Տնտեսական ինչ ծրագրեր են առաջարկում քաղաքական ուժերը

Առաջին միջոցառման ընթացքում կուսակցությունները ներկայացրին իրենց տնտեսական-քաղաքական ծրագրային դրույթները: Քննարկմանը մասնակցեցին ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը, «Ելք» կուսակցությունների դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը և ՕՐՕ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Դ. Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ տնտեսական ծրագիրն ընդհանուր առմամբ խարսխված է 4 հիմնական կետերի վրա՝ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության շարունակական ապահովում, ներդրումային միջավայրի համար պայմանների ստեղծում ու ներդրումների ապահովում, տնտեսվարող սուբյեկտների, բիզնես, տնտեսական նախաձեռնությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտին աջակցություն, խթանների տրամադրում և տնտեսական հավասար մրցակցային պայմանների ապահովում։

Ի պատասխան միջոցառման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հարցի, թե՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն համեստ գտնվել և 3,2 % տնտեսական աճի ցուցանիշ ամրագրել ծրագրում, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ 2017թ. համար թիրախայինը 3,2% ցուցանիշն է։ «Բայց մենք նաև ֆիքսում ենք, որ 2017թ. ավելի շատ կայունացման տարի է լինելու, և մենք դուրս ենք գալու ավելի շատ այն միջնաժամկետ տնտեսական աճին, որը մեր համար թիրախային է լինելու հաջորդ տարի։ Մենք նույնպես միջին ժամկետում նշում ենք, որ թիրախային տնտեսական աճի ցուցանիշը կազմելու է 5-6%»,- մեկնաբանեց Դ.Սարգսյանը։

Իր հերթին Մ. Թանդիլյանը նշեց, որ ծրագիրը, որը ներկայացրել է «Ելք» դաշինքը, իրենից ներկայացնում է ոչ թե ինչ, այլ՝ ինչպես։ Շեշտադրումները, նրա խոսքով, դրված են քայլերի վրա։ Մ. Թանդիլյանի գնահատմամբ՝ կոռուպցիայի, արդարադատության ներկայիս համակարգի պայմաններում տնտեսություն չի կարող զարգանալ, ուստի այս ոլորտներում աշխատանքներից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել տնտեսության վերականգնմանը։ Նա նշեց, որ առանցքային մոտեցում է՝ պետք է վերականգնվի պետության մեջ միջին խավը, քանի որ տնտեսության զարգացման հիմքը միջին խավն է և նրա մեծացումը, ընդլայնումը թե՛ քանակական, թե՛ որակական իմաստով, իսկ Հայաստանում այսօր բևեռացում է տեղի ունենում։

«Մեզ անհրաժեշտ է նախ՝ վերականգնել միջին խավի գոյությունը, սկսել ստեղծել այն, կան մեխանիզմներ, լծակներ, որոնց մասին խոսել ենք ծրագրում։ Այդ թվին է դասվում փոքր և միջին ձեռնարկություններին տրվող արտոնությունները, որոնք մենք նախատեսում ենք»,- ասաց Թանդիլյանը։ ՕՐՕ-ի ներկայացուցիչ Մարտիրոսյանի խոսքով, իրենց նախընտրական ծրագիրը լայն է, որտեղ խոսք կա և՛ փոքր ու միջին ձեռնարկությունների, և՛ հանքարդյունաբերության, և՛ ծանր արդյունաբերության, և՛ թեթև արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության, և՛ ՏՏ ոլորտի մասին։ Հարցին, թե՝ ծրագրի իրականացման տարեկան բյուջետային ծախսը որքա՞ն է կազմելու, կա՞ արդյոք հաշվարկ, որպեսզի հասկանալի լինի նաև, թե որքանով է այդ ծրագիրն իրատեսական, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ծախսերի հաշվարկ չկա, որովհետև հնարավոր չէ այդ ամենն ամբողջովին հաշվարկել։ Բայց, ըստ նրա՝ ցանկացած պարագայում կարելի է հստակ ասել, որ այն քայլերը, որոնք իրենք նախատեսել են, որևէ կերպ վնաս չեն տալու բյուջեին, այլ միայն ավելացնելու են այն։

Ըստ Մ.Առաքելյանի՝ ներկայիս տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ-ում ձևավորվել է վստահության ճգնաժամ, ինչի արդյունքում առկա է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացում, բնակչության զգալի մասն ունի բարեկեցության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ, 1 միլիոնից ավելի աղքատ բնակչություն։

«Դաշինքի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ հաշվի առնելով նշածս խնդիրները։ Առաջարկում ենք 15 առաջնահերթ կետերի իրականացում, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ առաջարկում ենք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում, էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազում, փոքր բիզնեսի համար 3 տարի հարկային արտոնությունների տրամադրում՝ բոլոր հարկատեսակների գծով, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով վարկային տույժերի ամբողջությամբ համաներում։ Նշված ծրագրերը չափելի են, առարկայական և կարճ ժամկետում իրականացվող։ Այս տարվա ընթացքում արդեն հնարավոր է որոշակի բարեկեցության ապահովում, որը հնարավորություն կտա տնտեսությունում որոշակի աշխուժություն նկատել»,- մանրամասնեց Մ.Առաքելյանը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հ.Բագրատյանն ասաց, որ երկիրը կոլապսի մեջ է, երկիրն անվճարունակ է, մի կերպ, նոր պարտքեր վերցնելով՝ յոլա է գնում, ավելին, հաջորդ նոր պարտքերի փուլը կգա ընտրություններից հետո։ Նրա խոսքով, նստել-մտածել են՝ ինչպես անել, որ երկիրն աճի, մտածել են մակրոտնտեսական փոփոխականները, զսպանակները։ Առաջին, ըստ նրա, պետք է ավելացնել ներդրումները, հատկապես՝ ներքին խնայողությունների հաշվին, որի հարցում խանգարում է միայն ՀՀ ԿԲ-ն, որը չի թողնում, որպեսզի ժողովրդական ներդրումային հիմնադրամ լինի, իսկ հայաստանյան ներդրումներն օլիգարխիկ ներդրումներ են՝ դրսից կամ ներսից, ներկայումս չեն սովորեցնում ժողովրդին ներդրում անել։ Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, Հ. Բագրատյանի փոխանցմամբ, որ պետք է ֆինանսական լիարժեքություն տրվի քաղաքներին, գյուղապետարաններին։

Երրորդը, նրա կարծիքով, ապակենտրոնացումն է. պետք է փոքր բիզնեսի տեսակարար կշիռը ներկայիս ՀՆԱ-ի 70%-ը կազմի, որովհետև այդ դեպքում նա կկարողանա արագորեն փոփոխվել։ «Մեր երկրի տնտեսությունը չի պատժվում, եթե վատ տարի է կամ զրոյական տնտեսական աճ։ Մենք չլսեցինք, որ մի օլիգարխ սնանկանար, մինչդեռ պետք է սնանկանար, էլիտայի փոփոխություն պետք է լինի։ Անփոփոխ Հայաստա՞ն եք ուզում. այս ճահիճն է։ Հասկանո՞ւմ եք։

Հաջորդը, որը մենք անում ենք, վերցրեք-սանձեք ԿԲ-ն, ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության համար է, այդ հիմնարկն ամեն ինչով զբաղվում է, Հայաստանում տարվող հիպոթեքային շինարարությունը ԿԲ-ն է համակարգում, ոչ ոք չի բացատրում, թե ինչու։ Այս զսպանակները ձևավորելուց հետո սկսում ենք զարգանալ։ Ոտքից գլուխ պետք է շուռ տալ։ Պետք է լինի դեմոկրատիա տնտեսության մեջ, կորցրել ենք այն քաղաքականության մեջ, այսօր կորցնում ենք նաև տնտեսության մեջ»,- ասաց Հ. Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս