«Ես կերազեի Շվեյցարիայում վայելել հայկական հիանալի մեղրը, լոլիկը, ծիրանը կամ իշխան ձուկը». ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս քննարկված շատ հարցերի, անդրադարձ կատարեց նաև համատեղ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման միտումներին՝ նկատելով, որ երկու երկրների միջև ներդրված առևտրային համակարգը դրական ազդեցություն կարող է թողնել հարաբերությյունների արդյունավետ կառուցման գործում.
«Մաքսային ռեժիմում Հայաստանին տրամադրված արտոնությունները կարող են Հայաստանից ներկրվող ապրանքների գինը նվազեցնել՝ ընդհուպ մինչև 10 տոկոսով: Իհարկե, Շվեյցարիան Հայաստանում տասնապատիկ ավելի է արտահանում, քան Հայաստանից Շվեյցարիա: Իսկ ի՞նչ ունի Հայաստանն առաջարկելու Շվեյցարիային: Ես կերազեի Շվեյցարիայում վայելել հայկական հիանալի մեղրը, լոլիկը, ծիրանը կամ իշխան ձուկը: Ի թիվս այլոց, Հայաստանի հիանալի առաջարկը կարող է սա դառնալ, և ես առաջարկում եմ այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել»:
Ըստ բանախոսի՝ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև իր գիտական պոտենցիալով.
«Արդեն նշանակալի զարգացումներ կան Շվեյցարիայի դեղագործական սեկտորի և Հայաստանի միջև: Փաստն այն է, որ հայաստանյան այս ոլորտում արդեն իսկ ներդրումներ են արվել Շվեյցարիայի կողմից: Ընդամենը 25 տարվա անկախություն ունեցող երկրի համար սա բավականին տպավորիչ ձեռքբերում է»:
Հայկական կողմի տրամադրած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին Շվեյցարիան համարվել է Հայաստանում արտասահմանյան ամենամեծ ներդրողը: Առհասարակ Շվեյցարիան ներդրումների ծավալով ողջ աշխարհում առաջատար տասնյակի մեջ է մտնում: Այդպես եղել է միշտ: Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին, ապա չեմ կարծում, թե կան որևէ սահմանափակումներ կամ խոչընդոտներ՝ առավել ևս: Պարզապես Հայաստանը դրսի ներդրողների համար առավել տեսանելի և ճանաչելի դառնալու խնդիր ունի, այդ թվում՝ նաև Շվեյցարիայի համար, բայց, ըստ իս, սա արդեն ընթացքի մեջ մտած պրոցես է, որ պահանջում է երկարաժամկետ ու չդադարող աշխատանքների պլան»:
Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալները, ըստ դեսպան Լուկաս Գասերի՝ իհարկե, համեմատելի չեն հակառակ ուղղությամբ առկա ծավալների հետ.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ 2015 թվականին շվեյցարական ընկերությունները Հայաստանում 90 մլն. դոլարի ներդրում են կատարել: Տարեցտարի, իհարկե, փոփոխություններ լինում են, բայց Շվեյցարիան ավելի քան 20 տարի մնում է Հայաստանում ներդրումներ կատարող երկրների քսանյակում: Ընթացիկ տարվա համար մասնավոր ընկերությունների անունից ներդրումներ անելու խոստումներ չեմ կարող տալ, բայց անհերքելի է, և ես ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանը շարունակում է մնալ շվեյցարական լուրջ ընկերությունների տեսադաշտում՝ որպես ներդրումային բարենպաստ դաշտ»:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանից դեպի Շվեյցարիա կատարված ներդրումների մասին՝ դեսպան Լուկաս Գասերն ասում է.
«Ինձ հայտնի են մի քանի ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել Շվեյցարիայում: Առանց անուններ տալու՝ կարող եմ առանձնացնել ներդրման ոլորտները՝ ժամագործություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ»: