Բաժիններ՝

Թեժ քննարկում՝ Ամուլսարի հանքավայրի թեմայով

Այսօր Երևանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ անկախ փորձագետների վերլուծությունների քննարկում, որը տեղ-տեղ վերածվեց «բազարի»:

Իրավաբան Արթուր Գրիգորյանը ներկայացրեց, որ Ամուլսարը գտնվում է Սևանի ջրահավաք ավազանում, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարի միջև, Արփա և Որոտան գետերի հարևանությամբ, Ջերմուկից 12 կմ հեռավորությամբ: Ըստ նրա՝ նախագիծը պետք է այնպես իրականացվի, որ հանրութան շահի տեսակետից օգտակար լինի, որ հնարավորինս մեղմի Ջերմուկի վրա ազդեցությունը, ջրամբարների ու Սևանի հետ խնդիր չլինի, նաև Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները չվնասվեն: Ա. Գրիգորյանի խոսքով՝ Սևանի ավելի քան 40 համայնքների բնակիչներ դիմում են ներկայացրել Բնապահպանության նախարարություն՝ որպես ազդակիր համայնք ներգրավվելու համար: Նա նշեց, որ Գնդեվազի 10-ից ավելի բնակիչներ դիմում են ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) եզրակացությունը, բայց դատարանը մերժել է, քանի որ եզրակացությունը վարչական ակտ չէ, այժմ վճիռը բողոքարկվել է:

Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը մտահոգություն հայտնեց Ջերմուկի ջրերի հետ կապված, որ ջրերի բուժիչ հատկությունը կխաթարվի և զբոսաշրջության զարգացման ծրագրերը հնարավոր չի լինի իրականացնել: Ըստ նրա՝ Ամուլսարի հանքի շահագործմամբ խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, Հողային և Ջրային օրենսգրքերը:

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մովսիսյանը դրական գնահատեց ոսկու կորզման համար կիրառվելիք կույտային տարրալվացման տեխնոլոգիան, սակայն նշեց, որ, այնուամենայնիվ, վերջում թափոնակույտ է մնալու, որը պոչ է:

Կարդացեք նաև

Հ. Մովսիսյանի ելույթի ժամանակ ցուցադրվեցին այլ հանքավայրերի  պոչամբարների պատկերներ, ինչը հարուցեց «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչների դժգոհությունը, ու բանավեճ ծավալվեց, որ իրականում Ամուլսարում պոչամբար չի լինելու, իսկ կույտային տարրալվացումն այլ տեխնոլոգիա է:

«Ես բնավ չեմ ասում, որ հանքավայրը չպետք է շահագործվի»,- արդարացավ Հ. Մովսիսյանը:

Ընկերության կայուն զարգացման գծով պատասխանատու Արմեն Ստեփանյանը խորհուրդ տվեց կրկին ուշադիր կարդալ սեյսմիկ եզրակացությունն ու մյուս փաստաթղթերը:

Lydian International Ltd-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը հայտարարեց, որ բացարձակապես անընդունելի է, որ կույտային տարրալվացման մասին խոսելիս՝ ցույց է տրվում պոչամբարի նկար, քանի որ կույտային տարրալվացման հարթակը պոչամբար չէ, և պնդեց, որ Ամուլսարում պոչամբար չի լինելու: Նա խնդրեց բերել մի օրինակ, որ կույտային տարրալվացման հարթակի պատճառով որևէ խնդիր է եղել, ու հավելեց, որ ոչ մի խնդիր չի եղել 50 տարում: Ըստ նրա՝ ժամանակակից հարթակը նախագծվել է 20 տարի առաջ՝ խուսափելու համար այն խնդիրներից, որ առաջանում են պոչամբարի դեպքում:

«Հարթակի մասին խոսելիս՝ պոչամբարների նկարներ ցույց մի տվեք, պետք է հասկանալ դրանց տարբերությունը: ՀՀ-ում առաջին անգամ է կիրառվում կույտային տարրալվացման մեթոդ: Անընդունելի է, որ այս սեղանի շուրջ փորձագետներն ասում են, թե բավարար տեղեկատվություն չունեն: Եկեք «Գեոթիմ», կտանք: Մենք բաց քաղաքականություն ենք վարում»,- ասաց Դ. Ֆոլենը:

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը կոչ արեց բոլորին կառուցողական հողի վրա աշխատել: Ըստ նրա՝ ՇՄԱԳ-ում 2 թերություն կա՝ փոշու ցրման հետ կապված, փորձ ու նախադեպ կա, որ Սոդքի հանքի հետ կապված փոշին տարածվում է 20-30 կմ շառավղով: Ս. Մինասյանի կարծիքով՝ ազդակիր են գետավազանի վերին վտակները, որի մասին գնահատում չկա, սակայն բացասական փորձ կա Ճոճկանում: Ըստ նրա՝ ԲՆ ՊՈԱԿ-ի կազմած ՇՄԱԳ եզրակացությունը պարզապես ռեֆերատ էր: Մասնագետի կարծիքով՝ թեև ընկերության պատվերով Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցության հետազոտություն է արվել արտասահմանյան լաբորատորիայում իզոտոպային մեթոդով, որ ցույց է տվել, որ հանքային ջրերը չեն կարող աղտոտվել, այնուամենայնիվ, պետությունը պետք է երկրորդ հետազոտությունն անի. «Սա ամենակարևոր խնդիրն է և գնահատման թերության դեպքում կարող է անդառնալի հետևանք ունենալ: Հանքարդյունաբերողն արել է հետազոտությունը, բայց պետությունն իր կողմից պետք է անի: Կրկնակի փորձաքննություն է պետք: ՀՀ-ում չկան նման սարքավորումներ, պետք է արվի արտասահմանյան ընկերության կողմից, որը թանկ հաճույք է»:

Լսումների մասնակիցների կրքերը շիկացան, թե որ համայնքն է ազդակիր ճանաչվել ու որը պետք է ճանաչվեր, որտեղ ու քանի անգամ է լսում կազմակերպվել:

ԲՆ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ ազդակիր համայնք ճանաչվել են Վայոց ձորի և Սյունիքի ամբողջ մարզերը: Նա տեղեկացրեց, որ 2012թ-ին Սևանի հանձնաժողովը նախագծին տվել է բացասական կարծիք, բայց դրա էական փոփոխություններից հետո հանձնաժողովի կարծիքը դրական է եղել:

«Էկոլուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը մեղադրեց «Գեոթիմին», որ հարցը հասարակական մեծ նշանակություն ունի, բայց չի պահպանվում բաց գործելաոճը, իսկ փորձագետներին, որոնք վճարվել են «Գեոթիմի» կողմից, անվանեց շահագրգիռ կողմ: Նա նշեց նաև Կարմիր գրքում ընդգրկված տեսակների պահպանման խնդիրը: Ի.Զարաֆյանը հայտարարեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան, ազդակիր համայնքների բնակիչներին խոստացել են շատ մեծ թվերի փոխհատուցում:

«Արդարացի չի մարդկանց կաշառելու մեջ մեղադրել: Սա փորձագիտական քննարկում է, բազար չդարձնենք,- վրդովմունքը չզսպեց Դ.ֆոլենը,- «Լիդիանը» ցուցակված է միջազգային բորսայում, եթե ինձ ու իմ տնօրենին մեղադրում եք, կարող են բանտ ուղարկել»: Դ. Ֆոլենը նաև ասաց, որ ազդակիր համայնքների փոխհատուցման կարգի, ծավալի և գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է, և այդ մասին 100 էջանոց փաստաթուղթը տեղադրված է ընկերության կայքէջում:

«Անցած տարի սեպտեմբերին Ամուլսարի հանրային լսումը Գնդեվազում եղավ, ամեն ինչ արեցիք լսումն ընդհատելու համար: Գորայքում լսումների ժամանակ Դուք չեկաք: Ինչպե՞ս կարող եք բողոքել, եթե Ձեր հնարավորությունը կարծիք հայտնելու՝ չեք օգտագործել: Հոկտեմբերին Երևանում դարձյալ փորձեցիք ընդհատել հանրային լսումը, թեև անձամբ ինձ խոստացել էիք գալ մասնակցել»:

Դ.Ֆոլենի խոսքով՝ ընկերությունը 5 մլն ԱՄՆ դոլար ծախսել է բնպահպանական ու սոցիալական խնդիրներն ուսումնասիրելու վրա, որը ոչ մի այլ ընկերություն չի արել: Նա համաձայնություն հայտնեց Ջերմուկի ջրերի վրա ազդեցության գնահատման նպատակով երկրորդ ուսումնասիրություն անցկացնելու համար ու հավելեց, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս