Լեյբորիստական կուսակցության անդամների մոտ կեսը կարծում է, որ Սթարմերը պետք է հրաժարական տա․ The Guardian

Լեյբորիստական կուսակցության անդամների մեծամասնությունը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չի կարողանա դեպի լավը փոխել կուսակցության վիճակը, իսկ 45%-ը գտնում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, գրում է The Guardian-ը։

Հարցված կուսակցականների 42%-ի համար Սթարմերին փոխարինող նախընտրելի առաջին թեկնածուն Էնդի Բերնհեմն է (հարցվողներին խնդրել են դասակարգել ցանկալի հաջորդողներին ըստ առաջնահերթության)։

Բերնհեմի հետ մտերիմ լեյբորիստ պատգամավորները «The Guardian»-ին հայտնել են, որ կցանկանային տեսնել Սթարմերի հեռացման հստակ ժամանակացույցը՝ կազմակերպված և արժանապատիվ ձևով։ Նրանց կարծիքով, նման պլանը պետք է նաև ժամանակ տա Բերնհեմին՝ խորհրդարանում տեղ ստանալու համար։

Հարցումն անցկացվել է անմիջապես հինգշաբթի օրվա ընտրությունների նախաշեմին, որոնց ընթացքում լեյբորիստները պայքարում էին միանգամից մի քանի ճակատով՝ Անգլիայի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում:

Նայջել Ֆարաջը և «Միացյալ Թագավորության բարեփոխում» կուսակցությունը հարյուրավոր տեղեր են նվաճել և վերահսկողություն հաստատել Անգլիայի լրացուցիչ խորհուրդների նկատմամբ: Լեյբորիստները կորցրել են Շոտլանդիայում իրենց դիրքերը, որտեղ Շոտլանդական ազգային կուսակցությունը տարել է պատմական հինգերորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Ուելսի կուսակցությունը» վերջ է դրել Ուելսում լեյբորիստների հարյուրամյա գերիշխանությանը՝ պաշտոնանկ անելով առաջին նախարար Էլյունեդ Մորգանին:

Անգլիայի և Ուելսի Կանաչների կուսակցությունը վերահսկողություն է ստացել մի քանի խորհուրդների նկատմամբ, ինչը վկայում է Սթարմերի կուսակցության հանդեպ առաջադեմ ընտրողների աճող հիասթափության մասին։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ Լեյբորիստական կուսակցության անդամների կեսից ավելին (51%) չի հավատում, որ Սթարմերը կարող է շրջել հանրային կարծիքի հարցումների բացասական միտումը։ Նրանք նշել են, որ կասկածում են հաջորդ համընդհանուր ընտրություններում նրա հաղթանակի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Սթարմերը միակ քննադատության թիրախը չէ։ Հարցվածների 49%-ը կարծում է, որ կուսակցության չափազանց վատ արդյունքների պատասխանատվությունը կրում են և՛ հենց վարչապետը, և՛ ամբողջ ազգային ղեկավարությունը։ Բացի այդ, հարցվածների 36%-ը խոստովանել է, որ մտածել է կուսակցությունից իր անդամությունը դադարեցնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031