Լեհաստանի և Բելառուսի սահմանին գտել են երեք շաբաթ առաջ անհետացած հոլանդացի դեռահասին
Լեհաստանի արևելյան Բելոստոկ քաղաքում գտել են անհետ կորած հոլանդացի դեռահասին, հայտնել է NOS-ը։
14-ամյա Մաքսիմը երեք շաբաթ առաջ հեծանվով դուրս էր եկել Նիդեռլանդների Ապելդորն քաղաքից և այդ ժամանակվանից համարվում էր անհետ կորած։ Հոլանդական ոստիկանությունը դիտարկում էր այն վարկածը, որ տղան ցանկացել է մեկնել Ռուսաստան։
Նրան գտել են ուշ երեկոյան՝ Լեհաստանի և Բելառուսի սահմանից մոտ երեսուն կիլոմետր հեռավորության վրա։ Տղան քնած էր վերմակի տակ՝ ավտոբուսի կանգառում։
Լեհաստանի ոստիկանության տվյալներով՝ իրավապահները նրան տեղափոխել են մի վայր, որտեղ հոգ են տանում նրա մասին։
Պատանու վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվում։ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կիրվինսկու հայտարարությունից դատելով՝ Մաքսիմն իրեն լավ է զգում։



