Նիկոլ Փաշինյանին ծանր ժամանակներ են սպասվում

Նիկոլ Փաշինյանին, իր կառավարությանն ու քաղաքական թիմին առաջիկայում ծանր ժամանակներն են սպասվում։ Մինչև վերջերս երկրին հասցրած անդառնալի կորուստները, աղետներն ու արհավիրքները, արտաքին ու ներքին ձախողումները փորձում էին քողարկել վերջին տարիների տնտեսական հաջողություններով ու ձեռքբերումներով։

Հայտնի պատճառներով՝ տնտեսությունը բարձր տեմպերով աճում էր, ռուս փախստականների շնորհիվ ձևավորված լրացուցիչ պահանջարկով պայմանավորված՝ աշխատատեղերն ավելանում էին, որոշ ոլորտներում աշխատավարձերը բարձրանում էին, Ռուսաստանի տնտեսությունն ու շուկան սպասարկելու արդյունքում օդից փող էր գալիս բյուջե, իրենք էլ այդ ամենը վերագրում էին իրենց։ Մի տեղ դպրոց էին կառուցում-վերանորոգում, մի տեղ՝ մանկապարտեզ, մեկ այլ տեղ ճանապարհ էին ասֆալտապատում, ջրագիծ էին անցկացնում, մի քիչ թոշակ, մի քիչ աշխատավարձ էին բարձրացնում ու փակում ժողովրդի բերանը։

Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների օկուպացիան, հազարավոր զոհերի արյունը փորձում էին քողարկել այսպիսի կենցաղային ու նյութական արժեքների տակ։ Բայց դրա ժամանակն էլ մոտեցավ ավարտին։

Իշխանություններին առաջիկայում ծանր փորձություններ են սպասվում։ Նախկին բարձր աճերն այլևս անցյալում են։ Ու այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց խնդիրն այս տարի 7 տոկոսանոց աճ ապահովելն է, այլևս երազանք է։

Կարդացեք նաև

«Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին»,- տարեսկզբին ինքն իրեն հարցնում ու պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչքանո՞վ կառավարությունն իր աշխատանքի հաշվին ապահովեց 7 տոկոսանոց տնտեսական աճ, տեսնում ենք տարեվերջի ցուցանիշներում։

Տարեվերջին տնտեսական աճի կառավարության սպասումը հազիվ 5,8 տոկոս է։

Բայց դա էլ անհույս է։ Լավագույն դեպքում՝ այս տարի տնտեսական աճը կլինի ընդամենը 4,5-5 տոկոսի սահմաններում։

Արտաքին ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա մի փոքր թուլացան, բացահայտվեցին կառավարության աշխատանքի արդյունքները։

Տնտեսությունն այն օրի են հասցրել, որ շուտով այդ աճերն էլ չեն լինելու։

Հաջորդ տարի 5,1 տոկոս է աճի ակնկալիքը, որը, բացառությամբ 2020թ., նախորդ 8 տարիների ամենացածր ցուցանիշն է։ Բայց անգամ դա է հարցականի տակ։

Տնտեսական իրավիճակը Հայաստանում բոլոր առումներով բարդանում է, ու դրա հետևանքներն առավել տեսանելի կլինեն հաջորդ տարի։

Այն, որ պատահաբար մեկ-երկու տարի բարձր աճեր գրանցվեցին, ու ասում էին, թե Հայաստանի տնտեսությունը ծաղկում է, զարգանում է, կեղծիք էր։ Տնտեսության ապագան մշուշոտ է։ Վերջին տարիներին տնտեսության մեջ ներդրումներ գրեթե չեն արվել, նոր արտադրություններ չեն ստեղծվել, տնտեսության արտահանելի հատվածը սպանել են, նստած են եղել սպեկուլյատիվ աճերի վրա ու դրանցով են կերակրել հասարակությանը։ Այսօր արդեն վայելում ենք այդ կեղծ աճերի ու զարգացումների հետևանքները։

Ոչ միայն տնտեսությունն է հայտնվել փակուղու առաջ, այլև պետական բյուջեն։ Բյուջեի վրա այնքան ֆինանսական բեռ են ավելացրել, որ դրանք փակելու համար ստիպված հարկերն են բարձրացնում։ Հաշվի չեն առնում անգամ դրա տնտեսական հետևանքները։

Բյուջեի ֆինանսական խնդիրները գնալով սրվում են, անգամ հարկերը բարձրացնելով ու տնտեսությանը խեղդելով՝ չեն կարողանում ապահովել բյուջեով վերցրած, շատ հաճախ՝ պոպուլիզմից բխող պարտավորությունները։

Ստիպված պարտքերն են ավելացնում՝ բյուջետային ծախսերը կատարելու համար։

Բոլոր իշխանություններն էլ պարտքեր վերցրել են, բայց ոչ երբեք՝ այնքան ագահաբար, ինչքան վերցրեցին վերջին տարիներին։ Պարտքն արդեն այնքան են ուռացրել, որ լուրջ ռիսկեր են ստեղծել բյուջեի համար։ Միլիարդավոր դոլարների պարտքեր են վերցնում, որպեսզի կարողանան մի կողմից՝ ստանձնած ծախսային պարտավորությունները կատարել, մյուս կողմից՝ պարտքերը մարել։ Պարտքերով՝ պարտքեր են փակում։

Արդեն չեն կարողանում անգամ այդքան պարտքերի գնով քաղաքացիների սոցիալական վճարները մի քանի հազար դրամով ավելացնել։

Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ու աջակցության նպատակով ներգրավվող գումարները հազիվ բավարարում են նախկին պարտավորությունները կատարելուն։ Երկրորդ տարին է, սոցիալական ծախսերը, մասնավորապես՝ թոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը, թեկուզ մի քանի հազար դրամով չեն ավելացրել։ Այդ պատճառով էլ տարեցտարի սոցիալական խնդիրները խորանում են։ Հաջորդ տարի էլ ավելի շատ զգացնել կտան՝ հատկապես գնաճային ճնշումների ակտիվացման ու սպասվող համատարած թանկացումների պայմաններում։

Տնտեսական իրավիճակի վատացումը մեծացնելու է սոցիալական լարվածությունը։

Կրճատվելու են մարդկանց եկամուտները։ Այլևս չեն կարողանալու շահարկել աշխատավարձերի բարձրացման թեման։ Այս տարի արդեն նկատելի է աշխատավարձերի աճի տեմպի դանդաղում։ Հաջորդ տարի խնդիրն ավելի է խորանալու, երբ տնտեսական իրավիճակը շարունակի վատանալ։

Իշխանությունը, որը ստանձնել էր աղքատության նվազեցման, ծայրահեղ աղքատության վերացման պարտավորություն, առերեսվելու է աղքատության խորացման հետ։ Թեպետ այնպես չէ, որ նախորդ տարիներին աղքատությունը չի խորացել։ Գրեթե 709.000 աղքատ կա Հայաստանում։ Ու այս մարդկանց թիվը 2018թ. համեմատ ավելացել է։ Հաջորդ և առաջիկա տարիներին հաստատապես շարունակելու է ավելանալ։

Սոցիալական իրավիճակի վրա մեծանալու է աշխատաշուկայից փոխանցվող ճնշումը։ Բախվելու են աշխատատեղերի կրճատման հետ։ Գործազրկությունն է ավելանալու, չնայած դա էլ այս տարի հասցրել է ավելանալ։

Առաջիկա ընտրություններից առաջ, այս բոլորը լուրջ մարտահրավեր են դառնալու իշխանությունների համար։ Բարձր տնտեսական աճերի, բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների, աշխատատեղերի ու աշխատավարձերի բարձրացումների, մարդկանց սոցիալական վիճակի բարելավումների վրա այլևս դժվար է լինելու ժողովրդին խաբել ու մանիպուլյացնել։

Ռեսուրսները սպառվում են, դրա համար էլ կրկին վերադարձել են նախկինների թալանին, որն այդպես էլ վեց ու կես տարում միս ու արյուն չդարձավ՝ բացի շոուներից ու բեմականացված ներկայացումների կազմակերպումից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս