Հայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվում
Ռուսաստանի քաղաքացիների շրջանում Հայաստանում վարձակալությամբ բնակարանների պահանջարկը կտրուկ աճել է և արդեն համեմատելի է 2022 թվականի ցուցանիշների հետ։ Այս մասին գրում է «Վերստկա»-ն՝ վկայակոչելով հայաստանյան անշարժ գույքի գործակալներին։
Գործակալներից մեկի խոսքով՝ վերջին մի քանի ամիսներին Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 30%-ով։ Նա ստեղծված իրավիճակը բացատրել է նոր ժամանող ռուսների հոսքով։
Պարբերականի աղբյուրը նշել է, որ վերջին տարիներին իր ծառայություններից հիմնականում օգտվում էին արդեն Երևանում բնակվող ՌԴ-ից արտագաղթածները։ Ներկայում նրա հաճախորդների շուրջ 80%-ը ռուսաստանցիներ են, որոնք վերջերս են ժամանել Հայաստան կամ միայն պատրաստվում են տեղափոխվել։
Հայաստանում անշարժ գույքի գործակալները պատմում են, որ պահանջարկի նոր ալիքը սկսվել է մայիսյան տոներից հետո և շարունակում է աճել։ Հաճախորդների մի մասը բնակարաններ է փնտրում օգոստոսի վերջի և սեպտեմբերի համար։

