Երեխայի նպաստի տրամադրման կարգը փոխվում է
«Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնցով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար երեխան պետք է գրանցված լինի իր մոր հետ նույն հասցեում: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ աշխատանքային և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց փոփոխությունները: Ըստ նրա՝ նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները:
Ա.Ասատրյանը նշեց, որ ներկայումս երեխայի խնամքի նպաստը վճարվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից, սակայն հաշվի առնելով 2017 թ. հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը մեկ միասնական պետական մարմնի կողմից իրականացնելու վերաբերյալ դրույթը, նախատեսվում է, որ խնամքի նպաստը 2016 թ. հունվարի 1-ից վճարվելու է սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից. «Այս տեսանկյունից` նպատակահարմար է միասնականացնել խնամքի նպաստի և ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների նշանակմանն ու վճարմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը»:
Ըստ Ասատրյանի՝ նպաստի նշանակման համար այլևս չի պահանջվի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկանք, եթե տեղեկատվությունը ներառված է համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական բազայում, միաժամանակ՝ խնամքի նպաստը հետադարձով վճարվում է խնամքի արձակուրդը սկսելու ամսվա 1-ից հետո՝ 6 ամսվա ընթացքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ 6-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ընդ որում, Ա.Ասատրյանի խոսքով, եթե անձը 12 ամիս շարունակ չի դիմում իր երեխայի խնամքի նպաստի համար, ապա նա ուղղակի չունի դրա կարիքը և, ըստ այդմ, առաջարկվում է այդ ժամկետը կրճատել մինչև 6 ամիս, որպեսզի միջոցներն ավելի նպատակային և հասցեական ուղղվեն:
Ըստ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ այս ժամկետի կրճատման արդյունքում բյուջեի ծախսերը կկրճատվեն. «Եթե երիտասարդ ընտանիքը երեխա է ունենում, բայց մի քանի ամիս անց տեղափոխվում է Ռուսաստան բնակության, ինչո՞ւ պետք է նրան նպաստ վճարվի»: