ՈՒ ԷԴ Ո՞Վ Ա ԱՍՈՒՄ ՝ ԱՐՑԱԽՑԻՆ ԹՌԱԾ Է. «ՄՈՒՍԻ-ՊՈՒՍԻ»-ՈՎ ԵՐԿԻՐ ՉԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ. ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգիչ-երգահան Արթուր Սաֆարյանն է:

Նա ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում՝ պատմական նշանակություն ունեցող տարածքում, որը ժամանակին կարևոր առևտրական հանգույց է եղել Մետաքսի մեծ ճանապարհի վրա։

Նրա խոսքով՝ գյուղը մինչև այսօր էլ պահպանում է հնագույն քաղաքի հետքերը․
կավե կոթողներ, կճուճների մնացորդներ, խաչքարերի անհամար քանակ։

«Գյուղը երեք կողմից շրջապատված էր լեռներով, ներքևում Խաչեն գետն էր։ Փոքրիկ, գողտրիկ, հեքիաթային մի վայր էր։ Ես այնտեղ եմ ապրել մոտ 7-8 տարի, ու իմ կյանքի ամենավառ հիշողությունները հենց այդ շրջանից են։ Այսօր, տարիների հեռվից նայելով, թվում է՝ դա իրական կյանք չէր, այլ հեքիաթ»։

Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Հրազդան՝ ավելի զարգացող քաղաքային միջավայր։

«Երեխան պետք է զբաղված լինի»

Արթուր Սաֆարյանը հիշում է, որ մանկության տարիներին մշտապես զբաղված է եղել՝ հաճախելով միանգամից մի քանի խմբակների։

«Օրվա ընթացքում առնվազն երեք խմբակ էի գնում՝ երաժշտական, ըմբշամարտ, թատերական ստուդիա։ Այդպես էր կարգը․ երեխան պետք է զբաղված լինի, որպեսզի հիմարություններ անելու ժամանակ չունենա։ Պարապությունը դժբախտություն է բերում»։

Նա առաջին երաժշտական կրթությունը ստացել է ակորդեոնի դասարանում, այնուհետև շարունակել է ուսումը հայկական փողային նվագարանների բաժնում՝ տիրապետելով շվիի, դուդուկի և զուռնայի։

1990 թվականին ընդունվել է Արցախի մանկավարժական ինստիտուտ՝ զուգահեռաբար աշխատանքի անցնելով երգի-պարի անսամբլում՝ որպես զուռնայի մենակատար։

Պատերազմ, որը փոխեց ամեն ինչ

Ուսանողական տարիներին սկսված՝ Արցախյան պատերազմը կտրուկ փոխել է Արթուր Սաֆարյանի կյանքը։

«Երգելու, պարելու ժամանակ չկար։ Տղաները ռազմաճակատում էին, կանայք՝ ծանր հոգսերի մեջ։ Նորմալ ուսանողական կյանք ունեցել ենք ընդամենը մի քանի ամիս։ Դրանից հետո բոլորը զբաղված էին մեկ բանով՝ հայրենիքի փրկությամբ»,- պատմում է նա։

«Ծառայությունը պետք է լինի անքննելի ու անքննարկելի»

Խոսելով զինվորական ծառայության մասին՝ Արթուր Սաֆարյանն ընդգծում է. «Ծառայությունը ծովափի հանգիստ չէ, որ ուզես՝ գնաս, չուզես՝ չգնաս։ Դա պետք է լինի պարտադիր, անվերապահ և անքննարկելի։ Եթե չի գնում՝ բանակում մի լավ խոսք կա, չգիտես՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք։ Չի ուզում գնա, ով ուզում է՝ լինի, տանելու ձևեր կան։ Խելոք կգնա, կծառայի ու լավ զինվոր, լավ քաղաքացի կդառնա»։

Նա դեմ է երկակի ստանդարտներին՝ շեշտելով, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ առանց բացառության։

«Էսօր նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդը տեսախցիկների առաջ կանգնում, ասում է՝ գիտես, դու պիտի ծառայես, բա ի՞նչ պիտի անես, ասում ես՝ ձեր որդին խի՞ չի ծառայում, ասում է՝ «իմ որդին բարձրակարգ տղա է»։ Ես ուզում եմ պետություն, որ նման դեպքերում, անկախ նրանից, թե իր որդին ինչի՞ չի ծառայել, գուցե օրենքով պաշտպանված հարգելի պատճառներ ունի, բայց պետությունը հաջորդ օրն էդ տղային տանի զորամաս, ու նա գնա ծառայի, իսկ հորն ընդմիշտ հեռացնեն ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև հասարակությունից։ Ես էդպիսի պետություն եմ ուզում»:

Պետության երեք հենասյուները

Սաֆարյանը համոզված է, որ պետությունն ունի անխախտ արժեքներ, որոնց չի կարելի դիպչել։

«Բանակ, եկեղեցի և արդարադատություն՝ սրանք այն սյուներն են, որոնց չի կարելի մոտենալ։ Եթե փորձեք «ունքը սարքել», աչքն էլ կհանեք»։

Նա մտահոգություն է հայտնում ազգային արժեքների թուլացման վերաբերյալ՝ ընդգծելով, որ հերոսների կերպարի արժեզրկումը վտանգավոր միտում է.

«Մեր տարածաշրջանի բախտը որոշող տիրակալները, հզորները ստիպում են, որ այսօր Հայաստանն աստիճանաբար հրաժարվի կարևորագույն արժեքներից: Նայեք հատ-հատ, դպրոցներից հերոսների անկյունների ոչնչացումից սկսած, ինչի՞ համար, եղբա՛յր, հերոսներիդ նկարներն ինչի՞ չես թողնում մնա քո երեխայի, քո մատաղ սերնդի աչքի առաջ։ Դե, ասում են՝ արդեն հերոսը հարկ վճարող քաղաքացին է, դա ի՞նչ է։

Բա գիտակցաբար մահվան գնացած 18 տարեկան երիտասարդն ի՞նչ է. եթե նա չէ հերոսը, նա ի՞նչ է։ 18 տարեկան գիտակցաբար նռնակը ձեռքը մահվան դեմ հանդիման գնացող երեխան, մարդը չէ՝ երեխան, նա ի՞նչ է։ Նույն էլ եկեղեցին է, անքննարկելի արժեք է։ Դա անձեռնմխելի արժեք է։ Ի՞նչ են անում մարդիկ։ Ասում են՝ եղբայր, ուզո՞ւմ ես կառավարիչը դու լինես, ուրեմն պիտի անես սա, սա, պիտի եկեղեցին թուլացնես, մինչև որ ինքը տարրալուծվի, վերանա, ազգային արժեքները պետք է դադարեն արժեք լինելուց։ Լիքը ապացույցներ կան, մեր պետական բուրգի ամենավերևում կանգնած դեմքից սկսած, էսպես բրգաձև որ իջնում են, չէ՞, հետո սենց կամաց-կամաց նախարարներով… մի նախարարն էլ կանգնում, ասում է՝ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, ներմուծված է կամ ընդհանրապես ստեղծված է նրա համար, որ դժվարին իրավիճակներում կարողանան զորահավաք անել։ Դուք հասկանո՞ւմ եք, դա նախարարն է ասում։ Գյուղատնտեսության նախարարը չի ասում, իմիջիայլոց, կրթության նախարարն է ասում»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա շուրջ հնչող իշխանական թևի ներկայացուցիչների հայտարարություններին՝ Արթուր Սաֆարյանը կարևորում է պատասխանատվության հարցը՝ հույս հայտնելով, որ ապագայում հստակ գնահատականներ կտրվեն տեղի ունեցածին։

«Արցախցին թռած է».., և ո՞վ է դա ասում… Դա կարող է, գիտե՞ս՝ ով ասել, էն մարդը, ով այդ 44 օրվա դժոխքների միջով անցել է, նա՛ կարող է ասել՝ գոնե, բայց նա չի ասի նման բան, որովհետև նա նաև տեսել է ուրիշ բաներ: Ի՞նչ կարող եմ ասել, մարդիկ միշտ ասում են էն, ինչ օգնում է իրենց նպատակներին հասնելու համար, այսինքն՝ էսօր էդ մարդը, որ ժողովրդին ներկայացնում է այսօր, և զոհված հերոսի դստերը ասում է՝ փախած ես, էդ մարդը նպատակ ունի, որ ասում է, ու ես մինչև էսօր ոչ թե նրա ասածի վրա եմ զարմանում, այլ զարմանում եմ նրանց վրա, ովքեր մինչև էսօր հակված են էդ մարդուն ընդունելու, հասկանո՞ւմ ես, որ նորից գնալու է, կոտրած ձեռքով նորից ձայն տա էդ մարդուն։ Ես դրա վրա եմ զարմացած։

Նորից եմ ասում, պետք չէ քաղաքագիտության մասնագիտությամբ համալսարանական կրթություն ունենաս, որ հասկանաս՝ ի՞նչ է կատարվում, ամեն ինչ ափի մեջ է, ամեն ինչ ակնհայտ երևում է։ Ես ուզում եմ տեսնել՝ կգա՞ այն ժամանակը, որ ինչ-որ մեկն էսօրվա մեր երկրի, մեր բարօրության, մեր անվտանգության պատասխանատուներից, որ հուսով եմ՝ այն ժամանակ արդեն որպես կալանավոր պետք է ելույթ ունենա, կասի՞, որ մենք 9 ամսից ավելի մի ողջ ժողովրդի սովի մատնեցինք, մենք վախեցանք, մեզ մեր տերերն ասել էին՝ նման բան չանեք, և մենք մեր խիղճը փոխեցինք մեր վերարտադրության հետ, մեր խիղճը փոխեցինք մեր իշխանության հետ, մենք դա չարեցինք, որպեսզի մնանք էս վիճակում, ինչ որ մենք հիմա կանք։ Կասե՞ն, տեսնես… ես այ դրան եմ սպասելու»։

Արթուր Սաֆարյանի համոզմամբ՝ ուժեղ պետությունն այսպես չի կառուցվում. «Պետությունը «մուսի-պուսի»-ով չի լինում։ Պետությունը երկաթի ձեռք է, որը պետք է կառավարի պողպատե մտածողությամբ մարդը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031