Բաժիններ՝

«Մեր ֆիլմում յուրաքանչյուր մահն իրական է». Սարիկ Անդրեասյան

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքներն ու ևս 300 բնակեցված տարածքներ: 25 հազար մարդ մահացավ, 19 հազար մարդ մնաց հաշմանդամ, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Նոյեմբերի 10-ին «Սինեմա Սթարում» կայացավ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Հիշեցնենք, որ իրական փաստերի վրա հիմնված և 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող ֆիլմը Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից առաջադրվել էր «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ինչպես գիտենք, ուրախությունն այդ առումով երկար չտևեց: Որպես պատճառ՝ մամուլում շրջանառվում էր ֆիլմում ներգրավված ռուսական ազգանունների առատությունը: Ըստ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի՝ ֆիլմը դուրս մնաց այդ անվանակարգից՝ փաստաթղթային սխալ լրացումներ կատարելու հետևանքով: Այդ մասին նա խոսեց ֆիլմի պրեմիերայից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

film-3

film-2

film-6

film-7

Աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց ոչ առաջին անգամ… Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքի բերումով՝ Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը և որդին… Եվ Ռոբերտը, ով այդպես էլ չէր ներել նրան: Հերոսները հայտնվում են նույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում…

Ֆիլմի նկարահանումները տևել են 42 օր՝ Մոսկվայում և Գյումրիում:

Ռուսաստանում նկարահանվել են երկրաշարժից հետո տեղի ունեցած դեպքերը, իսկ Հայաստանում՝ նախքան երկրաշարժը:

Մեզ հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն ասաց, որ նրանք «չէին էլ համարձակվի» ևս մեկ անգամ ցավ պատճառել գյումրեցիներին՝ երկրաշարժի տեսարանները Գյումրիում նկարահանելով: Նա նաև նշեց, որ երկրաշարժից հետո ավերված քաղաքի դեկորացիան գրեթե դոկումենտալ ճշտությամբ վերաստեղծել է իրական Լենինականի փողոցներն ու տները: Այն կառուցվել է մեկ ու կես ամսում՝ մոսկովյան լքված գործարանի տարածքում: Բերվել է 8000 տոննա շինանյութ: 5 բեռնատար մեքենայով բերվել են ռեկվիզիտներ, որոնք ամբողջացնում էին բնակարանները` պահարաններ, սեղաններ, աթոռներ, գորգեր, ջահեր, սպասք, խաղալիքներ, գրքեր, և այլն: Մոսկվայի նկարահանումների համար օգտագործվել է 4 տոննա ցեմենտի փոշի, որն անհրաժեշտ վիզուալ էֆեկտը ստանալու համար ցրվում էր տարածքում: Ի դեպ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը 1988 թվականի դեկտեմբերին մասնակցել է Լենինականի փրկարարական աշխատանքներին:

film-9

film-10

film-12

«Դրամա և աղետ» Ֆիլմի աշխատանքները սկսելը հեշտ չէր: Ցանկացած պրոդյուսեր հասկանում է, որ դա շատ ծանր թեմա է, այն չէ, ինչով կարելի է մտնել այսօրվա կինեմատոգրաֆիայի մեջ: «Երկրաշարժը» սովորական ֆիլմ-աղետ չէ: Հենց երկրաշարժը կադրում տևում է 40 վայրկյան, մնացած էկրանային ժամանակի ընթացքում մարդիկ փորձում են հաղթահարել դրա հետևանքները: Ինչ վերաբերում է ժանրին, ես կասեի, որ մեր ֆիլմը ավելի էպիկական դրամա է` ֆիլմ-աղետի էլեմենտներով: Ամերիկյան կինոյում սյուժեները, որպես օրենք, հորինված են, և նրանց թեթև ես վերաբերվում, իսկ մեր ֆիլմում յուրաքանչյուր մահն իրական է: Այդ պատճառով մենք հետևում ենք նուրբ մոտեցմանը և չենք ասում. «Տեսեք, մենք թանկարժեք ֆիլմ ենք ստեղծել, որտեղ ամեն ինչ թռչում և պայթում է»: Այո, մեր ֆիլմում կան ավերման կադրեր, այլապես ինչպե՞ս ցույց տալ երկրաշարժը: Սակայն մենք ամեն ինչ ավելի նրբանկատ ենք արել, ոչ թե, օրինակ, այնպես, ինչպես «2012» ֆիլմում է արված, որտեղ ամբողջը համակարգչային գրաֆիկա է: Մեր դեպքերն իրական են, և շատ կարևոր է հարգանքով մոտենալ մարդկանց: Ինձ համար շատ կարևոր է այն, որ ոչ ոք ինձ չմեղադրի նրա մեջ, թե ես ինչ-որ բան հորինել եմ կամ ավել գեղարվեստականություն և ռոմանտիզմ եմ հաղորդել»,- նշում է Սարիկ Անդրեասայանը:

film-18

film-17

film-16

Նա նաև նշեց, որ ֆիլմի նկարահանման յուրաքանչյուր օրն ավարտվում էր երկրաշարժի զոհերի հիշատակի պատվին մեկ րոպե լռությամբ:

Ֆիլմի ստեղծման գաղափարի մասին Սարիկ Անդրեասյանը պատմում է.

«Հիշելով ողբերգությունը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց, ովքեր անցել են այդ դժոխքի միջով: Ես իմ ծանոթների հետ կիսվում էի իմ մտքերով, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարել երկրաշարժի մասին, քանի որ տարեցտարի դրա մասին սկսում են ավելի քիչ խոսել: Ես հանդիպեցի սցենարիստ իմ ընկերներին՝ Արսեն Դանիելյանին և Հրանտ Բարսեղյանին: Արսենը բռնկվեց այդ մտքից և գրեց սցենարի առաջին տարբերակը: Հենց այդ տարբերակը մենք ցույց տվեցինք «Մարս-Մեդիա» կինոընկերության տնօրեն Ռուբեն Դիշդիշյանին: Սցենարը լավն էր, սակայն շատ հայկական էր: Այդ պատճառով Ռուբենն առաջարկեց սցենարի վերջնական աշխատանքներին ներգրավել Սերգեյ Յուդակովին և Ալեքսեյ Գրավիցկիին: Վերջնական տարբերակում հին սցենարից շատ բան է մնացել, սակայն ավելացել է նաև նորը»:

Մեր հարցին՝ «Ով վճարում է, նա է պատվիրում է երաժշտությունը» սկզբունքո՞վ է հայերի ողբերգության պատմության մասին ֆիլմում ներգրավված ռուսական թեման և ռուս հերոսը, ի վերջո՝ աշխարհի տարբեր ծայրերից են եկել մեզ օգնության, Սարիկ Անդրեասյանը, պատասխանեց.

«Համաձայն չեմ ձեզ հետ: Երբ ռուսական «Ֆոնդ-կինոն» այս ֆիլմի համար գումար էր դուրս գրել, մենք անգամ սցենար չունեինք: Նրանք գումար էին հատկացրել թեմայի համար՝ հայերի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի համար»:

film-15

film-14

Մեր ճշտող հարցին՝ արդյոք ռեժիսորի առջև դրվե՞լ է պայման, որպեսզի հերոսներից մեկը պարտադիր կերպով ռուս լինի, Սարիկ Անդրեասյանն առարկեց.

«Ամենևին: Դա արդեն մենք ենք ցանկացել՝ այնպես անել, որ ֆիլմը դիտվի նաև Ռուսաստանում: Վստահեցնում եմ ձեզ, որ հայերից բացի, շատ են նաև ռուսներ, ովքեր հիշում են Լենինականի և Սպիտակի երկրաշարժը: Հզոր է, երբ ոչ միայն քո ազգակիցներն են դիտում ֆիլմը, այլև օտարազգիները: Այդպես մենք տարածում ենք մեր մշակույթը, պատմում ենք մեր մասին: Ի վերջո, հայերն իրար մասին վաղուց ամեն ինչ գիտեն»:

Մեր դիտարկմանը, թե որքանո՞վ է ճիշտ հայերիս մասին պարտադիր կերպով ողբերգական պատմություններով պատմել աշխարհին, Սարիկ Անդրեասյանը պատասխանեց.

«Այս ողբերգության մասին շատերը մոռացել են: Ես հիշում եմ մանկությունս Ղազախստանում, հետո՝ Ռուսաստանում, երբ 90-ականներին՝ ամեն տարի դեկտեմբերի 7-ին նորություններով հայտնում էին, պատմում էին մեր ողբերգության մասին, հաղորդումներ էին պատրաստում… Իսկ հետո ամեն ինչ վերացավ: Անգամ հիմա, երբ համացանցում է հայտնվել ֆիլմի թրեյլերը, շատերը գրում են զարմանալի մեկնաբանություններ: «Այս ի՞նչ ողբերգության մասին է, ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել»: Ի դեպ, նրանց մեջ քիչ չեն նաև հայերը: Հենց նման պատմություններով են մեր մասին իմանում»:

Դերասան Կոնստանտին Լավրոնենկոն, ով ֆիլմում մարմնավորում է Կոնստանտին Բերեժնուն, պատմում է.

«Երկրաշարժի մասին լավ եմ հիշում, թե ինչ էր կատարվում 1988 թվականին: Այդ ժամանակ ես այդքան էլ երիտասարդ տարիքի տղա չէի, արդեն հասցրել էի կորցնել հարազատ մարդկանց, այդ պատճառով հասկանում էի՝ ինչ է նշանակում՝ կորուստ: Սակայն, ամեն դեպքում, դժվար է նկարագրել այն, ինչ ես այդ ժամանակ զգացի: Դա այնքան շոկ չէր, որքան հարված էր: Երբ հաշված վայրկյաններում մահանում է այդքան մարդ… Առաջին հարցերն են՝ ինչի՞ համար, ինչո՞ւ, ո՞նց: Հետո հայտնվում են ուրիշները, օրինակ, ինչո՞ւ ոչ ոք չկարողացավ դա կանխատեսել: Ինչպե՞ս են մարդիկ դրանից հետո ապրելու: Դա էր հիմնական թեման»:

Մարիա Միրոնովան՝ Բերեժնու կնոջ դերակատարուհին, պատմեց.

«Երբ կարդացի սցենարը, չնայած նրան, որ գլխավոր հերոսի կնոջ իմ դերը շատ փոքր էր, սիրահարվեցի կարդացածիս ու միանգամից ցանկացա մասնակցել: Սցենարն ուժեղ և խորաթափանց է: Այն մարդկանց և այդ սարսափելի փորձությունների ֆոնի վրա նրանց ճակատագրերի փոփոխման մասին է: Ի դեպ, սկզբնական տարբերակում ես տատիկի դեր պետք է խաղայի, սակայն հետո սցենարը փոխվեց, և ես մարմնավորեցի հերոսի կնոջը: Նկարահանման օրերին զգացի, որ Գյումրին ամբողջությամբ ներծծված է այդ ողբերգությամբ: Քաղաքն այնքան գեղեցիկ է և տխուր, ասես թանգարան լինի բաց երկնքի տակ: Այդ ցավը ես տեսնում էի յուրաքանչյուրի հայացքում»:

film-11

Իրինա Բեզրուկովան ֆիլմում իր դերի մասին պատմում է. «Ինձ բաժին ընկավ ուղեկցորդուհու փոքր դերը, բայց ես մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը: Ըստ սյուժեի՝ իմ դերակատարուհին պետք է տղամարդկություն ցուցաբերի, քանի որ մարդիկ խուճապի են մատնված, և պետք է նրանց ինչ-որ կերպ օգնել: Կցանկանայի հույս ունենալ, որ, եթե իրական կյանքում ինձ հետ դա պատահեր, ես կկարողանայի պատվով դուրս գալ այդ կրիտիկական իրավիճակից: Այս ֆիլմը մարդկային արժեքների մասին է, որ պետք է գնահատել և սիրել իրար յուրաքանչյուր վայրկյան, երբեք չհետաձգել հարազատիդ ասելու կարևոր խոսքերը, քանի որ վաղը կարող է այդպես էլ չլինել»:

Այս խոսքերն առանձնակի ուժ ունեն, երբ դա ասում է մի կին, ով վերջերս է կորցրել երիտասարդ որդուն:

Ֆիլմ-աղետ, դրամա, 105 րոպե: Ռեժիսոր` Սարիկ Անդրեասյան: Օպերատոր` Յուրի Կորոբեյնիկով: Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Դիշդիշյան: Պրոդյուսերներ` Արամ Մովսեսյան, Ղևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան: Սցենարի հեղինակներ` Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան, Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի: Կոմպոզիտոր` Հայկո: Դերերում` Վիկտոր Ստեփանյան, Կոնստանտին Լավրոնենկո, Հրանտ Թոխատյան, Տաթև Հովակիմյան, Մարիա Միրոնովա, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Դանիիլ Իզոտով, Արտյոմ Բիստրով, Արմեն Մարգարյան, Արամ Նովոսարդյան, Սաբինա Ախմեդովա, Արսեն Գրիգորյան, Իրինա Բեզրուկովա, Մարջան Ավետիսյան, Սարգիս Գրիգորյան, Հասմիկ Ալեքսանյան, Արևիկ Մարտիրոսյան, Միքայել Արամյան, Վրույր Հարությունյան, Սեբաստիան Սիսակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս