Բաժիններ՝

«Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի արագ կառուցումը մեր տնտեսության զարգացման ամենակարևոր խնդիրներից է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի ներդրումային գրավչության և արտահանման հնարավորությունների մասին՝ հրավիրված ասուլիսի ընթացքում բեռնափոխադրումների և զբոսաշրջության «ՍԱԹԻ» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն անդրադառնալով բեռնափոխադրումների խնդրին, նկատեց՝ չպետք է  մոռանալ, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկրների մեջ է ներառված.

«Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այս մասին Համաշխարհային բանկի, միջազգային շատ կառույցների փորձագետներ նշում են, որ նմանատիպ երկրների ապրանքաշրջանառությունը 25-30 տոկոսով ավելի քիչ է՝ մյուս երկրների հետ համեմատած»։

Համեմատելով Վրաստանի հետ՝ բանախոսը նշեց, որ յուրաքանչյուր մեկ կոնտենիերի համար Հայաստանից արտահանումը և ներմուծումը 1000-1400 դոլարով ավելի թանկ է։

«Տարածությունը շատ կարճ է, և այս պարագայում Վրաստանը թե՛ ներմուծման, թե՛ արտահանման պարագայում ավելի էժան է։ Այսօր Փոթի, Բաթումի նավահանգստից կարելի է մի քանի հարյուր դոլարով մինչև 25 տոննա բեռնատարողությամբ կոնտենիերներ արտահանել յուրաքանչյուրր նավահանգստային երկիր»,- ասաց  պարոն Առաքելյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանն ունի ենթակառուցվածքների լուրջ խնդիր տարանցման առումով, և ՀՀ-ն՝ որպես տարանցիկ երկիր,  այսօր չի աշխատում։

«ՀՀ-ում գործող համարյա բոլոր տրանսպորտային ընկերությունները ծառայում են միայն Հայաստանին, մենք բեռնափոխադրում ենք իրականացնում աշխարհի յուրաքանչյուր կետից՝ դեպի Հայաստան, և Հայաստանից՝ դեպի յուրաքանչյուր կետ, իսկ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի,  Բելառուսի տրանսպորտային ծառայությունների ենթակառուցվածքներն այնքան զարգացած են, որ, օրինակ՝ Վրաստանն իր ծառայություններն իրականացնում է ոչ միայն՝ Վրաստանի համար, այլև՝ Հայաստանի, Ադրբեջանի, միջինասիական բոլոր հանրապետությունների համար»,- հավելեց Մ. Առաքելյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի արագ կառուցումը մեր տնտեսության զարգացման ամենակարևոր խնդիրներից է, քանի որ յուրաքանչյուր ճանապարհ երկրի զարգացման երակն է.

«Զարգացնում է ենթակառուցվածքները, տարանցիկ երկիրը զարգացնում է ներդրումները, տուրիզմը»։

Խոսելով ԵԱՏՄ և ԵՄ հարաբերությունների մասին՝ Մակար Առաքելյանը նկատեց և կարևորեց այն, որ ոչ ԵԱՏՄ-ն, և ոչ էլ ԵՄ-ն մեզ համար պետք է լինեն ոչ թե նպատակ, այլ տնտեսական զարգացման համար մեր հեռահար նպատակներին հասնելու միջոց։

Իսկ ֆինանսական միջազգային շուկաների փորձագետ Քրիստինե Բալաբեկյանն  անդրադառնալով այն հարցին, թե արտահանողներն ինչպե՞ս են գնահատում իրենց ռիսկերը՝ ռուբլու հետ կապված, և ի՞նչ սպասել ռուբլուց մոտակա ամիսներին, ասաց.

«Բոլոր գործարարները, երբ արտարժույթի հետ կապված գործարքներ են ունենում, պետք է գնահատեն ռիսկերը, որովհետև գները տատանվում են անընդհատ։ Ռուբլու հետ կապված որոշակի դրական տենդենցներ կան առաջիկա 2 ամսվա ընթացքում։  Եթե նայենք ռուբլի-դոլար զույգին, ապա առաջիկայում դոլարի արժեզրկման հետ կապված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական մոտիվ հանդիսանալ։ Այս կանխատեսումները 2 ամսվա համար են՝ մինչև սեպտեմբերի 15-ը»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս