություն, ու երբ պրոպագանդվում է վատ բան, որը չպետք է լինի, մի քիչ ուրիշ է։ Ամեն ինչի մեջ էլ կարելի է գտնել դրականն ու օգտակարը քո ազգի համար։ Եթե կա միջոց, նման մեծ հարթակ, դա պետք է օգտագործել ազգայինը պրոպագանդելու համար։ Տարի կա՝ այդպես արվում է, տարի կա՝ ոչ։ Կուզեի, որ սրա վրա ուշադրություն դարձնենք։

– Երևի նաև օտարահունչ երաժշտություն չներկայացնենք։

– Այսօր այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ սա մի քիչ հարաբերական է, որովհետև նաև պետք է վերցնես։ Երբ կա ընդհանուր լեզու, ավելի հեշտ է դա օգտագործելը, քոնը ներդնելն ու նրանց հասցնելը։ Մենակ քոնը ներկայացնելու դեպքում գուցե բարդ լինի։

Վերջին տարիներին երգիչները շատ են կատարում հայ լավագույն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Սա ինչո՞վ է պայմանավորված երգահանների խնդիր ունե՞նք, թե՞ որևէ մեկը չի գրում այնպես, ինչպես Տերյանը, Սահյանը։

– Սա ինձ համար շատ դրական միտում էր, որովհետև այդ ընթացքում ստեղծվեցին գործեր, որոնց պակասը երգարվեստում վերջին շրջանում կար։ Ունենք լավ խոսքեր գրող, բայց կներեք, այսօր ոչ ոք Սահյան, Սևակ կամ Չարենց չէ։ Ժամանակակից լավ գրողներ ունենք, սակայն, ցավոք, լուրջ պոեզիան այսօր երգարվեստ չի մտնում։ Պոեզիայի և երգարվեստի միջև կապը բավականին թույլ է։ Վահագն Մուղնեցյանն ինձ համար ժամանակակից հանճարեղ պոետ է, որի բանաստեղծությունները կարելի է երգ դարձնել։ Բայց շատ ուրախ եմ, որ եկավ մի ժամանակահատված, որ սկսեցին Տերյանի, Սևակի, Սահյանի բանատեղծությունները երգի վերածել։ Սա որակ փոխեց։

– Համո Սահյանի տողերից մեկի հիման վրա երգ ունեք, որտեղ ասվում է

 «Այս աշխարհում ես ապրեցի
Ամեն տեսակ
Տաք ու պաղից ճաքճքելով,
Ամեն ինչից ինձ զրկելով,
Ինձ ժխտելով ու լքելով…»։

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, ինչպե՞ս եք հաղթահարել, և ի՞նչն է Ձեզ ցավ պատճառում։

– Իրականում ես ինձ շատ ուժեղ մարդ եմ համարում և դժվարություններն ընկալել եմ ոչ թե բացասական, այլ դրական առումով, որովհետև եթե դիմացս պատ է, սկսում եմ ջարդել, լուծել խնդիրը։ Մանկության տարիներից դժվարությունները հաղթահարելը ոնց որ դարձել է իմ ապրելակերպը։ Քանի ապրում ես, ուրեմն ուժեղ ես։

Այդ դեպքում Ձեր նեղ օրերի ընկերն ո՞վ է։

– Ես ինքս (ծիծաղում է։- Ա․Կ)։ Իմ մենությունը։ Բոլոր դեպքերում փորձում եմ գտնել ինքս ինձ, և երբ հասկանում ես ամեն ինչի պատճառը, հասնում գիտակցական ու հոգեբանական մի վիճակի, որտեղ շատ երևույթներ արդեն չես ընկալում այնպես, ինչպես ընկալում են բոլորը, ու սկսում ես այլ կերպ ընկալել, շատ հարցերի դեպքում տեսնում ես հեռուն։ Շատ դժվարություններ լուծում են ստանում, քան թե ուղղակի ձևով ընդունեիր։

– «Կանչ հայոց տան» երգում խոսում եք Մեծ Հայքի, Տիգրան Մեծի մասին։ Դարերով ունենք Ծովից  ծով Հայաստանի երազանքը, բայց չենք կարողանում իրականացնել։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում։

Շատ բան է խանգարում, բայց թիվ մեկ խանգարող հանգամանքը մեր ազգի պառակտվածությունն է։ Երբ միասնական լինենք՝ մեր դեմ ոչ ոք չի կարող խաղալ։ Պատմության մեջ չկա դեպք, երբ եղել ենք միասնական ու տանուլ ենք տվել։ Մեզ միշտ բաժանել ու տիրել են, ու այս երգի մեջ միասնականության կոչ է արվում, հզոր հոգիներին ոգեկոչում։

Մի փոքր Ձեր երգացանկից տարբերվող նոր երգ ունեք՝ «Դու, էլի դու»։ Մեր օրերում շատ քիչ են իրական սիրո մասին երգերը։ Նաև սե՞րն է վերացել։

– Երբ ստեղծագործող հոգի ես, ժամանակ առ ժամանակ ասելիքներդ տարբեր են, չէ՞։ Բնականաբար, ժողովրդական, հայրենասիրական երգերը գերակշռում են, սակայն երբեմն կարիք է լինում, որ առանձնանաս, հասկանաս, թե ի՞նչ էմոցիա կուզեիր տալ, ինչպե՞ս է այն դրսևորվում, և այդ դրսևորումներից մեկն էլ այդ երգն էր։ Ինձ համար անկեղծ երգ է, որովհետև անկեղծ հույզերով է ձևավորված։ Այդ պահին իմ զգացմունքների ուղղակի արտահայտումն էր։

Տեսանյութեր

Լրահոս