Կարելի՞ է երեխային կնքել, եթե հայրը կնքված չէ
– Եթե երեխայի հայրը կնքված չէ, կարելի՞ է երեխային կնքել: Եվ եթե հայրը չցանկանա երեխային կնքել, կարո՞ղ եմ ես ինքս կնքել. արդյո՞ք Եկեղեցին թույլ է տալիս:
– Երեխայի մկրտությունն ամնեևին կապ չունի հոր մկրտված լինելու կամ չլինելու հետ: Ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի: Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն է անհրաժեշտ Աստծու ճշմարիտ հետևորդ լինելու համար: Եթե հայրը չհամաձայնվի մկրտության արարողությանը, սկզբուքնորեն կարող եք տանել երեխային եկեղեցի և մկրտել:
Սակայն որպեսզի ընտանեկան խնդիրներ չառաջանան, փորձեք համոզել, բացատրել նրան մկրտության կարևորությունը: Եթե նա դարձյալ չհամաձայնվի, երեխան չպետք է տուժի ծնողի անհեռատեսության պատճառով: Կարող եք նրան գաղտնի մկրտել կամ բացահայտ: Այս պարագայում Դուք ինքներդ Ձեր մեջ որոշում ընդունելու պատասխանատուն կլինեք:
Որքանով կարևորում եք Ձեր կյանքում Աստծո ներկայությունը և երեխայի մկրտությունը ու նրա քրիստոնյա մեծանալը, այդքանով էլ Ձեր որոշումը պետք է համապատասխան լինի: Աստված տա, որ Ձեր ամուսինը, իմաստությամբ լցված, իր քայլը կատարի դեպի Աստված` ապահովելով իր ընտանիքի հոգևոր անվտանգությունը:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am