Բաժիններ՝

Freedom House-ը հրապարակել է «Համացանցի ազատություն-2015» զեկույցը. Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների թվում է

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության վերաբերյալ իր ամենամյա «Համացանցի ազատություն-2015» զեկույցը:

Freedom House-ը վարկանշային աղյուսակով գնահատել է համացանցի և թվային մեդիաների ազատությունը: Դրանում 100 միավորանոց սանդղակով գնահատական է տրվել 65 երկրում համացանցի ու թվային մեդիայի ազատության մակարդակին:
Կազմակերպությունը առանձնացրել է ազատ համացանց, կիսով չափ ազատ ու անազատ համացանց ունեցող երկրներ:

0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:

Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ հավաքելով 28 միավոր: Ազատ համացանց ունեցող երկրների շարքում է ներառվել նաև Վրաստանը՝ 24 միավորով: Ադրբեջանը հավաքել է 56 միավոր՝ հայտնվելով կիսով չափ ազատ համացանց ունեցող երկրների սանդղակում, Թուրքիան՝ 58, իսկ Ռուսաստանը՝ 62 միավոր:

Համացանցի ազատության վարկանշային աղյուսակում այս տարի ևս առաջատարը Իսլանդիան է, որին հաջորդում են Էստոնիան, Կանադան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ավստրալիան: Ազատ համացանց ունեցող երկրների ցանկը եզրափակում է Բրազիլիան: Ցուցակում ներառվել է 18 երկիր:

Համացանցի ազատություն չունեցող երկրների վարկանշային աղյուսակը եզրափակում են Կուբան, Եթովպիան, Իրանը, Սիրիան ու Չինաստանը։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը տեղակայված է Նյու Յորքում:

Զեկույցը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին:

Freedom House-ը դարձյալ հայտարարել է, որ աշխարհում արդեն 5-րդ տարին անընդմեջ նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում:
Ավելի շատ թվով երկրների կառավարություններ են գրաքննության ենթարկում հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, մեծացել է նաև վերահսկողությունը դրանց հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս