Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը կուղևորվի Չինաստան՝ քննարկելու ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմը:

«Սպասվում է, որ եռօրյա պետական այցի ընթացքում, որը կմեկնարկի հաջորդ չորեքշաբթի, Մուն Չժե Ինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում կարծարծի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի թեման»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:

Ներկայում Ֆելթմանը գտնվում է Պեկինում, որտեղից նա կուղեւորվի Փենյան: Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին:

Հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 4 – 4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում:

Դեկտեմբերի 4-ին մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքները, որոնց մասնակցում են հարյուրավոր ինքնաթիռներ: Զորավարժությունները դարձել են դաշնակիցների պատասխանը ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը:

Փենյանն ավելի վաղ այդ զորավարժությունները որակել է «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բացահայտ համապարփակ սադրանք, որը ցանկացած պահի կարող Է վերածվել միջուկային պատերազմի», եւ «գործողություն, որն արագացնում է նրանց (ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի) ինքնաոչնչացումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս