«Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը». Լևոն Մկրտչյան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողները ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե լեզուների զարգացման հայեցակարգում ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ռուսերենն առանձին հայեցակարգ ունի, իսկ մնացած լեզուներն` առանձին:
Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցաներով է: Բացի այդ, ԿԳ նախարարը հիշեցրեց` ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում աշակերտներին, իսկ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:
«Բացի այդ` մեր մասնագիտական գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսալեզու է, դրան գումարած՝ փաստը, որ ունենք մեծ Սփյուռք ՌԴ-ում, որն ակտիվ կապի մեջ է ՀՀ-ի հետ: Մեզ մոտ տարածվածության մասշտաբով ռուսերենին մոտ է անգլերենը, սակայն մենք մտահոգ ենք ֆրանսերանի և գերմաներենի պահպանման հարցով: Բոլոր լեզուներն էլ դրված են «Օտար լեզուների հայեցակարգ»-երի տակ, այսինքն` պետք չի քաղաքականացնել այս ամենը»,- ասաց նախարարը:
Մկրտչյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը հենվի գիտության վրա` պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումն ուժեղացնել. «Խնդիրն այն է, որ օտար լեզվի իմացությունն է պարտադիր, այլ ոչ թե կոնկրետ ռուսերենի իմացությունը: Փոքր երկրներն իրենց ազգային լեզվով չեն կարող ստանալ տեխնիկական թարգմանության այն պաշարները, որոնք կան: Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը: Լեզուների զարգացման հայեցակարգ նոր չէ, որ ընդունում ենք, ուղղակի անընդհատ փորձում են քաղաքականացնել ռուսերենը»: