Հանրակրության ոլորտում կրթությունն աղետալի վիճակում է, դիմորդները չեն կարողանում հաղթահարել հասարակ քննություններ, 258 անվճար թափուր տեղ է մնացել. Մխիթարյան

Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ այն միտումը, որն ունենք վերջին 5-6 տարվա ընթացքում՝ և՛ դիմորդների թիվն է պակասում, և՛ ԲՈւՀ ընդունվողների թիվը, շարունակվեց, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ այս տարի վատ իմաստով ևս մեկ ռեկորդ է գրանցվել. «ԲՈՒՀ ընդունվողների թիվն ավելի պակաս է, քան 10 հազարը։ 2021 թվականին ունեցել ենք 17.200։ Թիվը տարեցտարի պակասել է։ Երկրորդ տխուր թիվն այն է, որ ԲՈւՀ-եր դիմողների ընդամենը 58.4 տոկոսն է կարողացել դրական գնահատական ստանալ երկու քննությունից և ընդունվել։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այս դիմորդները դպրոցների լավագույներն են և նրանց զգալի մասը նաև կրկնուսույցների մոտ է պարապել, սակայն տեսնում եք, թե արդյունքներն ինչքան տխուր են»։

Ըստ մասնագետի՝ այս ամենը մի քանի գործոնով է պայմանավորված. «Առաջինը, որն ուղիղ կապ ունի դիմորդների թվի նվազման հետ, ժողովրդագրությունն է։ Երիտասարդների թիվը կամաց-կամաց պակասում է և դա ցույց են տալիս նաև պաշտոնական տվյալները, որով ամրագրվում են, թե տարեկան քանի երեխա է ծնվում։ Այս տարի՝ անցած տարվա համեմատ, եթե չեմ սխալվում, մոտ 10 տոկոսով ավելի քիչ երեխա է ծնվել»։

Երկրորդ գործոնը, ըստ Մխիթարյանի, այն է, որ շատ երիտասարդներ դեռևս դպրոցական տարիքից հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և մեկնում այլ երկրներ՝ կապված բանակում ծառայության խնդրի հետ. «Սա ևս բերում է նրան, որ դիմորդների թիվը պակասում է, բնականաբար՝ նաև ընդունվողների»։

Իսկ երրորդ գործոնը, Մխիթարյանի գնահատմամբ, հանրակրության ոլորտում կրթության աղետալի վիճակն է. «Դա նշանակում է, որ կրթության որակը դպրոցներում այնքան է ընկել, որ ավարտող շատ դիմորդներ չեն կարողանում հաղթահարել և յուրաքանչյուր քննությունից ստանալ առնվազն 7.58 բալ, որպեսզի կարողանան ընդունվել։ Այս տարի աննախադեպ 258 անվճար տեղ չզբաղեցվեց, թափուր մնաց, իսկ ընդհանուր թափուր մնացած տեղերը 3100-ն է։ Այսինքն՝ դպրոցից եկածները չեն կարողանում հաղթահարել հասարակ քննությունները, որպեսզի դրական գնահատական ստանան։ Սա ուղղակի աղետալի չափերի է հասել։ Սա նշանակում է, որ այն «բարեփոխումնեը», որոնք գործող կառավարությունն իրականացրել է վերջին տարիներին, բերել են միայն այն արդյունքին, որ կրթության որակն անկում է ապրել, բարձրագույն կրթություն ստացողների թիվը մոտ երկու անգամ պակասել է»։

Կրթության փորձագետի խոսքով՝ ինքը պատասխանատու կառույցների կողմից չի տեսել այն անհանգստությունն այս հարցի վերաբերյալ, որը պետք է ունենային այս իրավիճակում. «Այս ամբողջի վրա ազդում է որոշում կայացնողների ոչ կոմպետենտությունը։ Եթե նրանք գոնե մի փոքր կոմպետենտ լինեին, կկարողանային այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կնպաստեին բարձրագույն կրթության բարելավմանը, զարգացմանը, դասախոսների արտահոսքի կասեցմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031