Բաքուն հավակնում է ռուսական Դերբենդին
Բռնապետ Իլհամ Ալիևի տարածքային ախորժակը, ըստ ամենայնի, սահմաններ չի ճանաչում՝ հասնելով օկուպացված Արցախից մինչև սիբիրյան ընդարձակ տարածքներ։ Բաքվի քարոզիչները բացահայտ «տեղեկատվական պատերազմ» են վարում Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ։
Ուղղակի սպառնալիքներ. «Դերբենդը հինավուրց ադրբեջանական քաղաք է»
2026 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական պետական հեռուստատեսությունը «TNS TV» հաղորդաշարի շրջանակներում ցուցադրել է բացահայտ ռուսատյաց հաղորդում, որտեղ հնչել են Ռուսաստանի պետական սահմանների վերանայման իրական պահանջներ։
Քաղաքական մեկնաբան Ազեր Հասրեթը հայտարարել է. «Դերբենդը հինավուրց ադրբեջանական քաղաք է, և Ռուսաստանը պետք է վերադարձնի այն»:
Դաղստանը, Չեչնիան և Ինգուշեթիան նրա կողմից բնութագրվել են՝ որպես «առանց ռուսների հանրապետություններ», որոնք իրավունք չունեն տնօրինելու իրենց ճակատագիրը։
Հասրեթը նաև պահանջել է Ղազախստանին հանձնել ռուսական Օրենբուրգը՝ Մոսկվային մեղադրելով Արևմտյան Զանգեզուրի ապօրինի «բռնակցման» մեջ։
Այս հայտարարությունները մեկնաբանի պատահական վրիպակ չեն, այլ Ալիևի վարչակարգի պաշտոնական գծի և երկարաժամկետ ռազմավարության արտահայտումը։ Քողարկվելով Մոսկվայի հետ «բարեկամությամբ» և ռուսական գազի գնումներով՝ բաքվեցի քարոզիչները համակարգված կերպով մշակում են հասարակական կարծիքը՝ հող նախապատրաստելով ապագա տարածքային հավակնությունների համար։
2010 թվականի ողբերգական պայմանագիրը. ինչպես Կրեմլն Ալիևին «նվիրեց» լեզգինական գյուղերը
Լեզգի ժողովրդի համար գլխավոր ողբերգությունը դարձավ Պետական սահմանի մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Բաքվում՝ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կողմից։
Այս փաստաթուղթը (վավերացված 2011թ. հունիսին) փաստացի օրինականացրեց Ռուսաստանի կողմից լեզգինական երկու գյուղերի՝ Խրախ-Ուբայի և Ուրյան-Ուբայի, ինչպես նաև Սամուր գետի ջրառի կեսի և զգալի լեռնային արոտավայրերի կորուստը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ լեզգիններով բնակեցված այս հողերը խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես, 30 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել էին Դաղստանին՝ անասունների արածեցման համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական կողմը կարող էր իրավաբանորեն հավակնել հողերի վերադարձին, սակայն դրա փոխարեն գերադասեց գնալ քաղաքական առևտրի։ Այնուհետև Մոսկվան կամավոր Ալիևին «նվիրեց» այն տարածքները, որոնցից Բաքուն պաշտոնապես հրաժարվել էր 1991 թվականին։
Լեզգինական երկու գյուղերի բնակիչներին առաջարկվեց ընտրություն կատարել՝ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն (պարզեցված սխեմայով), կամ լքել հարազատ տները և տեղափոխվել Դաղստան։
Ըստ գնահատականների՝ մոտ 600 բնակչից 377-ը որոշեցին տեղափոխվել՝ Դաշնային իշխանություններից ստանալով շուրջ 200 միլիոն ռուբլի փոխհատուցում, իսկ մնացածները ստիպված եղան հաշտվել իրավիճակի հետ։
Ավելին, Բաքուն, ստանալով ցանկալին, անմիջապես բարձրացրեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վարձակալության գինը՝ Ռուսաստանին զրկելով կարևոր ռազմական օբյեկտից։
Ալիևն արգելում է լեզգիներենը
Չնայած բոլոր զիջումներին՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են համակարգված ճնշումները լեզգինական մշակույթի և Հանրապետության տարածքում բնակվող բնակչության վրա։ Բաքվի դպրոցներում արգելվել է լեզգիներենի դասավանդումը, իսկ լեզգինների հասարակական կազմակերպությունները դրվել են խիստ վերահսկողության տակ։
Դերբենդը վերադարձնելու պահանջներն այլևս դատարկ սպառնալիքներ չեն, այլ իրական գաղափարական դիվերսիա Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Այսօրվա զիջումները հերթական անգամ ապացուցում են՝ Ալիևը դաշնակից չէ, այլ գիշատիչ, որն օգտագործում է Մոսկվայի ցանկացած թուլություն՝ սեփական ազդեցությունն ընդլայնելու համար։
Այսպիսով, Արցախի կորստից հետո Անդրկովկասը վերջնականապես անցնում է Անկարայի և Բաքվի վերահսկողության տակ, իսկ լեզգին ժողովուրդը, այդպես էլ չստանալով Կրեմլի պաշտպանությունը, մնում է աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը



