Հայաստանը փորձում է դառնալ հարթակ Եվրասիական միության և Եվրամիության միջև
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, այսօր կազմակերպված քննարկմանն անդրադառնալով Հայաստանի եվրասիական ընտրությանը և եվրոպական հեռանկարներին, ասաց, թե Հայաստանը վարում «և-և»-ի, այլ ոչ թե «կամ-կամ»-ի քաղաքականություն: Ըստ նրա` Հայաստանի ռազմավարություն ուղղված է մի կողմից պետության և ազգի անվտանգությունը, իսկ մյուս կողմից երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացումն ապահովելուն, այդ իսկ պատճառով` Հայաստանը որոշել է միանալ Մաքսային/Եվրասիական միությանը և միաժամանակ ձգտում է պահպանել ու զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ:
Դեսպանի խոսքին բավական համահունչ էր Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանի ելույթը: Նա նշեց, որ «Օրինաց երկիրը» կողմ է հավասարակշռված արտաքին քաղաքականությանը. «Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ և չունենալ հարաբերություններ Մոսկվայի հետ»:
Իսկ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ավելի շատ խոսեց ոչ թե եվրասիական ընտրության ու Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մասին, այլ պատմաքաղաքակա անդրադարձ կատարեց եվրոպական արժեհամակարգին, համեմատեց դասական Եվրոպան և ներկայիս` «մուլտիկուլտուրալիզմի, մշակութային և կրոնական սինկրետիզմի ազդեցությամբ անճանաչելի դարձած մոդեռնիստական և պոստմոդեռնիստական» Եվրոպան: Հմայակ Հովհաննիսյանը համոզված է Շեքսպիրի, Բայրոնի, Գյոթեի, Մոցարտի, Բեթհովենի, Կանտի, Ռուսսոյի և այլոց Եվրոպան այլևս գոյություն չունի, և մշակութային ինքնությամբ հայտնի ավանդական Եվրոպային եկել է փոխարինելու Եվրամիություն անվան տակ անընդհատ ընդլայնվող մի կոնգլոմերատ, որի դիմանկարը գնալով ավելի ու ավելի է աղճատվում:
Ի տարբերություն Հմայակ Հովհաննիսյանի` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն խոսեց կոնկրետ քաղաքական գործընթացների մասին` առաջին հերթին անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հնարավոր ժամկետներին:
Սաֆարյանը նշեց, որ իրեն զարմացրել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ պայմանագիրը հուլիսի 3-ին, թեև իրականում չկա որևէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի այդ ժամկետը: «Չեմ ուզում ասել, որ սա անտեղյակության նշան է, այլ ավելի շատ նշան է այն բանի, որ պաշտոնական Երևանն ինքն էլ չի հավատում, թե շուտ անդամակցելու է ԵՏՄ-ին»,- ասաց նա: Ըստ Ստեփան Սաֆարյանի` որքան էլ «տրոյկան» (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) իր որոշմամբ ամրագրել է Երևանի միանալը ԵՏՄ-ին, այդուհանդերձ Հայաստանը պաշտոնապես խոսում է Մաքսային միությանը միանալու մասին: Վերլուծաբանը սա ուշագրավ է համարում այն առումով, որն ակնհայտ դարձավ հատկապես Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցից հետո: Ըստ նրա` Հայաստանը, ինչպես ՀՀ նախագահն է արտահայտվել, ակնհայտորեն փորձում է հարթակ դառնալ ԵՏՄ-ի և Եվրոպական միության միջև, Հայաստանը փորձում է դառնալ մուտքի խոսովակ Եվրոպայի համար` դեպի 170 միլիոնանոց եվրասիական շուկա, և միևնույն ժամանակ ակնկալում է, որ կունենա լավ և խորացող հարաբերություններ Եվրոպայի հետ: Ստեփան Սաֆարյանն ասաց, որ թերահավատորեն է վերաբերում այդ հեռանկարին և գոնե կարճաժամկետ կտրվածքով համաձայն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Վերջինս, մինչ այդ արձագանքելով դեսպան Ռենոյի ելույթին, ընդգծել էր, որ եվրոպական ուղին «կամ-կամ» է, այլ ոչ թե «և-և», և Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և´ Եվրամիության, և´ Ռուսաստանի հետ:
«Հարգելի դեսպանն, իհարկե, շատ ավելի լավ ներկայացրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընտրում եվրասիական ուղղությունը, քան ինքը Սերժ Սարգսյանը կարող էր դա անել»,- ասել էր Վարդան Հարությունյանը:
Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` Ռուսաստանը դժվար թե թույլ տա, որ Հայաստանը և նրա նման երկրներն այդպիսի դերակատարություն ստանձնեն Եվրամիության և ԵՏՄ-ի միջև: