Ադրբեջանի կառավարությունը միջազգային կազմակերպություններից խնդրել է 1 միլիարդ դոլարի վարկ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական օգնություն է խնդրել միջազգային կազմակերպություններից, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկն ու Համաշխարհային բանկը, որպեսզի բարելավի երկրի էներգամատակարարումը:
Խոսքը գնում է 1 միլիարդ դոլար վարկի մասին, որի հիմնական մասը՝ 750 միլիոն դոլար, ստանալու հարցով Ադրբեջանի կառավարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին (ADB):
Բաքվում ADB-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ էներգամատակարարման բարելավման նախագիծն առնչվելու է Ադրբեջանի ողջ տարածքին և առաջին հերթին՝ այն շրջաններին, ուր էներգամատակարարման վիճակն ավելի վատթար է:
ADB-ը գումարը հատկացնելու է երեք փոխանցումով: Նախագծի իրագործումը գնահատվում է 1 միլիարդ դոլար, որից 250 միլիոն դոլարն Ադրբեջանի կառավարությունը հատկացնելու է սեփական միջոցներից:
Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից խնդրել է 250-300 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն, սակայն վերջնական որոշումը կայացվելու է մի քանի ամիս անց: