Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան
Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, բանակցություններ կվարի երկու պետությունների բարձրագույն ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Այդ մասին հաղորդում է Indiatoday գործակալությունը:
Այցի առաջին փուլում` մինչ ապրիլի 26-ն, Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Այցի նպատակը երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացումն է, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ու գործընկերության հետագա զարգացումը»,- լրագրողներին ասել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը:
Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,- նշել է Սարանը:
Ապրիլի 26-ին Անսարին Հայաստանից կմեկնի Լեհաստան: