Բորիս Նավասարդյան. Եթե իրականացվի Ռուսաստանի ծրագիրը, ղարաբաղյան հարցը կլուծվի Եվրասիական ռազմավարական տարածքի շահերի օգտին

Եվրասիական միության կայացման դեպքում ղարաբաղյան հարցը կլուծվի այդ նոր միավորի շահերին համապատասխան: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Եվրամիութան Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով` ներկայումս ձևավորվում է մի նոր, պայմանականորեն ասած, Եվրասիական ճամբար, որն իր բնույթով որոշ չափով նման է նախկին սոցիալիստական ճամբարին: Նա հիշեցրեց, որ սոցիալիստական ճամբարի առանձնահատկությունն այն էր, որ Խորհրդային միությունը սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ դեռ 60-ական թթ. կիրառում էր «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինը, այդ երկրները ներքին կյանքում ունեին բավական մեծ ինքնուրույնություն, սակայն ավելի լուրջ, առաջին հերթին արտաքին քաղաքական հարցերում ենթարկվում էին այն ընդհանուր մոտեցումներին, որոնք ձևավորվում էին համակարգի կենտրոնում` Մոսկվայում: Ըստ նրա` Ռուսաստանը, ի դեմս Եվրասիական միության, մոտավորապես նույնը փորձում է անել նաև այսօր, երբ մի շարք նախկին խորհրդային երկրներ ստիպված են ընդառաջել Ռուսաստանին և հրաժարվել իրենց ինքնիշխանության մի մասից:

Այս համատեքստում անդրադառնալով մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրին` Բ. Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ բոլոր հակամարտությունները, որոնք գոյություն ունեն եվրասիական տարածքում, նույնպես կարող են լուծվել «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինի շրջանակներում:

Ղարաբաղյան հարցն, ըստ նրա, այդ առումով բացառություն չէ, և այսօր հիմնական հարցն այն է, թե ինչպիսի հարաբերություններ կկարողանա ձևավորել Ռուսաստանը Ադրբեջանի հետ Եվրասիական համակարգի ներքո, և եթե Ադրբեջանի հետ ձևավորվեն նոր հարաբերություններ, և Ադրբեջանը նույնպես համաձայնի զիջել իր ինքնիշխանությունը որոշ հարցերում, ուրեմն նաև Ղարաբաղի խնդիրը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունն ինքը լուծվելու է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների արդյունքում, այլ այնպիսի շահերի օգտին, որոնք գոյություն ունեն Եվրասիական միության կենտրոնում:

Կարդացեք նաև

Բ. Նավասարդյանի խոսքով` այս ձևաչափը լրջորեն տարբերվելու է այն իրավիճակից, որը կա Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:

«Այս նոր իրավիճակում, եթե իրականացվի Ռուսաստանի ծրագիրը, Մինսկի խմբի համանախագահությունն այլևս չի կարողանա լուրջ ազդեցություն ունենալ խնդրի լուծման վրա, և խնդիրը լուծվելու այնպես, ինչպես ձեռնտու է այս նոր Եվրասիական ռազմավարական տարածքին: Մեզ մոտ շատ են մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում են, որ Ռուսաստանը երբեք չի գործելու Հայաստանի շահերին հակառակ, բայց եթե կասկածի տակ առնենք այդ պնդումը և ելնենք նրանից, որ Ռուսաստանն ամեն դեպքում գործելու է իր շահերին համապատասխան, ապա այստեղ մենք հանդիպում ենք բավական լուրջ վտանգների, և, ուզես, թե չուզես, հիշողություններ են արթնանում` ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի սկզբում, երբ նույնպես կար պատերազմ, հակամարտություն, և Ղարաբաղը վիճելի տարածք էր համարվում:

Եվ, ի վերջո, խնդրի լուծվեց ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի համաձայնության արդյունքում կամ պատերազմի արդյունքներին հապատասխան, ինչպես հիմա մերոնք են ասում` պատերազմի արդյունքներ են հիմնական գործոնն այս խնդրի լուծման համար, բայց ոչ, փաստորեն, եթե այս համակարգը սկսի գործել, ամեն ինչ իրականացվելու է այնպես, ինչպես ձեռնտու է նոր ձևավորվող ռազմավարական միավորի համար: Իսկ միավորի համար արդեն պետք է ներկայացվեն փաստարկներ: Հայաստանը կարող է ներկայացնել իր փաստարկները, իր ազդեցության լծակները, Ադրբեջանը` իր»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս