Լատվիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում լրացուցիչ զորքեր տեղակայելու վերաբերյալ
Լատվիայի իշխանությունները բանակցություններ են վարում ամերիկացի գործընկերների հետ՝ երկրում ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների հնարավոր տեղակայման շուրջ՝ Գերմանիայից զորակազմի մի մասը դուրս բերելու Վաշինգտոնի որոշման ֆոնին։ Այս մասին Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Մենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ զրուցում ենք մի քանի ուղղության շուրջ, նրանք մեզ համարում են օրինակելի դաշնակից։ Այնպես որ, մենք շատ ուրախ կլինենք իրադարձությունների այդ զարգացումից», – ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ Լատվիան պատրաստ է ապահովել բոլոր համապատասխան ենթակառուցվածքները՝ երկրում ամերիկյան ներկայության ընդլայնման համար։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն իր հերթին Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի ընդունելու ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նույնպես հայտարարել էր, որ Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման դեպքում Լիտվան պատրաստ է այն տեղակայել իր մոտ։
Ավելի վաղ նման պատրաստակամություն էր հայտնել նաև Լեհաստանը։ Սակայն այս պահին Գերմանիայից դուրս բերվող 5000 ամերիկացի զինվորականներին Լեհաստան տեղափոխելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան։



