Բաժիններ՝

Գաղափարի փուլում գտնվող հայկական ստարտափները կստանան ֆինանսական աջակցություն

Հայաստանում կիրականացվի ստարտափների ֆինանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Այս նախագծի մասին է այսօր խոսել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը ներկայացրեց   ՏՏ ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ծրագիրը, որի նպատակն է՝ աջակցել տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին:

«Հաշվի առնելով այս ամիսների ընթացքում մեր գործունեությունն ու ՏՏ ոլորտում աշխատող տարբեր ընկերությունների հետ քննարկումները՝  մենք մասնավոր հատվածի հետ եկանք այն եզրակացության, որ գաղափարի փուլում աշխատող շատ ընկերություններ հանդիպում են դժվարությունների, մասնավորապես՝ ունենում են ֆինանսական խնդիրներ: Արդեն հաջողություններ ունեցած ընկերությունների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք ստեղծել մի փոքրիկ ֆինանսավորող ընկերություն, որը կարող է ֆինանսավորել ստարտափ ընկերությունները»,- նշում է Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նշում է, որ իրենք ուսումնասիրել են միջազգային փորձը, որտեղ կա ձևավորված բիզնես-հրեշտակ տերմինը: Հայաստանում դեռ չի որոշվել՝ ինչպես կկոչվի ծրագիրը, բայց այն կֆինանսավորի երիտասարդ ընկերություններին ու գաղափարները:

Կարդացեք նաև

Ծրագրի շրջանակներում  ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող  մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն:

Դիմումների վերջնաժամկետն ապրիլի 13-ն է: Մինչև վերջնաժամկետը ներկայացված ստարտափներից կընտրվեն 10-ը, որոնք էլ կստանան աջակցություն: Ստարտափներին ընդհանուր առմամբ կտրամադրվի 200 հազար դոլար ֆինանսավորում, սակայն, Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այս գումարը նախատեսված է միայն գաղափարների գնահատման համար, և հետագայում այս գումարը կարող է հասնել մինչև մի քանի միլիոնի: Ընտրված ստարտափները, բացի ֆինանսական աջակցությունից, կստանան նաև հնարավորություն՝ մուտք գործել բիզնես դաշտ, կստանան իրավաբանական աջակցություն, մենթորություն, աշխատավայր և այլն: Հետագայում ֆինանսական ներդրումներն ունենալու են աճման սկզբունք՝ կախված գաղափարներից, և հասելով որևէ սահմանի` ծրագիրը դառնալու է հիմնադրամ, որն էլ բաց է լինելու գաղափար ունեցող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց համար:

Վահան Մարտիրոսյանը նշում է, որ ֆինանսավորումը կիրականացվի մասնավոր հատվածի կողմից: Կան գործարարներ, որոնք պատրաստ են իրականացնել ֆինանսավորում: Այս ծրագիրն  իրականացնում է «Գլոբալ Կրեդիտից «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում:

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի և գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ և գործող ընկերությունները և  թիմերը:

Մինչև ապրիլի 26-ը տեղի կունենա վերջին փուլ անցած մասնակիցների ընտրությունը, մրցույթն ու ստարտափների ներկայացումը, հաղթողների ընտրությունը: Ապրիլի 26-ին արդեն կներկայացվեն վերջնական փաստաթղթերը և կկնքվի պայմանագիր:

Վահան Մարտիրոսյանը նշում է նաև, որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ, և նպատակային հաջորդ քայլերում նախատեսվում է ստեղծել բիզնես-հրեշտակների ակումբ Հայաստանում կամ  մասնավոր հիմունքներով գործող վենչուրային հիմնադրամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս