«Այն գլխից էլ դա նկատի ունեին, դպրոցի դիմացը Տիգրանաշենն է, չէ՞, խոսակցություն կա, որ Արծվաշենի հետ փոխանակում է լինելու». Քանդակագործ

Նախորդ տարվա վերջին ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կողմից քանդակված և Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված Պարյուր Սևակի քանդակը մեծ աղմուկ էր բարձրացրել, այս պահին այն հանգրվանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ մասնավոր տարածքում։

«Քանդակն այլևս դպրոցի բակ չի վերադառնալու, եթե դուք գիտեք՝ քաղաքական իրադարձություններից ելնելով։ Կարծում եմ՝ այն գլխից էլ դա նկատի ունեին, դպրոցի դիմացը Տիգրանաշենն է, չէ՞, բա, խոսակցություն կա, որ Արծվաշենի հետ փոխանակում է լինելու։ Դե, ոչ թե ես մտավախություններ ունեմ, այլ իշխանությունը, գյուղապետը մտավախություններ ունեն, մարզպետը։ Մի խոսքով՝ քաղաքական որոշում է, դե պարզ է, չէ՞, եթե փոխանակում են անելու, հայերին հանելու են, ադրբեջանցիների կբերեն։ Իմ կարծիքով՝ անկարելի է քանդակը նորից վերադարձնեմ դպրոցի բակ»,- 168.am հետ զրույցում ասաց Լևոն Թոքմաջյանը։

Ըստ քանդակագործի, երբ քանդակը դպրոցի բակից տեղափոխել էր, Մալաթիա-Սեբաստիա համայնքից մեկը ցանկություն էր հայտնել, որպեսզի քանդակը տեղադրվի իրեն պատկանող տարածքում։

«Գնացի, տարածքը տեսա, լավն էր, հետևի հատվածում էլ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցն էր, որոշակի շտկումներ էի անում քանդակի վրա, տեսա՝ աշակերտները գալիս, նայում էին։ Դրա համար էլ մտածեցի, որ կարելի է թողնեմ այդտեղ։ Մարդը, որը վերցրել է ինձանից քանդակը, խոստացել է, որ այն փոքր պատվանդանի վրա կդնի, որպեսզի գետնի վրա չմնա, իմ տեղեկություններով, սակայն, մինչև այսօր չի դրել։ Պետք է գնամ ու այդ մարդու հետ խոսեմ, հասկանամ՝ պատվանդանի վրա  դնելո՞ւ է, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

Իհարկե, քանդակը բավականին բարձր է, բայց եթե պատվանդանի վրա դրվեր՝ ավելի լավ կլիներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ վերջերս տեղեկացել է, որ այն հատվածում, որտեղ գտնվում է  Պարույր Սևակի քանդակը, այդտեղ նրան նվիրված միջոցառումներ են արդեն անցկացնում։

«Ես քանդակը վերցնողին նաև առաջարկել եմ՝ քարը տամ, որը մեկ տարի առաջ եմ հանքից բերել, քարի համար վճարել եմ, ասացի՝ կարող է վճարել ու այն վերցնել, սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա։ Ես «կռան» եմ վարձել, Գագիկ Ծառուկյանի քարի հանքից եմ բերել։ Ի՞նչ է, Պարույր Սևակի կյանքը հե՞շտ էր, էժա՞ն էր։ Ես երևի մի քիչ սպասեմ, հասկանամ՝ ինչ է լինելու»,- ընդգծեց Լևոն Թոքմաջյանը։

Նշենք, որ Պարույր Սևակի քանդակը տեղի բնակչության կողմից չէր ընդունվել, ուստի բնակիչները պահանջել էին հեռացնել այն դպրոցի բակից՝ ասելով, որ քանդակը չի արտացոլում Պարույր Սևակին։ Զանգակատուն համայնքում հարցում էր կատարվել բնակչության շրջանում, բնակիչների մեծ մասը՝ 79,9%-ը, կողմ էր արտահայտվել, որ քանդակը հանվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031