ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը
Եվրամիությունը դադարեցրել է «Եվրոպական տնտեսական համայնքի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնագրի մասնակի կասեցումը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Մասնակի կասեցումը վերացնելով՝ Խորհուրդը վերականգնում է համագործակցության համաձայնագրի լիարժեք կիրառումը, ինչը կարևոր քայլ է ԵՄ-ի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Համաձայնագրի գործողությունը սառեցվել էր 2011 թվականին այն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակում՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների պատճառով:
«2024 թ․ դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից և 2025 թ․ մայիսին Սիրիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցները վերացնելու՝ Խորհրդի հետագա որոշումներից հետո (բացառությամբ անվտանգության նկատառումներով սահմանված պատժամիջոցների) կասեցումն արդարացնող պայմաններն այլևս գոյություն չունեն», – նշված է հաղորդագրության մեջ։
Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով նոր միջոցները՝ ԵՄ Միջերկրածովյան տարածաշրջանի հարցերով հանձնակատար Դուբրավկա Շուիցան հայտնել է, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրոյի ծրագիր է պատրաստել Սիրիայի պետական ինստիտուտների ամրապնդման համար, ինչպես նաև 280 միլիոն եվրոյի նոր օգնության ծրագիր՝ 2026-2027 թվականների համար:



