Բաժիններ՝

Լեգենդար Ստաս Նամինը վերադառնում է արմատներին. 40 տարի անց «Ցվետի» խումբը կրկին ներկայացավ հայ հանդիսատեսին

Երևանում մայիսի 3-ից մեկնարկել է հայազգի լեգենդար երաժիշտ, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 11-ը։

«Ստաս Նամինի ստեղծագործական օրերի» շնորհիվ Երևանն այս օրերի ընթացքում վերածվել է արվեստի ու նոստալգիայի կենտրոնի, քանի որ տարբեր օրերի տեղի են ունենում տարբեր մշակութային միջոցառումներ, բազմաշերտ այս միջոցառումները մարդկանց կտեղափոխեն 60-70-ական թվականներ։

Մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց «Իմ սիրտը լեռներում է» դրամայով (ըստ Վ. Սարոյանի պատմվածքների), այնուհետև շարունակվեց  «Իմ Հայաստանը», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսով, որը կգործի մինչև մայիսի 11-ը։ Ներկայացվեց նաև «Բիթլոմանիա» մյուզիքլը,  որին հաջորդեց «Մազեր» լեգենդար հիփի-ռոք մյուզիքլի ներկայացումը։

Այս միջոցառումների շրջանակներում մայիսի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ծաղիկներ» (Цветы) խմբի մեծ հոբելյանական համերգը։

Համերգը մեկնարկեց մոտավորապես կեսդարյա պատմություն ունեցող խմբի հայտնի երգերով, որից առաջ Ստաս Նամինը բեմից դիմեց հանդիսատեսին։

«Մոտավորապես 40 տարի առաջ ենք համերգով հանդես եկել Հայաստանում։

Մարդիկ, որոնք  հիշում են այդ ժամանակները, որոնք դեռ ռեփի, նաև ռաբիսի ազդեցության տակ չեն, կվայելեն համերգը։

Մենք  Խորհրդային Միության ամենահին խումբն  ենք։ «Ցվետի» խումբն ավելի քան 55 տարեկան է, մեր խմբի անունը հայտնվել է Լիվերպուլի այն ակումբի վրա, որտեղից երաժշտական գործունեությունը սկսել է «Բիթըլզ» խումբը»,- նշեց Ստաս Նամինը։

Ըստ նրա՝ Beatles խումբը եղել և մնում է խմբի գլխավոր ոգեշնչման աղբյուրը։

««Beatles-ը մեր կուռքերն են։ Մենք նրանց համարում ենք բոլոր ժամանակների հանճարներ»,- հավելեց Նամինը։

Ինչ վերաբերում է իր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքին, մասնավորապես, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացմանը, Ստաս Նամինն ասել էր, որ այն շատ լուրջ աշխատանք է՝ ռեժիսորի ընդգծված մոտեցմամբ։

«Այն Հայաստանի, հայկական լեռների մասին է, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեման է արծարծում, որին Սարոյանը չի անդրադառնում, բայց նա շատ լավ իմացել է, թե ինչի մասին է խոսքը, սակայն  քաղաքական վիճակից ելնելով՝ չի խոսել, մենք կարող ենք խոսել»,- ընդգծել է Ստաս Նամինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031