Պուտինը նոր դեսպան է նշանակել Հյուսիսային Կորեայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Պոդյելիշևին նշանակել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ Համապատասխան հրամանագրով դիվանագետն ազատվել է Նիգերիայում դեսպանի պաշտոնից, գրում է «Коммерсантъ»-ը։
Պոդյելիշևը 1984 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և նույն տարում սկսել դիվանագիտական կարիերան ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում։ Նա տիրապետում է անգլերենի և կորեերենի։
Ծառայության ընթացքում դիվանագետն աշխատել է Հյուսիսային Կորեայում խորհրդային դեսպանատանը, ինչպես նաև Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչություններում։ 2005-ից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուպատոսական դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2015–2019 թվականներին ղեկավարել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ 2024 թվականին նշանակվել է Ռուսաստանի դեսպան Նիգերիայում։
Բացի դրանից, Պուտինը ստորագրել է մի շարք երկրներում ռուսական նոր դեսպանների նշանակման մասին հրամանագրեր։ Ստանիսլավ Կրանսը դարձել է Ռուսաստանի դեսպանը Տոնգայում, իսկ Ալեքսանդր Բրյանցևը նշանակվել է դեսպան միաժամանակ Սան Տոմե և Պրինսիպիում և Անգոլայում։

