«Ապրիլին մեծ աշխատանքի առաջարկ ունեմ Իտալիայում, համաձայնել եմ և մեկնելու եմ». գյումրեցի մոդել
Հայկական նորաձևության ներկայացուցիչ Նաիրա Գրիգն այս բնագավառում աշխատում է 2010 թվականից: Չնայած հաճախ է ճամփորդում Եվրոպայում, Գյումրին իր տունն է համարում: Շատ մոդելների մոտ ընդունված է մարմնի կազմվածքը պահպանելու համար դիետա պահել, սակայն Նաիրա Գրիգը ոչ մի դիետայի չի հետևում: Նա նաև խոստովանում է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել հրաժարվել իր նպատակներից և կարիերայից, քանի որ հաջողության հասնելու համար մշտապես պայքարում է: 168.am-ը զրուցել է գյումրեցի մոդելի հետ:
– Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մոդելային գործով:
– Մոտ հինգ տարի առաջ ինձ համար առաջնային նպատակ էր՝ ունենալ աշխատանք, շրջագայել և լինել գոնե մեկ այլ երկրում: Այսօր քարտեզի մի էջն արդեն թերթել եմ: Կարծում եմ՝ ցանկացած երիտասարդի համար նպատակային քայլերը պետք է այնքան հստակ դրվեն, որ կարողանա նպատակի ա կետից անցնել բ-ին: Ինձ մոտ դրանք հստակ են դրված: Ես կյանքից պահանջ չունեմ, չունեի նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցի սովորել հայաստանյան ամենալավ բուհերից մեկում, չունեի, երբ մի նախադասությունից սկսվեց իմ նորաձևության կարիերան, չունեի նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեցի ինքնուրույն մշակել ու իրականացնել իմ բիզնես նպատակները: Այսօր էլ, երբ Եվրոպայում առաջարկվող աշխատանքներ եմ ստանում, ես չեմ պահանջում բարձր վարձատրություն և շքեղություն, դրանք ժամանակին կլինեն: Այսօր ես միայն վայելում եմ բեմը:
– Ինչո՞վ է առանձնանում մոդելի մասնագիտությունն այլ մասնագիտություններից:
– Երբ խոսքը գնում է իմ՝ այդքան տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների մասին, ես միանշանակ առանձնացնում եմ նորաձևության ասպարեզը: Վերջերս կրկին ասել եմ, մոդելային մասնագիտությունն այդքան էլ հեշտ ու զարմանալի չէ: Դա միայն ծաղիկներ, հաճելի միջոցառումներ, շամպայն և եթերային հաճույք չէ: Դա պահանջում է մեծ համբերություն, գործազրկության պահեր, նույնիսկ ամիսներ և տարիներ` գումարի պակաս:
Այս ոլորտում վախկոտությունն ու հիասթափությունը տեղ չունեն, քանզի այս պահերին կարող են հաջորդել երջանկության, շռայլության, հաջողության պահերը: Եթե դու պատրաստվում ես այդ կյանքով ապրել, պետք է պատրաստ լինես և´ հաջողության և´ պարտության, նույնիսկ՝ անգամ դրանց մեջ վառվելու աստիճան: Եվ այդ ժամանակ դու կկարողանաս այդ հազվադեպ հաջողությունը հիշել՝ որպես երջանիկ ակնթարթ:
Բազում առաջարկներից եմ հրաժարվել, դրսում ավելի մեծ հաջողությունների կարող էի հասնել, բայց Գյումրին ինձ համար անփոխարինելի է:
Գյումրին այն վայրն է, որտեղ ինձ համար միշտ հարազատ ու ընտանեկան մթնոլորտ է: Ինձ համար այդքան երազելի չէ այն, որ ես ճամփորդում եմ և լինում տարբեր երկրներում, այլ այն, որ ես օդում անցկացնում եմ երկար ժամանակ և թռչում: Որքան ճանապարհս երկար է, այդքան ես` երջանիկ: Իմ ամեն օրը մի նոր ձեռքբերում է: Ես բնավորությամբ անհանգիստ, էներգիայով հարուստ անձնավորություն եմ, չեմ սիրում նույն վիճակում երկար ժամանակ գտնվել:
Սիրում եմ փոփոխություններ և ինձ փորձում եմ տարբեր բնագավառներում: Ինձ համար անհաղթահարելի ոչինչ չկա, ես տուն եմ վերադառնում ամեն անգամ մի նոր ձեռքբերումով: Գյումրիում էլ առաջարկները քիչ չեն. վերջերս հրաժարվել եմ միաժամանակ երկու սիտքոմում նկարահանվելու հեռանկարային առաջարկներից, սակայն այնտեղ, որտեղ կտեսնեք ինձ երեք ամիս հետո, դա ավելի մեծ հաջողություն է ինձ համար: Հիմա հասկանում եմ, որ պետք չէ վազել ցանկացած քեզ արված առաջարկի հետևից, պետք է սպասել գերագույնին:
Ապրիլին մեծ աշխատանքի առաջարկ ունեմ Իտալիայում, համաձայնել եմ և մեկնելու եմ` Աստված առաջ:
Վերադառնալով Եվրոպայից, որտեղ վարում էի բարեգործական փառատոն, սկսել եմ զբաղվել, այդքան կարճ ժամանակահատվածում, մեծ ճանաչում գտած «Գյումրի տուր» տուրիստական գործակալության աշխատանքներով, հանդիսանում եմ կազմակերպության համահիմնադիր: Մենք այն թիմն ենք, որը երեք ամիս շարունակ անդադար աշխատել է բարեգործական հիմունքներով, որպեսզի այսօր ունենա Գյումրիում համար առաջին տուրիստական գործակալությունը:
Կյանքն իմ հանդեպ շատ առատաձեռն է գտնվել, և ես դա գնահատում եմ, կարծում եմ՝ կյանքն էլ հետագայում ինձ հետ արդար կվարվի:
– Ինչո՞ւմ է Ձեր հաջողությունը:
– Երբեք չեմ մտածել կյանքում մարդկանց հանդեպ չարություն անել, վրեժ լուծել կամ խաբել. սրանում է կայանում իմ հաջողությունը: Ես գիտակցում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքը որոշակի ժամանակահատվածով վարձակալել է, և որոշ դեպքերում կարող է դրա հետ վարվել այնպես, ինչպես նա է ուզում:
Ես մեծ գին եմ վճարել՝ տնօրինելու իմ կյանքն այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում: Այդքան երազելի և բաղձալի թվացող իմ առօրյան այդքան էլ այդպես չէ, բայց կա մի բայց, որը ես միշտ աշխատում եմ շրջանցել ժպիտով` ժպտալ ցանկացած պարագայում, որն օգնում է ինձ հաղթահարել անհաղթահարելին, որն իրապես գոյություն չունի` դա հորինվածք է ալարկոտների համար, և սա հաջողության իմ գրավականն է:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը