Փաշինյանը համոզված է, որ Ռուսաստանից գալիս են հատուկ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայեր Հայաստան են գալիս հատուկ այն նպատակով, որպեսզի ընտրությունների ժամանակ քվեարկեն իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին։
Նա այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն դիտարկմանը, թե հայտնի որոշ ուժեր Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են բերելու Հայաստան` ընտրություններին մասնակցելու համար։
Իշխանամերձ շրջանակներն ավելի վաղ հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչներն են ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ ամրագրում արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար` հունիսի 7-ին քվերակությանը մասնակցելու նպատակով։
«Այսօր էլ Մոսկվայից, Կրասնոդարից և Ռուսաստանի ամենատարբեր հատվածներից մարդիկ գալիս են ու ասում, որ հատուկ եկել են Հայաստան, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Չգիտեմ` այդ մարդկանց ուղարկել են, թե իրենց որոշմամբ են եկել, սակայն ՀՀ քաղաքացիներից ով էլ գա Ռուսաստանից, նրանց 65 և ավելի տոկոսը կողմ է քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ նման մարդիկ շատ են, սակայն ստույգ թիվը չի կարող նշել. չի հաշվել:
Ըստ նրա` շատերն իրենց հարազատներին այդ մասին հայտնել են տեսակապով։



