Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ անորոշության նոր փուլում
Սեպտեմբերի 3-ի երկրորդ տարելիցից առաջ, 2015թ․ մայիսին Ռիգայում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում ձախողված ասոցացման պայմանագրի փոխարեն՝ Հայաստանին առաջարկվեց նոր փաստաթղթի ստորագրում։ Այդ նպատակով վերջերս ԵՄ խորհրդի կողմից Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ վարելու մանդատ տրվեց։ Նոր՝ Համապարփակ գործընկերության համաձայնագիր անունը կրող փաստաթղթի մշակման բանակցությունները կսկսվեն շուտով։ ԵՄ-ն նման փաստաթղթի մշակում է արդեն սկսել ԵԱՏՄ անդամ Ղազախստանի հետ, իսկ Ադրբեջանը ԵՄ-ին հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումը և առաջարկել մշակել երկկողմ Ռազմավարական երկխոսության ծրագիր։ Սակայն ներկայումս Ադրբեջան-ԵՄ բանակցությունները սառեցված են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման վերաբերյալ ԵՄ խիստ դիրքորոշման պատճառով։ Հայաստանին դա հնարավորություն է տալիս ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսության միջոցով բարենպաստ կարծիք ձևավորել եվրոպական համայնքում։ Սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում նոր համաձայնագիրը։
Նոր համաձայնագրի իրավական հիմքը նախորդ՝ չստորագրված փաստաթղթի այն կետերն են, որոնք չեն հակասում ԵԱՏՄ-ի համար իրավականորեն պարտադրող պայմանագրային պարտավորություններին։ Եթե չստորագրված փաստաթղթում, ԵՄ ֆինանսական աջակցության շրջանակներում, ինչը շատ կարևոր է Երևանի պաշտոնյաների համար, նպատակ էր հայտարարված դոնոր պետությունների համաժողովը՝ մի քանի միլիարդ եվրո բյուջեով, ապա այժմ, նոր պայմանագրի մշակման համար տրամադրված մանդատի շրջանակներում Հայաստանի համար հատկացվող ֆինանսական ռեսուրսների չափը չի հրապարակվում։
Նոր փաստաթղթի մշակումը հնարավոր դարձնելու համար ԵՄ-ն պարզեցրել է Արևելյան հարևանության ծրագրի նորմատիվներն և կանոնակարգերը՝ ձգտելով բանակցությունների միջոցով լուծում գտնել բազմաթիվ իրավական նորմատիվային անհամապատասխանությունների համար, սակայն կանգնած է այն փաստի առջև, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չունեն տվյալ կոնկրետ հարցերին լուծում տալու իրավական լիազորություններ, քանի որ այն փոխանցել են ԵԱՏՄ կենտրոնին։
Թե ինչպիսին կլինի փաստաթղթի բովանդակությունը՝ կճշտվի, երբ մեկնարկեն ՀՀ-ԵՄ պաշտոնական բանակցությունները։ Սակայն, ինչպիսին էլ լինի ապագա փաստաթուղթը, որոշակիորեն հստակ է, որ այն Հայաստանին լայնածավալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն չի առաջարկի։ Լայնածավալ ֆինանսական աջակցություն նախատեսվում է Ասոցացման պայմանագիրը ստորագրած Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի համար։
Այդպիսի տարբերակման քաղաքականությունը նախատեսվում է զարգացնել Ռիգայի ԵՄ գագաթաժողովի ընթացքում որդեգրված Արևելյան հարևանության ծրագրի վերանայման որոշմամբ։ Այսպիսով Ասոցացման պայմանագիրը ստորագրած երկրների հետ ձևավորվում են ամենաբարձր մակարդակի հարաբերությունները, նրանց տրամադրվում է ֆինանսական և տեխնիկական աջակցություն, իսկ վերջիններս իրենց հերթին՝ պարտավորվել են համակարգային քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կատարել։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նման խոր և համակարգային վերափոխումների խնդիր դրված չէ ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ ԵՄ-ի կողմից։ Հայաստանը դասված է ավելի ցածր մակարդակի համագործակցության ենթակա երկրների խմբում, այն է՝ ԵԱՏՄ երկրները, և ինչ համաձայնագիր էլ ստորագրվի Հայաստանի հետ, այն չի կարող, թեկուզ մասնակիորեն, համարժեք բանակցված և լքված Ասոցացման համաձայնագրին։
Կարելի է արձանագրել․ որ նոր համաձայնագրի ուրվագծերն առայժմ անորոշ են։ ԵՄ-ից ՀՀ իշխանություններին ուղղված՝ չվախենալու և ստորագրելու կոչերը ԵՄ բյուրոկրատիային բնորոշ լավատեսության և Հայաստանին բարոյական հաղթանակ շնորհելու ջանքերի արտացոլումն են։ Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին՝ արդեն կատարել է իր ընտրությունը։ Հայաստանյան վերնախավը հիմա նախ՝ ԵԱՏՄ այլ անդամների հետ պետք է ճշտի թե ինչը չի հակասում ԵԱՏՄ պարտավորություններին և նորմերին։ Իսկ գիտե՞ն արդյոք այդ մասին ԵԱՏՄ-ում, հարց է, որի պատասխանն անորոշ է։ Փակ շրջանից դուրս գալու համար Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ուր տիրում է անորոշությունը:
ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆ