Բաժիններ՝

«Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ցանկացած պահի դարձյալ կարող է պատերազմ բորբոքել». The National Interest

Ամերիկյան The National Interest-ում տպագրված իր հոդվածում լրագրող Բլեյք Ֆրանկոն գրում է, որ անցած շաբաթ New York Times-ում հոդված տպագրվեց փչովի մակետային կործանիչների մասին։

Հոդվածագրի խոսքով՝ դա ստիպում է մտածել, թե Մոսկվան, հավանաբար, պատերազմ մղելու նոր մեթոդ է հնարել։ Սակայն, եթե ուշադիր վերլուծենք իրավիճակը, ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի գործողություններում ոչ մի նոր բան չկա։

Բրիտանական և ամերիկյան բանակները փչովի տանկեր օգտագործել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի խաբեն գերմանացիներին։ Սերբերն օգտագործում էին տարբեր մակետներ Բալկաններ ներխուժելու ժամանակ, որպեսզի խաբեն ՆԱՏՕ-ի ռմբակոծիչներին։

Փչովի մակետներով այդ հնարքը հիմնված է ժամանակով ստուգված ռազմական դոկտրինով, որն իր արմատներով գնում է դեպի հին Չինաստան։

Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ է հիմա անում Ռուսաստանը, և, թե ինչպես է պատկերացնում պատերազմը, անհրաժեշտ է կարդալ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը»։

«Պատերազմը խաբեության ուղի է։ Այդ իսկ պատճառով, եթե դու ի վիճակի ես, ցուցադրիր հակառակորդին քո անկարողությունը։ Երբ պետք է մարտադաշտ մտցնես քո ուժերը, ձևացիր անկարող։ Երբ նպատակը մոտ է, ցույց տուր, կարծես այն հեռու է»։

Այս տողերը «Պատերազմի արվեստից» ակնհայտորեն ցույց են տալիս Ռուսաստանի ռազմական մտածողությունը վերջին մի քանի տարում։

Քարոզչությունն ու ապատեղեկատվությունը, որոնք Կրեմլը տարածում է հեռուստատեսության միջոցով, խաբեության ակնհայտ օրինակ է, սակայն փաստացի զինվորականների ու զենքի տեղաշարժը ունի ոչ պակաս նշանակություն, հատկապես այն պետությունների համար, որոնք Ռուսաստանի հետ սահման ունեն։

Հոդվածագրի կարծիքով՝ Մոսկվան ձգտում է համոզել Արևմուտքին նրանում, որ ռուսական բանակը կարող է մոբիլիզացնել իր ուժերը կարճ ժամանակում ու արագ տեղաշարժվել երկրի ամենահեռավոր անկյունները։

Ռուսաստանը կարող է միջամտել իրավիճակին իր սահմաններից դուրս, նաև Բալթյան երկրների տարածքներում, որտեղ նա սպառնում է իր «կանաչ մարդուկներով», Հարավչինական ծովում, որտեղ զորավարժություններ է կատարում Չինաստանի հետ, կամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ցանկացած պահի դարձյալ կարող է պատերազմ բորբոքվել։
Այդ բոլոր սցենարները լուրջ անհանգստություն են առաջացնում Վաշինգտոնի քաղաքական գործիչների շրջանում։

Բանակի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, որն ի վիճակի է արագ տեղաշարժվել մի վայրից մյուսը և տարբեր հակամարտություններ առաջացնել միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, Կրեմլի գործողությունների կանխատեսումները վերածում են տանջալից փորձարկման։

ՆԱՏՕ-ի օդաչուները ստիպված են աշխատել չափից շատ, որպեսզի կարողանան զսպել ռուսական ինքնաթիռների ներխուժումները դաշինքի օդային տիրույթ։

Ռուսների վարքագիծը հստակորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձում է պարզել, թե ինչպես և ինչին ՆԱՏՕ-ն կարձագանքի։

Նման գործողությունները կոչված են դաշինքի զորքերին պահել լարվածության մեջ, ստուգել ռեակցիայի արագությունը և այն, թե ինչ միջոցներով ՆԱՏՕ-ն կհակազդի ռուսական ուժերին։

«Նա, ով կարողանում է ղեկավարել հակառակորդի գործողությունները, օգտագործում է նման կառուցվածքներ, որոնց հակառակորդը պետք է պատասխանի։ Նա առաջարկում է հակառակորդին այն, ինչ նա պարտադրված է ընդունել»։

Ռուսները շատ են սիրում այդ մեթոդը, որը սովորաբար բնութագրվում է դեպքերի սադրումով, որպեսզի ավելի ուշ իրականացնի, այսպես կոչված, ռեֆլեկտիվ վերահսկողություն։

Ռուսաստանը սադրում է միջազգային դեպքեր և ստիպում մյուսներին դրան արձագանքել այնպես, որպեսզի ռեակցիայի միակ հնարավոր տարբերակը ձեռնտու լինի Կրեմլին։
Նման ռազմավարության ամենանկատելի իլյուստրացիան Ռուսաստանի միջամտությունն է սիրիական քաղաքացիական պատերազմին։

Թեև այդ ներխուժման մեջ Մոսկվան որոշ սխալներ թույլ տվեց՝ պայմանավորված այնպիսի խնդրահարույց դաշնակիցների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Դամասկոսն ու Թեհրանը, ՌԴ-ն իրեն դարձրեց երկրում գլխավոր արտաքին ուժը։

ԱՄՆ-ի ռեակցիայի դանդաղկոտությունը սիրիական պատերազմին թույլ տվեց Մոսկվային միջամտել հակամարտությանն ու փոխել իրերի դրությունը։ Դրանից հետո ուժերի գերակշռությունը թեքվել է Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի կողմը, իսկ Ասադն ամրապնդեց իր դիրքերը երկրում։

Դո՞ւր է գալիս դա Արևմուտքին, թե՞ ոչ, ռուսները ներկայումս կդառնան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մաս։

Հեղինակի խոսքով՝ «Պատերազմի արվեստը» գրքից իր մեջբերումներն օգնում են լույս սփռել Կրեմլի տակտիկայի վրա։

Թեև Պուտինը մեծագույն ստրատեգ չէ, դատելով այն դժվարություններից, որոնց Ռուսաստանը բախվում է իր գործողությունների հետևանքով, սակայն նա լավ է կատարում պատերազմ վարելու արվեստի իր տնային աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս